Ամանորը հազարամյակների պատմություն ունի, և տարբեր ժամանակաշրջաններում տարբեր ամիսների են մարդիկ այն տոնել: Ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվել տոնի խորհուրդը և խորհրդանիշերը:
Յուրաքանչյուր եկող նոր տարին արդեն նշանավորվում է թրենդային համարվող գույներով, այն, թե ինչ կենդանու է խորհրդանշելու և այլն:
Այսպիսով՝ 2025 թվականը կլինի Կանաչ օձի տարի։ Շատերը վստահ են, որ այն անխուսափելի փոփոխություններ կբերի։ Արևելյան մշակույթում Օձը համարվում է իմաստուն, դիվանագիտական խորհրդանիշ: 2025-ի տարրը փայտն է, որը ներկայացնում է աճ և զարգացում: Ըստ WGSN-ի և Coloro-ի տենդենցային գործակալությունների էլ՝ 2025-ին թրենդային են լինելու խլացված, գրեթե անճանաչելի վարդագույնի, փիրուզագույնի, մարջանի և շողացող դեղինի գույները։ Գրեթե անճանաչելի վարդագույնը խորհրդանշում է հանգստություն, կայունություն, փիրուզագույնը կամրջում է ֆանտազիան իրականության հետ, մարջանը խրախուսում է անգործությունը, շողշողացող դեղինը ոգեշնչված է կենսաբազմազանությունը պաշտպանող վերականգնողական պրակտիկաներով։
Ազգագրագետ Հասմիկ Բաղրամյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում, սակայն, նկատում է՝ գույներին ու տարվա կենդանու խորհրդանիշերին ուշադրություն դարձնել պետք չէ։ Նրա խոսքով՝ դա որևէ կապ չունի հայկական մշակույթի հետ, դրան ավելի շատ ուշադրություն են դարձնում հատկապես Չինաստանում. խորհրդանշանները արևելյան մշակույթի մասն են կազմում։
Վերջինս մանրամասնում է, թե հայկական իրականության մեջ որն է համարվել Ամանորի գույնը. «Մեր մշակույթի հետ տարվա կենդանու, կամ գույների խորհրդանշումը կապ չունի։ Մեր գույնը կարմիրն է եղել ու կա։ Այն ասոցացվում է Որդան կարմիրի հետ։ Կարմիր հագուստով, գույնով մենք ամեն տարի պետք է մուտք գործենք Նոր տարի։ Կարմիրը դեպի քեզ կանչող գույնն է, նորացող կյանքի, նոր սկսվող կյանքի սկիզբը։ Այն նաև խորհրդանշում է ուրախություն։ Հնում կարմիր է եղել հարսի շորը, մեր տարազներն էլ են եղել կարմիր»:
Ըստ նրա՝ հնում Ամանորի նախաշեմին կարմի գույնի գորգ են դնել դռան առջև։
«Սկսած ամսի 22-ից մինչև 23-ը սկսվում էր Կաղանդի շրջանը, տանը շարոցներ էին կախում, սուջուխներ։ Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, «Дед мороз»-ը, այլ Կաղանդ պապը, որը հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով: Նա փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ էր տալիս՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն»։
Հնագույն ժամանակներում ամանորյա ծիսակատարության ժամանակ մառաններից տուն են բերել մրգերի և չրերի շարաններ և կախել առաստաղից, մանրամասնում է ազգագրագետը: Ի տարբերություն ներկայիս առատ սեղանների՝ արգելված է եղել սեղանին ամեն տեսակ մսեղեն դնելը, քանի որ Նոր տարին նշվել է պահքի շրջանում: Սեղանի զարդը համարվել է տանտիկինների պատրաստած Տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվել է գուշակության դրամը՝ դովլաթը։
«Հացը բաժանվում էր 12 մասերի, և դովլաթը բաժին հասած ընտանիքի անդամին Նոր տարում հաջողություններ էին սպասվում: Այսինքն՝ մեծ կլոր գաթա էր, որի մեջ դնում էին լոբի, ինչո՞ւ լոբի, որովհետև լոբին էլ Նոր տարվա խորհրդանիշ էր, նոր սերմ էր համարվում։ Հետո դովլաթը կոտրում էին տան փոքրի մեջքին, բոլորը կանչում էին անտեսանելի հաջողությանը, ասում էին՝ «արի, հաջողություն», և կոտրում էին գաթան։ Ավանդական հայկական սեղանին բնորոշ է եղել նաև անուշապուրը՝ տարբեր չրերով եփված ձավարը, պասուց դոլման, որը պետք է պարունակեր 7 տարբեր հատիկեղեններ»,- նկատում է նա։
Ըստ Բաղրամյանի՝ երեխաները երգելով տնից տուն են գնացել՝ նախնիների բաժինը բերելու համար:
«Գնում էին՝ իմաստավորվելու համար, ում տուն մարդ էր գնում, համարվում էր, որ տունը օրհնվում է, եթե որևէ մեկի տուն չէին գնում, ասում էին՝ այդ մարդու տունը օրհնված չէ։ Հնում հայերը պատրաստել են նաև կճախաշ. կճուճի մեջ ողջ գիշեր եփել են հատիկեղեններ, թոնրի մեջ եփել են տոնական հարիսա՝ որպես նոր սկսվող տարվա երկրագործական աշխատանքների առատության խորհրդանիշ։ Նոր տարուց առաջ մարդիկ պարտադիր պետք է ազատվեին պարտքերից և հաշտվեին նեղացածների հետ, որպեսզի տարին հաջող լիներ: Ամանորի կարևոր իրադարձություն էր տունը մաքրելը: Ոչ միայն մաքրվում էր բնակարանը, այլև անհրաժեշտ էր ազատվել բոլոր հին ու ոչ պետքական իրերից: Դուրս էին նետվում բոլոր անպետք իրերը, նորոգվում՝ քանդված մասերը։ Լվացվում էր ողջ սպասքը, սպիտակեղենը։ Բնակարանը զարդարվում էր գեղագիտական և չարխափան, կամ բարեբեր իրերով։ Տանտիրուհին դռան կողքին մեղրով ու ալյուրով խաչ էր նկարում, որ Նոր տարին առատությամբ ու քաղցրությամբ մտնի տուն։ Պատրաստվում էին նաև հատուկ գուլպաներ՝ երդիկից կախելու և բաժինք հավաքելու համար»,- հնում եղած սովորույթների մասին մանրամասնում է զրուցակիցը:
Նրա խոսքով՝ թեև շատերը հրաժարվել են այս սովորույթներից, սակայն դեռ կան որոշ ընտանիքներ, որոնք պահպանում են այն:
Բաց մի թողեք
Դեկտեմբերի 19-ի աստղագուշակ. Հակասական հոգեվիճակի օր է, տարաձայնությունների
Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. ՆԳՆ-ն մանրամասնել է
Դեկտեմբերի 18-ի աստղագուշակ. Շատ բարձր մակարդակի վրա է ձեր անձնական հմայքը …