Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային երրորդ փառատոնի հանդիսավոր բացման համերգը` նվիրված Կոմիտասին:
Երեկոյի յուրաքանչյուր ելույթ բացահայտում էր ու ապացուցում, որ երգեհոնի հսկայական մասշտաբը չի սահմանափակվում միայն հանդիսավոր հիմներով կամ Բախի ֆուգաներով:
Երգեհոնահարները ցուցադրեցին ուշագրավ ստեղծագործականություն, որոնք լցնում էին տարածքը հարուստ, ալիքավոր հնչողությամբ: Հատկապես կարևոր էր տրամադրության փոփոխությունը՝ կատարումից – կատարում, հատկապես երբ երգեհոնային հոգևոր նվագը զուգակցվում էր ազգային ու դասական երաժշտագործիքների կատարման հետ․ «Ի՞նչ հրաշալի սեր էր»։
Համերգը սկսվեց մեդիտատիվ, գրեթե փխրուն միջավայրով, նախքան հզոր, կամերային տաճարը ցնցող գագաթնակետին հասցնելը, որը և՛ հուզականորեն լիցքավորված էր, և՛ խորապես հարգալից:
Երեկոն իսկապես կենդանացավ բարձրարվեստ նվագներով։ Երգեհոնի պայծառ, հստակ ու թովիչ շեփորի և բլուլի դադարների օգտագործումը ավանդական մեղեդիներին հաղորդում էր ցնծալի, որակ, ինչը վարակիչ էր։ Իսկ ակուստիկ միջավայրը՝ կամերային տաճարը լրացրեց նոր գույներով։ Երգեհոնի խողովակները ստեղծում էին այնպիսի զգացողություն, կարծես երաժշտությունը բխում էր հենց ճարտարապետությունից։ Գործիքի ունակությունը՝ կանչելու հյուսվածքների այդքան լայն տեսականի՝ շշուկից մինչև մռնչյուն, վարպետորեն օգտագործվել էր նաև կոմիտասյան ժողովրդական երգերի պատմությունները պատմելու այնպես յուրահատուկ ու ինքնատիպ։
Համերգը երգեհոնի բազմակողմանիության և ժողովրդական երաժշտության անժամանակ ուժի փայլուն ցուցադրություն էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիմոն Սարգսյանը։
Համերգի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես են եկել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն, փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմեն Սուքիասյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանը։
Արմեն Սուքիասյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը և գործընկեր կազմակերպություններին՝ փառատոնի գաղափարը ողջունելու և իրականացմանն աջակցելու համար։ Նա ընդգծել է, որ Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը նոր շունչ է հաղորդել Հայաստանում երգեհոնային արվեստին։
Տարիների ընթացքում ձևավորվել է նվիրված հանդիսատես, որի թվում հատկապես շատ են երիտասարդները, ինչը չափազանց ոգևորիչ է։ Սուքիասյանը կարևոր ձեռքբերում է համարել նաև այն, որ փառատոնը արդեն զբաղեցնում է իր ուրույն տեղը համաշխարհային փառատոնային քարտեզում․ տարբեր երկրներից հայտնի երգեհոնահարներ նամակներ են ուղարկում՝ մասնակցելու ցանկություն հայտնելով։ Ամփոփելով իր խոսքը՝ նա դիմել է դահլիճում ներկա կոմպոզիտորներին՝ ընդգծելով, որ երգեհոնահարները սպասում են նոր ստեղծագործությունների։
Սվետլանա Սահակյանը, շնորհավորելով կազմակերպիչներին, մասնակիցներին և հանդիսատեսին, նշել է, որ փառատոնն այս երեք տարիների ընթացքում գրանցել է նշանակալի առաջընթաց մի քանի ուղղություններով։ Նրա խոսքով՝ Վահագն Ստամբոլցյանի երգեհոնային դպրոցը փառատոնի շնորհիվ ոչ միայն կենդանանում է, այլև շարունակում է զարգանալ՝ ընդլայնելով իր աշխարհագրությունը ոչ միայն Հայաստանում՝ փառատոնը տանելով մարզեր, այլ նաև միջազգային համաբավ ունեցող երգեհոնահարներին հրավիրելով Հայաստան։
Այս տարի փառատոնին մասնակցում են երգեհոնային դպրոցի այնպիսի ավանդույթներ ունեցեղ երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, ինչը, ըստ Սահակյանի, մեծ պատիվ է։ Նրա համոզմամբ՝ այսպիսի համագործակցությունները կարևոր հնարավորություն են փորձի փոխանակման և մասնագիտական գիտելիքների կատարելագործման համատեքստում՝ հայ երիտասարդ երգեհոնահարների ու դպրոցի ավանդույթների շարունակողների համար։
Փառատոնի բացման համերգին հայ երգեհոնահարները և հրավիրյալ երաժիշտները ներկայացրել են Կոմիտասի, Ներսես Շնորհալու, Մակար Եկմալյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի և այլ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Ծրագիրը ներկայացնում էր հայ հոգևոր և ազգային երաժշտական ժառանգության բազմազան երանգները՝ երգեհոնի և այլ գործիքների՝ թավջութակի, բլուլի և շեփորի գեղեցիկ համադրությամբ։
Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներին զուգահեռ ցուցադրվել են Արդեան արվեստի կենտրոնի տնօրեն, ճարտարապետ, դիզայներ և գեղանկարիչ Վազգեն Բրուտյանի աշխատանքները, որոնք համերգին հաղորդել են յուրահատուկ շունչ և տրամադրություն։
Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային երրորդ փառատոնն այս տարի անցկացվելու է սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ Երևանում, Կապանում և Չարենցավանում, Հայաստան կժամանեն Փարիզի Աստվածամոր տաճարի տիտղոսավոր երգեհոնահար Վենսան Դյուբուան, բրիտանացի առաջատար երգեհոնահար Ջոնաթան Սքոթը, Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա բազիլիկայի գլխավոր երգեհոնահար Խուան Դե Լա Ռուբիան, Ռոտերդամի քաղաքային երգեհոնահար Ադրիան Հոեկը։
Փառատոնի շրջանակում հաջորդ համերգը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին. մենահամերգով հանդես կգա Փարիզի Աստվածամոր տաճարի տիտղոսավոր երգեհոնահար Վենսան Դյուբուան։
Փառատոնն իրականացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Բաց մի թողեք
Կոմիտասը հայ է, բայց աշխարհինն է, բոլորինը, մարդկությանը. Նրա ծննդյան օրն է այսօր․ Գեղանկար, Տեսանյութ
Մանկական արվեստի թանգարանը վերաբացվում է. Լուսանկարներ
Մեկնարկում է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային երրորդ փառատոնը. Տեսանյութ