Հայտնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան բարեգործական նախաձեռնության շրջանակում Երևանում կներկայացնի «Սիրո մետաֆիզիկա» ներկայացումը, որի ամբողջ հասույթը կփոխանցվի «City of Smile» հիմնադրամին` ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների դեմ պայքարող երեխաներին աջակցելու համար։
Այդ մասին հայտնի արտիստը հայտնել է Երևանում կայացած ասուլիսի ժամանակ։
Մոսկվայի Ազգերի թատրոնի ներկայացումը կցուցադրվի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում սեպտեմբերի 19–ին` ժամը 18:00-ին և 20:00-ին։
«Սիրո մետաֆիզիկան» հիմնված է Սերգեյ Սոլովյովի սցենարի վրա և նվիրված է Իվան Տուրգենևի ու Պոլինա Վիարդոյի բարդ հարաբերություններին. «Արդեն 6 տարի է` ես և դերասան Վլադիմիր Կոշևոյն այս ներկայացումը գրեթե 70 անգամ խաղացել ենք տարբեր բեմերում։ Ես շատ էի ուզում ներկայացման կյանքը դադարեցնելուց առաջ այն խաղալ Երևանում։ Սովորաբար արտիստները շատ դժվար են հրաժեշտ տալիս ներկայացմանը, բայց դա իհարկե անխուսափելի է, քանի որ Մոսկվայի «Ազգերի թատրոնը» մի շարք պրեմիերաներ ունի»։
Պատասխանելով հարցին, թե ինչով է հայ հանդիսատեսի համար խաղը տարբերվելու մյուս խաղերից` Սպիվակովան նշեց, որ Երևանում պատասխանատվությունն ավելի մեծ է. «Երբ գալիս եմ Հայաստան, ու օդանավից բացվում է Արարատի տեսարանն իր ամբողջ գեղեցկությամբ, ես վերածնվում եմ, իմ մեջ ինչ–որ բան փոփոխվում է։ Դա բառերով չես բացատրի։ Երբ քայլում եմ Երևանի փողոցներում, կարծես հայտնվում են անցյալի ուրվականները։ Թե ինչով է Երևանում մեր խաղը տարբերվելու, ամենայն հավանականությամբ այստեղ ավելի մեծ է պատասխանատվության զգացումը»։







Բաց մի թողեք
«Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում Ուկրաինան և Վրաստանը կներկայացնեն հայազգի պատանիներ. Լուսանկարներ
Կոմիտաս վարդապետը կսրբադասվի ՀԱԵ-ի կողմից
Բախից մինչև իսպանական բարոկկո և Կոմիտաս․ Խուան դե լա Ռուբիայի մենահամերգը Երևանում. Լուսանկարներ