02/02/2026

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առանձին պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց ծառայողական լիազորությունները, մի շարք քաղաքացիների օգտին ապօրինի անգործության դիմաց կաշառք են ստացել:

Ինչպես հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ նշված պաշտոնատար անձանցից մեկը, նախապես տեղյակ լինելով նույն վարչական շրջանում քաղաքացու կողմից առանց թույլտվության իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքների մասին, 2025 թվականի նոյեմբերին նրանից պահանջել է 200 հազար ՀՀ դրամ կաշառք՝ մինչև 2,5 միլիոն դրամի չափով տուգանք առաջացնող իրավախախտումը չարձանագրելու համար:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ մյուս պաշտոնատար անձը ևս, տեղյակ լինելով տվյալ վարչական շրջանի հասցեներից մեկում իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքների մասին, հիշյալ հասցեի բնակչի օգտին ապօրինի անգործություն դրսևորելու և նշված խախտումը չարձանագրելու նպատակով նրանից պահանջել և 2025 թվականի հոկտեմբերին ստացել է կաշառք:

Պաշտոնատար երկու անձանց մեղադրանքներ են ներկայացվել: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Կաշառք տված անձին ևս մեղադրանք է ներկայացվել:

Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: