Նիկոլ Փաշինյանի հոդվածից հետո Հայաստանի կառավարող ուժի ներկայացուցիչները կրկնում են, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին տալ Նախիջևանի հետ կապվելու ճանապարհ և չկա էսկալացիայի հիմք:
Այն, որ Հայաստանը չի տալիս էսկալացիայի հիմք, առաջնորդվում է խաղաղության օրակարգի տրամաբանությամբ, հասկանալի է, ընկալելի, բայց տարակուսելի է, երբ Հայաստանը գործում է պերմանենտ արդարացումների ռեժիմով, ժամանակ առ ժամանակ «երգչախմբային» տրամաբանությամբ բարձրաձայնելով, որ չկա էսկալացիայի հիմք:
Ինչի՞ համար է անհրաժեշտ այդ պերմանենտ արդարացումների ռեժիմը: Ու՞մ պարզ չէ, որ Հայաստանը չի տալիս էսկալացիայի առիթ: Ո՞ւմ համար են այդ պերմանենտ արդարացումները: Հայաստանի ներքի՞ն լսարանի, հանրության առաջ կանխավ արդարանալով՝ հնարավոր էսկալացիայի համար, թե՞ արտաքին լսարանի առաջ, որ թույլ չտան Ադրբեջանին գնալ որևէ ուժային սադրանքի:
Արտաքին լսարանը հաճա՞խ է մոռանում, որ Հայաստանը հիմք չի տալիս, եթե Երևանը արդարանում է այդքան հաճախ: Եթե իրերի դրությունն այնպիսին է, որ Երևանը ստիպված է գործել պերմանենտ արդարացումների ռեժիմում, ապա դա իրերի վատ՝ շատ վատ դրություն է, որովհետև այդ պրոցեսը բացարձակապես մեխանիկական չէ:
Ինչ-որ պահի ստանդարտ արդարացումները լինելու են արդեն անբավարար, հետևաբար հարց է առաջանալու, թե Հայաստանն էլ ինչպե՞ս է գրավելու արտաքին դերակատարների ուշադրությունը՝ եթե խնդիրը դա է, որ նրանք «չարտոնեն» Ադրբեջանի որևէ սադրանք:
Առավել ևս, որ, այդպիսի մոտիվների առաջացման պարագայում, ըստ էության, ոչ ոք չի էլ նայելու՝ Հայաստանն առիթ տալիս է, թե ոչ: Ինչպես ինքս առիթ եմ ունեցել ասելու, այդպիսի որոշման և քաղաքական միջավայրի ձևավորման պարագայում սադրող կողմն ինքն էլ «կկազմակերպի» առիթը:
Հատկապես, որ միջազգային հարաբերություններում անգամ կույրի համար է տեսանելի, որ հայ-ադրբեջանական հարցում խաղաղության տորպեդահարողը Ադրբեջանն է, որը ապավինում է առավելապաշտությանը, ուժի գործոնին եւ շանտաժին:
Այլ հարց է՝ աչք և ականջ ունեցողները դա ուզում են տեսնել և լսել, թե՞ ոչ: Եթե չեն ուզում, ապա հազիվ թե նրանց որևէ բան ասի Հայաստանի վարչապետի հոդվածը: Հետևաբար, քարոզչական էֆեկտից զատ, ո՞րն է պաշտոնական Երևանի այդօրինակ վարքագծի քաղաքական էֆեկտը:
Որքան հաճախակիանում են Նիկոլ Փաշինյանի հոդվածները, իսկ նա, հիշեցնեմ, դեռ ամբողջ մեկ ամիսը չլրացած գրում է փաստորեն երկրորդը, այնքան տպավորություն է, որ դրանց քաղաքական էֆեկտիվությունը ձգտում է զրոյի:
Այլապես, պետությունների ղեկավարների պրակտիկայում հոդվածներով հանդես գալը որոշակիորեն բացառիկ երևույթ է, այլ ոչ թե ընթացիկ գործիքակազմ:
Բաց մի թողեք
Ինչու է Հայաստանը մեկուսանում միջազգային իրադարձություններից, ինչ սպասել ․․․
Դոնալդ Թրամփն «արտոնում է» Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան
Ադրբեջանի ցինիզմը սահմաններ չի ճանաչում, իրենք դատում են, ՀՀ-ից պահանջում հայցերը ետ կանչել