10/03/2025

Եվրադաշինքից Գյումրու քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանի ծավալուն արձագանքը Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին

Գյումրիի քաղաքապետի թեկնածուներից մյուսների արձագանքը՝ հաջորդիվ։

Հարգելի ժողովուրդ, Ն. Փաշինյանի երեկվա հայտարարության մասին երեկ ուշ երեկոյան հաղորդմանս մեջ բավականին հանգամանալից խոսել եմ, նախորդ հրապարակմանս մեջ է, կարող եք լսել: Ինձ թվաց, թե լրացուցիչ պարզաբանումների կարիք չկա, որ իբր, ես էլ, որպես թեկնածու ապօրինի գույքիս պաշտպանության կռիվ եմ տալիս ռոբական, սերժական, փեսայական հանրության հետ:

Սակայն, տեսնելով մի քանի հարգելի գործընկերների տեքստերը այն մասին, թե «հաստատ ձեզ ի նկատի չի ունեցել…», «ասաց՝ որոշ մարդիկ…» եւ ոչ թե բոլորը, հասկանում եմ, որ իրենց էլ դուր չի եկել Փաշինյանի այդ պարսավանքը, մասնավորաբար, ինձ (ու հնարավոր է Եվրադաշինք կազմած երեք կուսակություններին) ուղղված, ուզում են, որ այդպես արտահայտված չլիներ, «խառն է խոսել …» եւ այլն, հասկացա, որ հաղորդման միջի բացատրությունն իր տեղն ունի, եւ հարկավոր է գրավոր հայտարարություն էլ անել Փաշինյանի ասածների մասին եւ բացատրել իմ ընկալումն ու գնահատականը:

Ներողություն կասի ընդհանրացման եւ զրպարտության համար, թե չի ասի՝ հատուցվելու է, տարակույս չունենաք:

Այս մասին ֆեյսբոքյան իր էջում գրել է Գյումրու քաղաքապետ – ավագանու ընտրություններում Եվրադաշինքի համամասնական ընտրացուցալը գլխավորող, Ասպարեզ մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Գյումրու ավագանու ընտրություններում Եվրադաշինքի քաղաքապետի թեկնածու Լեւոն Բարսեղյանի հայտարարությունը վարչապետ Փաշինյանի մեղադրանքի մասին
Վարչապետ Փաշինյանը մարտի 9-ին Գյումրիում, ավագանու արտահերթ ընտրությունների ոչպաշտոնական քարոզարշավում ունեցած իր ելույթում հայտարարել է. «Նրանք, ովքեր արդեն ինքնահայտարարագրվել են Գյումրիի ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունը ընդամենը ունի մի համատեքստ. Նրանք դուրս են էկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին եւ վերջին ճակատամարտին: Նրանք դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելու վերջին մարտին ու ճակատամարտին: Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-350 մլն դոլարի ապօրինի ձեռքբերված գույք, որը սպասվում է վերադարձի Հայաստանի Հանրապետությանը եւ ժողովրդին ի սեփականություն: Ընդ որում հայտնի են՝ ումն են էդ գույքերը: Դրանք Միշիկի գույքերն են, դրանք Վարդանիկի գույքերն են, դրանք Ռոբիկի գույքերն են, եւ դրանք Սերժիկի գույքերն են»:

Գյումրիում առաջադրվել է 9 քաղաքական ուժ իրենց քաղաքապետերի թեկնածուներով: Վերոհիշյալ հայտարարությամբ Փաշինյանը ՔՊ թեկնածուի բոլոր մրցակիցներին թիրախավորել է ծանր մեղադրանքով, թե նրանք, «…դուրս են էկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին եւ վերջին ճակատամարտին»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես էլ եմ այս ընտրություններում թեկնածու, եւ առաջադրվել էի այդ ելույթից 4 օր առաջ, այդ նա մեղադրանքը վերաբերում է նաեւ ինձ:

Անկախ այն հանգամանքից, թե քանի թեկնածուի մասին է տեղյակ եղել Ն.Փաշինյանը ելույթի պահին, անկախ այն հանգամանքից, թե ինչ հռետորաբանական հնարք է կամեցել կիրառել ու ինչ մտքի թռիչք է ունեցել այդ պահին, անկախ այն հանգամանքից, թե ովքեր են իր խորհրդատուները նման բան հայտարարելու համար, այդ հայտարարությունը իմ հասցեին զրպարտչական է, չնայած անվանական չէ: Առնվազն տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ բացի մեր անձնական մոտավորապես 25-ամյա ծանոթությունը, վարչապետը, պաշտոնի բերումով տիրապետում է ապօրինի գույքի եւ հարակցությունների մասին տեղեկություններին ու անհնար էր, որ չիմանար, որ իմ գույքերից որեւէ մեկը չի քննվում որպես ապօրինի ծագման գույք: Բացի այդ, վարչապետը տեղյակ է, թե ես եւ իմ ընտանիքը ինչպիսի զրկանքներ ու տառապանքներ ենք կրել իր նշած անձանց իշխանավարության տարիներին: Այդով հանդերձ, գուցե ի նկատի ունենալով այլոց, նաեւ իմ մասին է խոսել այդ մարդկանց հետ կապակցվածություն մատնանշող նվաստացուցիչ ենթատեքստով:

Ես որպես հարկատու պարտավոր չեմ բացատրել վարչապետին, որ այս օրերին այդպիսի հայտարարությունները բարդացնում են առանց այն էլ ապատեղակատվական եւ մանիպուլյատիվ քարոզչական մթնոլորտը, բայց հանուն քաղաքի, Հայաստանի հանրապետության եւ քաղաքական մշակույթի բարձր որակի, ստիպված եմ մի քանի կոչ անել.

1. Պետական բարձր պաշտոնյան պարտավոր է պատասխանատու լինել իր հայտարարությունների եւ գործողությունների համար: Այս համատեքստում արժեքավոր կլիներ իր պարզաբանող եւ ափսոսանքի հայտարարությունը վերոհիշյալի մասին:

2. Հրապարակային մեղադրանքները անել աներկբա մատնանշումներով եւ հիմնավոր կերպով: Հակառակի հետեւանքով ձախողումների օրինակները («Մարտի մեկն ամբողջ ծավալով բացահայտված է…», «ես նման բան չեմ ասել», Ն.Փ.) վարկաբեկում են նմանատիպ հայտարություններն անողներին: Միաժամանակ, կարեւոր է այդ հայտարարություններն անելիս չվնասել հնարավոր իրավական գործընթացները, քննությունները եւ դատավարությունները:

3. Այդօրինակ ճառերից առաջ խորհրդակցել բանիմաց մարդկանց, խորհրդականների եւ օգնականների հետ, խուսափելու համար ամոթալի վրիպումներից, եթե իհարկե դիտավորություն չէր արածը:

30 րոպե տեւած ելույթի մյուս դրվագներին (ապօրինի գույքը ինստիտուցիոնալ եղանակով ենք վերադարձնում, այդ պատճառով է ուշանում, ռենջ-առ-ռենջ ենք վերադարձնելու…, Գյումրեցին ա որոշել, որ Սարիկ Մինասյանը պետք է լինի Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար …,

Գյումրեցիները պիտի ընտրեն իրենց ընտրածներին…) անդրադարձել եմ եւ կանդրադառնամ որպես քաղաքական նպատակահարմարությունից բխած տեքստերի:

Լեւոն Բարսեղյան, Եվրադաշինքից Գյումրու քաղաքապետի թեկնածու