12/01/2026

Grateful Dead ռոք խմբի հիմնադիրներից, կիթառահար Բոբ Ուեյրն է մահացել․ Լուսանկար, Տեսանյութ

Ամերիկյան Grateful Dead ռոք խմբի հիմնադիր անդամներից կիթառահար Բոբ Ուեյրը մահացել է 78 տարեկան հասակում։ Այս մասին հայտնել է նրա ընտանիքը։

Մահվան պատճառը թոքերի հիվանդության հետ կապված բարդություններն էին։

«Նա հեռացավ խաղաղությամբ՝ սիրելիներով շրջապատված, քաղցկեղը քաջաբար հաղթահարելուց հետո՝ այնպես, ինչպես միայն Բոբբին կարող էր», – ասվում է նրա Instagram-ի էջում տեղադրված գրառման մեջ։

Grateful Dead-ը ձևավորվել է 1965 թվականին։ Խմբի ոճը համատեղում էր ռոքը, ֆոլկը, բլյուզը և քանթրին։ Ուեյրն ինքը յուրահատուկ ռիթմ կիթառահար էր, որը հազվադեպ էր սոլո նվագում՝ նախընտրելով ստեղծել ակորդների սեփական ոճը, որը լրացնում էր խմբի մյուս համահիմնադիր Ջերի Գարսիայի կիթառային էքսպերիմենտները։

1994 թվականին Grateful Dead-ը ընդգրկվեց Ռոքնռոլի փառքի սրահում, իսկ 2007 թվականին նրանք ստացան Գրեմմի մրցանակ՝ կյանքի ընթացքում ունեցած նվաճումների համար։ Խումբը պաշտոնապես լուծարվեց 1995 թվականին՝ համահիմնադիր Ջերի Գարսիայի մահից հետո։

Մահացել է Grateful Dead ռոք խմբի կիթառահար Բոբ Ուեյրը