02/12/2025

Լույս է տեսել նոր երաժշտական ուսումնամեթոդական ձեռնարկ․ Լուսանկար

«Անսամբլային կատարողականության արվեստ» ուսումնամեթոդական ձեռնարկը, որը պրոֆեսոր, արվեստի պատմության գիտությունների թեկնածու Իրինա Կրասոտինայի հեղինակած ձեռնարկն է, թարգմանվել է հայերեն:

Ձեռնարկը նախատեսված է թե մանկավարժների, թե սովորողների համար: Այն հրտարակվել է Primavera Foundation of Armenia մշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և անվճար կտրամադրվի Հայաստանի միջնակարգ և բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատություններին: Այս ստանալու համար պարզապես պետք լրացնել հայտը հիմնադրամի կայքում:

«Անսամբլային կատարողականության արվեստ» ուսումնամեթոդական ձեռնարկի հայերեն հրատարակության գլխավոր խմբագիրը Երևանի Կոմիտասի անվան պետական ​​կոնսերվատորիայի կամերային և գործիքային անսամբլի ամբիոնի պրոֆեսոր Գայանե Հովհաննիսյանն է, թարգմանիչը՝ երաժշտագետ, ԵՊԿ դասախոս Նոնա Ոսկանյանը:

Ձեռնարկում տրվում են մեթոդաբանական և պրակտիկ խորհուրդներ, քննվում են կամերային անսամբլները երաժիշտների համար գրավիչ դարձնեու, երկացանկի ընտրության, փորձերի անցկացման վարպետության, երաժշտական ​​տեքստերի ընթերցման բարդությունների, երաժշտական ​​երկխոսության դրամատուրգիայի, երաժշտական ​​արտահայտչամիջոցների և այլ թեմաների շուրջ խնդիրները:

Ձեռնարկը բաղկացած է երկու գլխից, առաջինում վերհանված են անսամբլային կատարողականության հիմնախնդիրներն ու հարցերը, որոնց պրոֆեսոր Կրասոտինան առաջարկում է իր լուծումներն ու պատասխանները՝ հիմնված ձևավորված երաժշտական ավանդույթների, մեթոդների և սեփական փորձի վրա: Երկրորդ գլուխն այն մասին է, թե ինչպե՞ս ընթերցել երաժշտական տեքստը, որի գրագետ վերլուծությունը թույլ կտա գտնել գեղարվեստական ճիշտ լուծումներ: Այս հատվածը կհետաքրքրի ոչ միայն անսամբլային կատարողներին, այլ բոլորին, ովքեր զբաղվում եմ երաժշտությամբ:

Իրինա Կրասոտինան Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է, Իպոլիտով-Իվանովի անվան պետական ​​երաժշտական ​​մանկավարժական ինստիտուտի անսամբլի ամբիոնի վարիչ, իսպանական երաժշտության մագիստրոս, արվեստի պատմության գիտությունների թեկնածու, Primavera Foundation of Armenia-ի «Կամերային երաժշտություն» բաժնի ղեկավար: Հիմնադրամում ծավալած գործունեության շրջանակում, 2023թ.-ից սկսած Կրասոտինան Երևանում ամեն տարի անցկացնում է «Կամերային երաժշտության դպրոց», ինչի արդյունքում իր շուրջ հավաքվեց տաղանդավոր հայ երաժիշտների, մանկավարժների և համախոհների մի խումբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջից և Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված միջնակարգ դպրոցից: Հենց նրանց հետ սերտ համագործակցությունը խթան հանդիսացավ Կրասոտինայի ուսումնամեթոդական ձեռնարկի թարգմանության համար: Աշխատելով և համերգներով մեկ բեմում հանդես գալով հայ պատանի և երիտասարդ երաժիշտների հետ Կրասոտինան տպավորվել է նրանց աշխատասիրությամբ, կարճ ժամանակում ցուցաբերած առաջընթացով և երաժշտական նրբազգացությամբ ու ընկալունակությամբ. «Կամերային անսամբլն անգնահատելի նշանակություն ունի ցանկացած երաժշտի մասնագիտական կյանքում, այն սովորեցնում է համագործակցել, բեմի վրա շփվել մյուս երաժիշտների հետ, կառուցել փոխադարձ վստահություն և փոխըմբռնում, ստեղծել ստեղծագործական կապեր, ընկերական հարբերություններ հաստատել պատանի երաժիշտների միջև»,- նշում է պրոֆեսոր Կրասոտինան և իր երախտագիտությունը հայտնում, որ իր աշխատանքը նման ուշադրության է արժանացել հայ մասնագետների շրջանում:

Հայաստանում կամերային անսամբլի կատարողական արվեստը գլխավորապես հիմնված է ռուսական կատարողական արվեստի ավանդույթների վրա: Հայերեն լեզվով այս առարկայի դասավանդման և ուսումնասիրության համար ուսումնական ձեռնարկները շատ չեն, միայն Ա. Բերբերյանի և Ա. Իսրայելյանի «Կամերային անսամբլի դասավանդման մեթոդական ձեռնարկ»-ն է և մի քանի հոդվածներ՝ գրված Երևանի կոնսերվատորիայի Կամերայի գործիքային անսամբլի ամբիոնի դասախոսների կողմից: Հետևաբար, Կրասոտիանայի ձեռնարկի թարգմանությունը կարևոր էր:

«Անսամբլային կատարողականության արվեստ» ուսումնամեթոդական ձեռնարկի հայերեն հրատարակության գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Գայանե Հովհաննիսյանը, խոսելով ձեռնարկի թարգմանության կարևորության մասին, նշում է. «Կամերային երաժշտությունը կարևոր դեր է խաղում ցանկացած պրոֆեսիոնալ երաժշտի կրթության մեջ: Անսամբլի հաջողությունը կախված է բոլոր անդամների ակտիվ ստեղծագործական զարգացումից: Կրասոտինայի մեթոդական ձեռնարկը կամերային և անսամբլային երաժշտությանը վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխաններ է տալիս: Այն ներկայացնում է կամերային անսամբլի վերաբերյալ ուսումնական ծրագրերի և մեթոդական աշխատանքների ընդարձակ ցանկ, որոնք գրվել են հայտնի երաժշտական ​​մանկավարժների, այդ թվում՝ Ա. Դ. Գոտլիբի, Կ. Կ. Աճեմովի, Դ. Դ. Բլագոյի, Տ. Ա. Գայդամովիչի և Ա. Զ. Բոնդուրյանսկու կողմից: Այս աշխատանքում Ի. Վ. Կրասոտինան ներկայացնում է իր տեսակետները՝ հիմնվելով գիտական ​​տեսության, ավանդույթների և սեփական դասավանդման փորձի վրա: Այս մեթոդական ձեռնարկը կօգնի ուսուցիչներին ավելի արդյունավետ կազմակերպել անսամբլային դասընթացները, ինչպես նաև երիտասարդ երաժիշտների շրջանում կխթանի անսամբլային արվեստի հանդեպ հետաքրքրությունը»։

Primavera Foundation of Armenia մշակութային բարեգործական հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ելենա Յակովլևան նշում է. «Ամեն տարի հարյուրավոր երաժիշտներ են ավարտում կոնսերվատորիաները, դրանցից եզակիներին է բախտ վիճակվում մենակատարի հաջող կարիերա անել, կամերային անսամբլը երաժիշտների համար սիրելի գործով զբաղվելու լավ հնարավորություն է այն նաև զարգացնում է դիմացինին լսելու և համագործակցելու ունակություններ, ինչը օգտակար է նաև կյանքում: Ձեռնարկն անվճար կտրամադրվի ուսումնական հաստատություններին, իսկ մեր կայքում, անելով պարզ գործողություն, յուրաքանչյուրը կարող է նպաստել, որպեսզի մեկ ձեռնարկ ավել նվիրաբերվի ուսանողներին և ուսուցիչներին»։