ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել են գեղարվեստական և վավերագրական կինոյի անվանի ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանին՝ քննարկելու «Հավերժական լույս» լիբրետոյի կյանքի կոչման և ստեղծագործական փուլի մեկնարկի մանրամասները:
Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Վարպետի նոր ստեղծագործությունը նախատեսվում է ներառել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 2025 թվականի ծրագրում: Մասնավորապես՝ քննարկվում է «Հավերժական լույս» լիբրետոյի առաջնախաղով թատերաշրջանի բացումն իրականացնելու հնարավորությունը: Այդ նպատակով հանդիպում է տեղի ունեցել նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի հետ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով մեծանուն Վարպետի վաստակն ու ներդրումը հայկական կինոյի զարգացման գործում, ընդգծել է՝ «Հավերժական լույս» լիբրետոյի առաջնախաղը, իրավամբ, կարող է դառնալ նոր խաղաշրջանի գլխավոր իրադարձությունը: Նա նշել է, որ Արտավազդ Փելեշյանի նոր ստեղծագործությունն արվեստի տարբեր ճյուղերի հետաքրքիր համադրություն է, և ամեն ինչ պետք է անել, որպեսզի լիբրետոն հասանելի լինի ոչ միայն հայ, այլև համաշխարհային բեմերում:
Արտավազդ Փելեշյանի խոսքով՝ նախապատրաստական աշխատանքները բավական ժամանակատար կլինեն՝ հաշվի առնելով, որ «Հավերժական լույս» լիբրետոն բարդ ստեղծագործություն է:
Արտավազդ Փելեշյանի հետ հանդիպմանը քննարկվել են նաև կինոարտադրության զարգացման ուղղությամբ պետության կողմից իրականացվող քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Բաց մի թողեք
Թուրքական ֆիլմը՝ Օսկարի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում. Լուսանկար
«Կարմիր գծերից» անդին, կամ տոն արարելու վարպետաց դասը․ Լիլիթ Եփրեմյան․ Լուսանկարներ
Ավստրիացի ամենահայտնի նկարիչ Գուստավ Կլիմտը, ում գործերի մեծ մասն աչքի է ընկնում ակնհայտ էրոտիզմով․ Նրա ծննդյան օրն է․ Լուսանկարներ