«Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը, որն իրականացնում է «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնը, այս տարի տոնում է հոբելյանական 10-ամյակը:
Փառատոնի հիմնադիր-ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի երազանքն է եղել ստեղծել այնպիսի փառատոն, որը կմեկտեղի Հայկական ազգային, ավանդական երգի-պարի խմբերին: Փառատոնին մասնակցում են ավանդական երգ ու պարի լավագույն խմբերը, յուրաքանչյուր տարի շուրջ 20 խումբ` թվով 400 և ավելի մասնակից-արտիստ ելույթ են ունենում «Գութանի» բեմում: Փառատոնի բացմանը բոլոր խմբերը միասին ելույթ են ունենում` մոտ 400 արտիստ բեմում, իրենց տարազներով, բեմը ստանում է հայկական գորգի պատկեր, հյուսված միասնական ուժով:
Այս տարի փառատոնի մասնակից խմբերն են` «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Տարոնցիներ», «Նուբար»,«Վերադարձ», «Մասունք», «Տավրոս»/Մասիս/, «Գորանի», «Արեգ», «Սեբաստացիներ», «Մարաթուկցիներ», «Արդվին», «Ծիլք», «Ծովակ», Արցախի «Մենք ենք մեր սարերը»:
Յուրաքանչյուր տարի «Գութան» փառատոնը համալրվում է նոր մասնակից խմբերով: Այս տարի Գութանի բեմում առաջին անգամ ելույթ է ունենալու «Ծովակ» խումբը:
Արսեն Գրիգորյանի խոսքով գութանը արարման գործիք է և անմիջական կապ ունի մեր արարող տեսակի հետ: Եվ պատահական չէ, որ Գութաներգերը մեծ տեղ են գրավում մեր ազգային երգարվեստում: Փառատոնի նպատակն է պահպանել և տարածել հայկական ազգային-ավանդական երգերն ու պարերը, այն ավելի ճանաչելի դարձնել երիտասարդներին ու փոխանցել սերնդեսերունդ:
Փառատոնի սկզբունքներից է օգտագործել բացառապես ազգային նվագարաններ` դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ և այլն: Փառատոնի ընթացքում ցուցադրվում են կարճամետրաժ տեսաֆիլմեր` հայ երգի ու պարի երախտավորների գործունեությանը վերաբերող: Փառատոն մշտապես տեղի է ունենում բացօթյա․ Երևանում՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ), մարզերում: Փառատոնը բացօթյա է և անվճար, որպեսզի հասարակության լայն շրջանակների, այդ թվում Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին հասանելի լինի: Փառատոնի ձևաչափի կարևոր մաս է կազմում նաև նախափառատոնային ինտերակտիվ համերգները՝ Երևանի վարչական շրջաններում և մարզերի գյուղական համայնքներում:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Ռուբեն Քոչարի՝ «Ինքնադիմանկար»-ի վերաբերյալ հնչեցրած կարծիքը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ. Լուսանկարներ