27/09/2025

Մանկական արվեստի թանգարանը վերաբացվում է. Լուսանկարներ

Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ այսօր՝ սեպտեմբերի 25-ին պաշտոնապես կվերաբացվի Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական արվեստի թանգարանը: Երկար տարիներ անց վերջապես թանգարանին են վերադարձվել իր իրական տարածքները, և այսուհետ այն կգործի իր ողջ ներուժով:

Վերանորոգման, ֆունկցիոնալ առումով վերաիմաստավորման ու վերազինման աշխատանքներից հետո Մանկական արվեստի թանգարանն այսօր ներկայանում է նոր շնչով ու հնարավորություններով, բայց հավատարիմ իր հիմնադիրների՝ Հենրիկ Իգիթյանի և Ժաննա Աղամիրյանի սկզբունքներին ու տեսլականին:

Հենց նրանք 1968 թվականին Նկարիչների տանը բացված «Աշխարհը երեխաների աչքերով» ցուցահանդեսով դրեցին աշխարհում առաջին մանկական պատկերասրահի հիմնաքարը՝ բերելով նոր մշակույթ ու կոնցեպտ:

Թանգարանը մանկական երևակայության, վառ ձևերի ու գույների խտացման վայր է: Այստեղ ներկայացված են Գեղագիտության ազգային կենտրոնի բոլոր տարիների սաների լավագույն աշխատանքները, տարբեր թեմաներով արված նախագծեր, թանգարանի «ոսկե ֆոնդը», շուտով կվերաբացվի նաև միջազգային բաժինը:

Ցուցադրված աշխատանքների հեղինակներն արդեն վաղուց երեխա չեն, նրանցից ոմանք այսօր հայտնի անուններ են «մեծ» արվեստի աշխարհում: Ներկայացված են նաև այսօր իրենց մանկությունն ապրող երեխաների գունեղ գործերը: Հիմնական ցուցադրությունից բացի, թանգարանի առաջին սրահում պարբերաբար անցկացվելու են նաև ժամանակավոր ցուցահանդեսներ: Վերաբացման առթիվ այնտեղ ցուցադրվելու է «Սասնա ծռեր» էպոսին նվիրված բազմաժանր ցուցադրությունը:

Հայաստանի մանկական արվեստի թանգարանում այսուհետ ոչ միայն կարող եք դիտել երեխաների կողմից ստեղծված արվեստը, այլև ինքներդ ստեղծել արվեստ: Այստեղ կան աշխատարանների, վարպետության դասերի, արվեստային տարբեր միջոցառումների համար նախատեսված տարածքներ տարբեր տարիքի անձանց համար:

Այդ ամենն իրականացվելու է ԱՐՏԱԿԱՐԳ արվեստի հարթակի միջոցով: Այն հիմնադրվել է հստակ ու հավակնոտ առաքելությամբ՝ ստեղծելու նորարարական, ներառական և բազմաֆունկցիոնալ մշակութային և կրթական տարածք, որտեղ տարբեր տարիքի, մասնագիտության և հետաքրքրությունների տեր մարդիկ կարող են ուսումնասիրել, արտահայտվել և զարգանալ արվեստի փոխակերպող ուժի միջոցով։

ԱՐՏԱԿԱՐԳ արվեստի հարթակի առանցքում Գեղագիտության ազգային կենտրոնի հարուստ մանկավարժական փորձը, միջազգային համագործակցությունները և մանկական արվեստի խթանման համաշխարհային նվաճումներն են։ Այդ ամենը հիմնված է կենտրոնի հարուստ ժառանգության վրա, որն ավելի քան հինգ տասնամյակ Հայաստանի մշակութային և կրթական ոլորտի անկյունաքարն է:

Մանկական արվեստի թանգարանում գործելու է նաև գրադարան-գրախանութ, որտեղ կարող եք ոչ միայն ուսումնասիրել արվեստին առնչվող տարատեսակ գրականություն, այլև ձեռք բերել Գեղագիտության ազգային կենտրոնի տարբեր տարիների լավագույն հրատարակությունները:
Բովանդակային վերազինումից բացի, Թանգարանը վերանորոգումից հետո ֆիզիկապես դարձել է ներառական ու մատչելի տարածք բոլորի համար:

Ներդրվել է վերելակ, որի օգնությամբ բոլորն առանց խոչընդոտների կկարողանան շրջել թանգարանի երկու հարկերով ու սրահներով:

Մանկական արվեստի թանգարանի վերածնունդը հնարավոր է դարձել «Հովնանյան» հիմնադրամի աջակցությամբ և Artbox HUB ծրագրի շրջանակներում տրամադրված դրամաշնորհով:

Artbox-ը ստեղծվել է Creative Armenia-ի կողմից և իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակներում։

Համեցեք Մանակական արվեստի թանգարան՝ ոգեշնչվելու և արարելու: Մուտքը՝ Սայաթ-Նովա փողոցի կողմից: