23/12/2024

Կարեն Սարուխանյանն ու Վահագն Մկրտչյանը  քաղաքապետի պաշտոնի հողի վրա Գյումրու ՔՊ գրասենյակում ծեծկռտուք են կազմակերպել

Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին,10-ին կկայանան նախնական ընտրություններ։

Երեկ հայտնեց Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը մտադիր է փրայմերիզ անել, նշանակել Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։

Նա բացատրում է, թե որն է այդ  փրայմերիզը․ «Մենք կխնդրենք, որ  ՔՊ-ի անդամների, համակիրների, համախոհների շրջանակից առաջադրվեն կամ ինքնառաջադրվեն թեկնածուներ, որոնց քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է՝ մերժենք, որից հետո մենք Գյումրիի բնակիչների շրջանում, իհարկե, ոչ բոլորի շրջանում, որոշակի սկզբունքով, ինչ-որ առումով՝ նաև պատահականության սկզբունքով, կիրականացնենք քվեարկություն։

Քվեարկության արդյունքներով հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որը, մեծ հավանականությամբ, կլինի նաև մեր թեկնածուն՝ Գյումրիի ավագանու առաջիկա ընտրություններում»։ Ու մինչ Գյումրու ՔՊ-ականներն իրար են խառնվել, թե իրենցից ով է առաջադրվելու, ՔՊ-ական պատգամվոր Կարեն Սարուխանյանը, որ մինչ այդ  ՔՊ-ի միակ թեկնածուն էր, ֆեյսբուքում խնդրում է համաքաղաքացիներին ակտիվ լինել, հասկանալու՝ արժե դնել թեկնածությունը, թե ոչ։

Այս ֆոնին ուշագրավ է վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի  մորաքրոջ թոռան՝ նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի գրառումը, որը տեղեկացնում է, որ Գյումրու նախնական ընտրություններում ինքնառաջադրվելու է քաղաքապետի թեկնածու։ «ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած ձևաչափը խոսում է երկրի ժողովրդավարական լինելու բարձր մակարդակի մասին»,- գրել է նա:

ՔՊ-ական մեր աղբյուրները պնդում են, որ Կարեն Սարուխանյանին լիկվիդացնելուց հետո Վահագն Մկրտչյանը առաջին պլան է մղվելու եւ անկախ փրայմերիզ կոչվածից, միևնույն է՝ որոշված է՝ Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն վարչապետի կնոջ մորաքրոջ թոռն է, եւ առաջիկայում, ՔՊ-ն օգտագործելով ողջ վարչական ռեսուրսը   ընտրություններին ապահովելու է հենց նրա հաղթանակը։

Ի դեպ, չնայած հերքումներին, Գյումրիում արդեն մի քանի օր է՝ չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Կարեն Սարուխանյանն ու Վահագն Մկրտչյանը  քաղաքապետի պաշտոնի հողի վրա Գյումրու ՔՊ գրասենյակում ծեծկռտուք են կազմակերպել։