29/10/2025

Բանկային համակարգո՞ւմ էլ է «բարդակ» տիրում

Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած առևտրային բանկը զանգահարում է քաղաքացուն և տեղեկացնում, որ քաղաքացու անունով բանկը վարկ է ձևակերպել։

Տեղեկացնում է, որ տեղյակ են, որ այդ քաղաքացին չէ՛, որ դիմել է վարկի համար։ Տեղեկացնում է, որ այդ վարկը բանկը ձևակերպել է կեղծ նույնականացման քարտի հիման վրա։ Տեղեկացնում է, որ այդ գումարը բանկը փոխանցել է քաղաքացու հետ կապ չունեցող հաշվեհամարի։

Քաղաքացուն նման զեղծարարության մեջ ներգրավելու համար ներողություն խնդրելու փոխարեն, բանկը առաջարկում է քաղաքացուն հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, այլապես քաղաքացու տվյալները կփոխանցվեն համապատասխան գործակալությանը՝ վարկային պատմությունը փչացնելու հետևանքով։

Այլ կերպ ասած բանկը տեղեկացնում է մարդուն, ով երբևէ իրենց հետ չի առնչվել, թե նա բանկին գումար է պարտք, բայց այդ գումարը ի սկզբանե բանկը փոխանցել է այլ անձի։

Այժմ դիմում եմ ՀՀ Կենտրոնական Բանկին։ Արդյո՞ք «Յունիբանկ» ԲԲԸ-ին լիցենզիա տրամադրելիս նկատել են նման ընթացակարգեր, որոնք հնարավորություն են տալիս բանկին՝ քաղաքացու անունով, առանց իր մասնակցության, կեղծ նույնականացման քարտով վարկ ձևակերպել։

Արդյո՞ք հնարավոր է նման զեղծարարություն իրականացնել առանց բանկի գիտության և ուղիղ ներգրավվածության։

Եվ վերջապես ինչո՞ւ է Հայաստանի իրավապահ համակարգը հասել այս օրին, որ օրը ցերեկով մարդուն կարող են տեղեկացնել, որ իր անձը հաստատող փաստաթուղթը կեղծվել է և այդ կեղծ փաստաթղթի հիման վրա նա այլևս բանկին գումար է պարտք։

Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան էջից