14/12/2024

Սիրիայի համար նոր քաղաքացիական պատերա՞զմ է ծրագրվում

Անկարայում ավարտվել են Միացյալ Նահանգների պետքարտուղար Բլինքենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի բանակցությունները, որից հետո անցկացվել է մամուլի ասուլիս:

Դատելով թուրքական լրատվամիջոցների և հատկապես պետական «Անադոլու» գործակալության փոխանցած սուղ տեղեկատվությունից՝ կողմերը որևէ սկազբունքային համաձայնության չեն հանգել:

Թուրքիան պաշտպանում է Սիրիայի ունիտար պետականությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և վճռական է ահաբեկչության դեմ պայքարը շարունակելու հարցում: Բլինքեն-Ֆիդան բանակցությունների բարդության մասին կարելի է ենթադրել թուրքական կողմի այն դիրքորոշմամբ, որ «հնարավոր չէ մի ահաբեկչական կառույցի դեմ պայքարել մյուսի աջակցությամբ»:

Ասվածը «թարգմանաբար» նշանակում է, որ Անկարան չի ընդունում Վաշինգտոնի բացատրությունը, որ Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանում քրդական փաստացի ինքնավարության հետ համագործակցում է, որպեսզի թույլ չտա Իսլամական պետության վերակազմավորում: Թուրքիան ահաբեկչական է որակում թե ԻԼԻՊ-ը, թե «Սիրիայի դեմոկրատան շարժումը»:

ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Վաշինգտոնը կիսում է Քրդական բանվորական կուսակցության զինված խմբավորումների հարցում Թուրքիայի մտահոգությունը, բայց անթույլատրելի է համարում Սիրիայում զինված առճակատումը: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Միացյալ Նահանգները դեմ է Եվրատից արևելք գտնվող սիրիական տարածքներում թուրք-քրդական զինված պայքարին:

Ասուլիսի ավարտին Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ պետքարտուղարի կարգավիճակում Բլինքենը վերջին անգամ է ժամանել Անկարա, շնորհակալություն է հայտնել նրան անցած շրջանում համատեղ աշխատանքի համար, նոր ձեռնարկումներում հաջողություն մաղթել: Մի իրավիճակում, երբ դեմոկրատական վարչակազմի լիազորությունների ավարտին մնում է մեկ ամիս, ԱՄՆ-Թուրքիա կոնկրետ պայմանավորվածություններ չէին կարող ձեռք բերվել:

ԱՄՆ ընտրված նախագահի մերձավորարևելյան քաղաքականության մասին կանխատեսումները տարբեր են, երբեմն՝ տրամագծորեն ներհակ: Պետքարտուղար Բլինքենին, կարծես, հաջողվել է Թուրքիային փոխանցել, որ Սիրիայում հետագա անկայունությունը կվտանգի տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում և Թուրքիայի կայունությունը: Խնդիր է, թե Անկարան որքանո՞վ է ունակ կամ շահագրգռված, որ Սիրիայում միջէթնիկական կամ միջդավանաբական բախումներ չսկսվեն:

Այսպես կոչված «անվտանգության գոտին», որ փաստացի թուրքական օկուպացիոն գոտի է, ունի հինգ միլիոն բնակիչ, որից 70 հազարը զինառյալ է: Ենթարկվու՞մ են նրանք միասնական հրամանատարության, թե գործում են կլանային կազմակերպվածության սկզբունքով՝ հայտնի չէ:

Ոչ ոք չի երաշխավորում, որ Դամասկոսում հաստատված «անցումային կառավարությունը» գոյատևելու է մինչև եկող տարվա մարտի սկիզբը կամ այդ ընթացքում հաջողվելու՞ է Սիրիայում իշխանության կազմակերպման ինկլյուզիվ համակարգ մշակել և հասնել ընտրությունների շուրջ կոնսենսուսի

Չափազանց փխրուն եւ ամեն րոպե պայթյունավտանգ իրավիճակում, կարծես, Իսրայելը որոշել է «կրակին յուղ լցնել»: Էթնիկ դրուզներով բնակեցված գյուղերում և ավաններում անցկացվում են համայնքային համգումարներ: Բնակչության ներկայացուցիչների մի զգալի մասն առաջարկում է դիմել Իսրայելի կառավարությանը և անցնել այդ երկրի հովանու տակ:

Ըստ իսրայելական մամուլի, Դամասկոսից հարավ ընկած այդ բնակավայրերում բարձրացվում է սահմանից այն կողմ՝ Իսրայելի տարածքում, ապրող «դրուզ եղբայրների հետ միավորման և իսլամ ջիհադականներից միասնաբար պատիվ և արժանապատվություն փրկելու» պահանջ: Իսրայելի պաշտոնական շրջանակներից արձագանք առայժմ չկա:

Փաստ է, սակայն, որ դրուզների միավորման հարցն ակտուալացվում է Սիրիայի տարածքում իսրայելական զրահատեխնիկայի և դեսանտային ուժերի ներկայությամբ: Սիրիայի համար նոր քաղաքացիական պատերա՞զմ է ծրագրվում, փլուզումն անխուսափելի՞ է: