02/12/2025

Օպերային դիվա Ալբինա Շագիմուրատովան հանդես եկավ Երևանում. Լուսանկարներ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրընկալեց Գլինկայի անվան Վոկալիստների XXVII միջազգային մրցույթի դափնեկիրներին՝ մեր օրերի ականավոր սոպրանո Ալբինա Շագիմուրատովայի գլխավորությամբ (մրցույթի ժյուրիի նախագահ):

Նրանց մասնակցությամբ՝ նոյեմբերի 28-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած համերգը Շագիմուրատովայի և դափնեկիրների աննախադեպ շրջագայության մի մասն է, որն այժմ տեղի է ունենում Ռուսաստանի տարբեր քաղաքներում, ինչպես նաև Բելառուսում և Ղազախստանում:

Գլինկայի հեղինակավոր մրցույթը, որն անցյալ դարում կազմակերպվել էր Ռուսաստանում Իրինա Արխիպովայի անմիջական մասնակցությամբ, այժմ վերածնունդ է ապրում մի քանի տարվա մոռացությունից հետո: Մեծ երգչուհու հոբելյանական տարում հսկայական ջանքեր են գործադրվել միջազգային մակարդակով ցույց տալու նրա աշխատանքի պտուղները և ժամանակակից դասական երաժշտության կատարման լավագույն օրինակները:

Գլինկայի մրցույթում ավանդաբար միշտ փայլել և մրցանակների են արժանացել նաև հայազգի օպերային երգիչները, որոնց թվում կարկառուն անուններից են Գեղամ Գրիգորյանը (1975), Արաքս Դավթյանը (1979), Բարսեղ Թումանյանը (1979):

Ալբինա Շագիմուրատովայի փոխանցմամբ՝ Գլինկայի մրցույթը, որպես մասնակից, իր առաջին մրցույթն է եղել. «Ես Մոսկվայի կոնսերվատորիայի հինգերորդ կուրսի ուսանողուհի էի, և Իրինա Արխիպովան ժյուրիի նախագահն էր։ Իմ առաջին մրցույթը, և անմիջապես՝ առաջին մրցանակ։ Դա մեծ խթան էր իմ կարիերայի համար։ Իրինա Կոնստանտինովնայի հետ hանդիպումը, և նրա խոսքերը. «Դու կերգես ամբողջ աշխարհում և անպայման կմասնակցես Չայկովսկու մրցույթին», – օգնեց ինձ հավատալ ուժերիս։

Ընդհանուր առմամբ, Գլինկայի և Չայկովսկու մրցույթները մեր երկրի երկու մեծ մրցույթներ են, որոնք սկիզբ են առնում դեռևս խորհրդային ժամանակներից։ Գլինկայի անվան Վոկալիստների մրցույթը կարևոր դեր է խաղացել շատ անվանի երգիչների կայացման գործում, և սա մեր մեծ պատմությունն է։ Նոյեմբերի 28-ին Երևանում կայացած համերգը մեծ հաջողությամբ անցավ։ Դահլիճում ներկա էին ոչ միայն վոկալիստներ, երաժիշտներ, այլև սովորական հանդիսատես, ովքեր մասնագիտական առումով կապ չունեն արվեստի հետ. ներկա էին արտասահմանյան պատվիրակությունների և ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչներ: Ես շատ ուրախ եմ, որ այս մրցույթի անունը հնչեց հայկական հողի վրա։ Դահլիճը լեփ-լեցուն էր, ինչը շատ բանի մասին է խոսում։ Հատկապես ուրախալի է, որ մենք ելույթ ունեցանք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-րդ հոբելյանական համերգաշրջանում: Նվագախմբին մաղթում եմ երկարակեցություն և բարգավաճում, միջազգային նշանակալից շրջագայություններ:

Համերգին ռուսական և եվրոպական օպերաների հայտնի արիաներից և զուգերգերից բացի, նվագախումբը կատարեց Խաչատրյանի և Միրզոյանի ստեղծագործությունները: Ես ուղղակի զմայլվեցի այդ երաժշտությամբ, որքան նուրբ և խորապես հուզվիչ է այն:

Նվագախումբը շատ նրբացգաց էր և շատ զգայուն կերպով նվագակցում էր ինձ և իմ գործընկերներին: Սա, իհարկե, Էդուարդ Թոփչյանի մեծ վաստակն է: Երևանյան համերգն արդեն մեր երկրորդ հանդիպումն էր այս նուրբ, զգայուն և ուշադիր դիրիժորի հետ, նման երաժիշտի հաճախ չես հանդիպի: Ուրախ եմ մեր համագործակցության համար, մաղթում եմ և՛ մաեստրոյին, և՛ նվագախմբին շարունակական հաջողություններ»:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ​​ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն այս կարևոր իրադարձության հետ կածված նշում է. «Ես առաջին անգամ Ալբինա Շագիմուրատովային հանդիպեցի 2022-ին՝ Դմիտրի Խվորոստովսկու փառատոնին: Մենք միասին ելույթ ունեցանք մեծ համերգային ծրագրով:

Իհարկե, ես միշտ հիացել եմ նրա արվեստով, բայց այդ համերգն ինձ վրա անմոռանալի տպավորություն թողեց: Շագիմուրատովան օժտված է աստվածային գեղեցկության ձայնով, որին նա տիրապետում է ապշեցուցիչ, կատարյալ կատարողական վարպետությամբ, ինչը հազվադեպ հանդիպող երևույթ է մեր օրերում:

Երբ ինձ առաջարկեցին նրան հյուրընկալել Երևանում, ես անմիջապես համաձայնեցի՝ հրաշալի համերգի և այս մեծ երգչուհու արվեստը կրկին հաղորդակցվելու ակնկալիքով: Վստահ էի, որ նրա ղեկավարությամբ ընտրված երգիչները, որոնք Գլինկայի անվան Վոկալիստների միջազգային մրցույթի հաղթողներ են, նույնպես հիանալի ելույթ կունենան, և ես չսխալվեցի»:

Նոյեմբերի 28-ի համերգին մասնակցեցին Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Ալբինա Շագիմուրատովան և մրցույթի դափնեկիրներ Իվան Բորոդուլինը, Իոսիֆ Նիկիտենկոն, Միրոսլավ Մոլչանովը և Դանիլ Սախարովը: Ելույթ ունեցավ նաև Բելառուսի Մեծ թատրոնի մեներգչուհի Դարյա Գորոժանկոն։