Անցյալ շաբաթավերջին Բաքվի իշխանական minval.az-ը, ծավալուն հոդվածով անդրադառնալով ԵՄ-Հայաստան ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրին, անոնսավորել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը «պատրաստվում է հայտարարություն ընդունել»:
Դեկտեմբերի 9-ին ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունը:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության կարծիքով ԵՄ-Հայաստան համաձայնագրում առկա են դրույթներ, որ «չեն արատոցոլում հետկոնֆլիկտային իրողությունները»:
Պաշտոնական Բաքուն առանձնակի եռանդով առարկել է «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայեր» ձևակերպմանը: Հատկանշական է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն «կամավոր Հայաստան տեղափոխված» է անվանում «այն հայերին, որ մերժել են իրենց ներկայացված ինտեգրման ծրագիրը»:
Լեռնային Ղարաբաղից 2023 թ. սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին բռնատեղահանվել են հարյուր հազարից ավելի հայեր: Նրանցից ոչ ոք Ադրբեջանի «ներկայացրած ինտեգրման ծրագիր» չի տեսել:
Այդ մասին Ադրբեջանի նախագահը կամ որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյա գրավոր կամ բանավոր ուղերձ չի հղել: Մեկօրյա ահաբեկչական պատերազմից հետո Ստեփանակերտ մուտք գործած ադրբեջանցի զինվորականները բնակչության շրջանում թռուցիկներ չեն տարածել, իրենց տներում մնալու և ապրելու կոչ մարդիկ չեն լսել:
Անցյալ շաբաթ minval.az-ը գրել է, որ «ինտեգրացիայի ծրագիրը հայերին ներկայացվել է Խոջալուում ռուսական զորախմբի հրամանատարության միջնորդությամբ և Եվլախի բանակցությունների ընթացքում»:
Ովքեր են Եվլախում ադրբեջանցիների հետ բանակցություններ վարել՝ հայտնի է, հրապարակված չէ, թե Ստեփանակերտի ներկայացուցիչները երբ և ինչ կազմով են ադրբեջանցիների հետ բանակցել Խոջալուում:
Ադրբեջանի ԱԳՆ-ն «հույս ունի», որ Եվրամիությունը և Հայաստանը «կվերանայեն իրականությանը չհամապատասխանող դրույթները»: Փաստացի պաշտոնական Բաքուն դեմ է, որ ԵՄ-Հայաստան ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթում Լեռնային Ղարաբաղից «տեղահանված հայեր» ձևակերպումը մնա:
Ադրբեջանի մտավախությունները հասկանալի են. Թեև փաստաթղթում խոսքն ընդամենը բռնատեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը ԵՄ մասնակցության մասին է, բայց վաղն ի՞նչ իրավիճակ կարող է ստեղծվել, ոչ ոք չգիտի:
Այս առումով անհրաժեշտություն է, որպեսզի Ադրբեջանի ԱԳՆ «մեկնաբանություններին» պատշաճ արձագանքի Արցախի հանրությունը՝ ի դեմս իր ներկայացուցիչների, մանավանդ որ նրանք 2023թ. օգոստոս-սեպետմեբրին ադրբեջանցիների հետ հանդիպումներ են ունեցել որպես պաշտոնական դեմքեր: Բայց նրանք Ադրբեջանի ԱԳՆ-ին կարձագանքե՞ն:






Բաց մի թողեք
Տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Բուդապեշտում՝ Հունգարիա. Լուսանկարներ
Իրանը կարող է «թուրքական փոխակերպման ենթարկվել», Հայաստանին պետք է զգուշանալ
Ինչպես է Փաշինյանը խճճում մեր մտքերը