Ադրբեջանի Գիտությունների ակադեմիան մտավորականությանը կոչ է արել «բոլշևիկյան օկուպացիայի 106-րդ տարելիցին ընդառաջ հեռուստատեսությամբ և զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև սոցիալական հարթակներում հանդես գալ ադրբեջանական ժողովրդի դեմ իրականացված այդ պատմական հանցագործությունը բացահայտող ելույթներով և հրապարակումներով, հանդիպել դպրոցականների և ուսանողության հետ ու լայնորեն լուսաբանել Ադրբեջանի պետական անկախության վերահաստատման ընթացքը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հերոսական դրվագները»:
Այդ մասին հայտարարությունը տեղադրվել է ԳԱ ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Այս նախաձեռնության իրական հեղինակի ինքնությունը կասկած չի հարուցում: Հրահանգն իջեցվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմից: Մտահոգիչ է, որ այդ կարգի քարոզչություն ծավալվում է, երբ զուգահեռաբար ստեղծվել է հայ-ադրբեջանական «Խաղաղության կամուրջ» հանրային հարթակը:
Մյուս կողմից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի «բոլշևիկյան օկուպացիայի լուսաբանման» հրահանգը պայմանավորված է Ռուսաստանի հետ հարաբերություններով:
Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում Ալիև-Զելենսկի հանդիպումը, պանելային քննարկումներից մեկի ընթացքում Ադրբեջանի նախագահի կողմից արված «բացահայտումը», որ Ռուսաստանը «նպատակաուղղված հարվածներ է հասցրել» Ուկրաինայի տարածքում ադրբեջանական էներգետիկ ենթակառուցվածքներին և Կիևում դիվանագիտական ներկայացուցչություններին,- ակնհայտորեն վկայում են մի բան, Մոսկվայի և Բաքվի միջև ռազմավարական դաշնակցային համագործակցությունը մնացել է անցյալում:
Ուկրաինացի հայտնի լրագրող Դմիտրի Գորդոնի կինը՝ Ալեսյա Բացմանը, ով յութուբյան «Գորդոն» նախագծի գլխավոր խմբագիրն է, ֆեյսբուքյան գրառում է կատարել, որ ուղեկցել է Մյունխենում Իլհամ Ալիևի հետ արված լուսանկարով:
Բացմանը գրել է. «Մյունխենում հանդիպեցի Ուկրաինայի նախագահ Զելենսկու լավագույն ընկեր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա հետաքրքրվեց, թե գործերն ինչպես են մեզ մոտ և հաջողություն ու պատմական արդարության հաստատում մաղթեց»: Ալեսյա Բացմանը նաև հիշեցրել է, որ Ալիևը Ռուսաստանին մեղադրել է Կիևում Ադրբեջանի դեսպանատունը հրթիռակոծելու մեջ:
Նման հրապարակումները փորձագետներն անվանում են «ժեստերի լեզվով ուղերձ»: Չպետք է նաև կասկածել, որ Ալեսյա Բացմանի հրապարակումը բառ առ բառ համաձայնեցված է Ալիևի հետ: Եվ դա, իրոք, «ժեստերի լեզվով ուղերձ է», որի առաջին հասցեատերը Մոսկվան է: Ռուսաստանում շատ ցավոտ են տանում բոլշևիկյան-խորհրդային շրջանի քննադատությունը:
Ուկրաինայի հետ հակամարտության պատճառներից մեկը «գոլոդոմորի» օրենքն է: Ադրբեջանի պետական անկախության վերականգմնման մասին ակտում խորհրդային իշխանության հաստատումը միանշանակ գնահատված է «օկուպացյա»:
Գործող սահմանադրության հիմքը այդ ակտն է: Եթե Ադրբեջանը առանձին օրենք ընդունի «բոլշեւիկյան օկուպացիայի» և «սև հունվարի» մասին, ապա Ռուսաստանի հետ խզումն անշրջելի կդառնա: Մոսկվան հակաալիեւյան կոմպրոմատնե՞ր կհանրայնացնի:

Բաց մի թողեք
«Ալիևի հարաբերությունները սրված են Պետական անվտանգության ծառայության տնօրեն Նաղիևի հետ»
Ռուսաստանի «մեկուսացվածության» ցայտուն վկայություններն ավելանում են
Ալիևը՝ Ռուսաստանին ռազմական պատասխան հարված հասցնելու մասին