ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել Նախարարների կաբինետի հետ և հայտարարել, որ կադրային քաղաքականության հարցերում վերջին խոսքը դաշնային գերատեսչությունների ղեկավարներինն է, այլ ոչ թե Իլոն Մասկինը։
CNN-ի փոխանցմամբ՝ Թրամփի հանդիպումը դաշնային գերատեսչությունների ղեկավարների հետ ընթացել է առանց տեսախցիկների և տևել է 90 րոպե։
Թրամփը, մասնավորապես, ասել է, որ թեև լիովին աջակցում է Մասկի ջանքերին՝ կրճատելու դաշնային կառավարության անձնակազմի թիվը և ծախսերը, միլիարդատերը և կառավարության արդյունավետության վարչությունը, որը նա ղեկավարում է, պետք է միայն խորհրդատվական դեր ունենան:
Թրամփը Սպիտակ տան հանդիպումից հետո Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ չի հրաժարվում պետական աշխատողների թվի կրճատման գաղափարից, այլ կարևոր է համարում լավագույն և ամենաարդյունավետ աշխատակիցներին պահելը։
Մասկը, որը նույնպես մասնակցել է հանդիպմանը, հասկացրել է, որ համաձայն է Թրամփի հրամանին։ Ըստ Politico-ի՝ գործարարը նույնիսկ խոստովանել է, որ իր գերատեսչությունը «որոշ սխալներ է թույլ տվել»։
Ինչպես նշում է CNN-ը, այդ հանդիպումը նախագահի կողմից Մասկի լայն լիազորությունները սահմանափակելու առաջին օրինակներից մեկն էր։ Politico-ն էլ եզրակացնում է, որ սա առաջին կարևոր քայլն է Մասկի մանդատը սահմանափակելու հարցում, որը նախկինում նախաձեռնել էր ամերիկյան կառավարության աշխատակիցների լայնածավալ կրճատումներ։
Ըստ BBC-ի, վերջին շաբաթների ընթացքում Թրամփի վարչակազմը աշխատանքից ազատել է տասնյակ հազարավոր դաշնային աշխատողների:

Բաց մի թողեք
Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ
Միջանկյալ ընտրություններ. Պիչերոնոն կմնա պաշտոնում՝ չնայած սոցիալիստների կողմից հրաժարական տալու ճնշմանը
ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են Ուկրաինային 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր խոստումը