17/04/2026

EU – Armenia

Պարզվում է՝ մեր խնդիրն այն չէ, որ Հայաստանը պարտվեց 44-օրյա պատերազմում

Դատելով Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներից, որոնց «խմբավարը» վարչապետի աթոռը զբաղեցնող անձն է՝ իր փոքրիկ խմբակով, կարելի է մի հետաքրքիր եզրակացության հանգել:

Պարզվում է՝ մեր խնդիրն այն չէ, որ Հայաստանը պարտվեց 44-օրյա պատերազմում: Անգամ այն չէ, որ Իլհամ Ալիեւը անվերջ պահանջներ է թելադրում, եւ Փաշինյանը լուռումունջ կատարում է:

Մեր խնդիրն այն է, որ Ադրբեջանի նախագահի ասածներն ու պահանջածները միանգամայն համահունչ են Նիկոլ Փաշինյանի գաղափարներին ու մտածումներին: Նա խորքային համոզմունք ունի, որ ինքը ոչ մի սխալ բան չի արել եւ չի անում թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի հանդեպ:

Այդ գործիչը, մեր մեջ ասած, որպես պետության գլուխ՝ պիտանի չէ, բայց կարողանում է ճարպկություն, աչքակապություն, շանտաժ բանեցնելով՝ միշտ խուսանավել ու մնալ «ջրի երեսին»:

Ձեռնածություններ, ստեր հերյուրելու գործում հավասարը չունի, ի վիճակի է պարտությունը ներկայացնել որպես հաղթանակ, ձախողումը՝ ձեռքբերում, անկումը՝ վերելք եւ այդպես շարունակ:

Նման որակների շնորհիվ է, որ շուրջ 8 տարի իշխանության գահին է եւ չի ուզում այն զիջել արժանի հետեւորդի, թեեւ իշխանավարման ընթացքում 3 պատերազմ է բերել, մահ ու ավեր, հայկական տարածքների կորուստ, 5 հազար զոհ, ավելի քան 10 հազար հաշմվածներ ու անհետ կորածներ: Լուսեղ հայորդիների մի ողջ աստղաբույլ:

Բայց, Տերը թող ներող լինի, բոլորովին հոգը չէ: Ոչ մի ապրումակցում, մեղքի ոչ մի զգացում, խղճի ոչ մի խայթ: Ուշնումիտքը ընտրություններում՝ երրորդ ժամկետով վերարտադրվելն է, իշխանությունը ձեռքից չտալը՝ թեկուզ աշխարհը շուռ գա: Փույթ չէ, թե այդ իշխանությունը բազմաչարչար հայ ժողովրդին միայն ցավ ու տառապանք է պատճառել եւ դեռ երկու ամիս պատճառելու է:

Առհավատչյան Իլհամ Ալիեւի հետ Նիկոլի ակնհայտ համախոհությունն է: Ուշադիր հետեւեցեք երկու կողմի այս օրերի հռետորաբանությանը, քննարկումներին ու պաշտոնական խոսույթին, եւ պարզորոշ կտեսնեք կողմերի խոսքի ու գործողությունների համաժամանակեցումը, եւ կհասկանաք, թե ինչու են մեզ սպառնում պատերազմով:

Ակներեւ է, որ կողմերից մեկը Հայաստանում իշխանության մնալու խնդիր ունի, մյուսը՝ Հայաստանում ադրբեջանական նոր ծրագրեր իրականացնելու նպատակ: Կարճ ասած՝ հասունանում է երկուստեք շահավետ՝ «դու ինձ, ես քեզ» սկզբունքով մի գործարք, որը կարող է կործանաբեր լինել առանց այդ էլ թուլացած մեր պետականության համար:

Եվ եթե հայոց «Լաոն» այս անգամ էլ չզարթնի լեթարգյան քնից եւ հունիսի 7-ին չասի իր վճռական խոսքը, նախախնամությունը, թերեւս, երեսը կշրջի Նիկոլ Փաշինյան ընտրող ազգից: Այդ անձի վերջին՝ մեկը մյուսից տարօրինակ հայտարարությունները, խոստովանությունները, որոնք հնչում են գրեթե ամենօրյա պարբերականությամբ, ոչ մի լավատեսություն չեն ներշնչում:

Այդ տեսակետից հատկանշական է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ` մարտի 25-ին, Փաշինյանի արած այն չարաղետ խոստովանությունը, որին չանդրադարձան նույնիսկ իր թիմակիցները:

Նրանք, ովքեր նման դեպքերում իրար հերթ չտալով՝ փորձում են վերահաստատել կամ արդարացնել նրա՝ շատ հաճախ անհոդաբաշխ դատողությունները: Ի՞նչ էր ասում Փաշինյանը՝ դատեք ինքներդ. «Գիտակցված զոհողության մենք գնացել ենք 2020թ.-ին եւ արդյունքում ձեռք ենք բերել պետություն ու անկախություն։

Սրանից առաջ էդ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան եւ զոհել են իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր պետության համար, մեր շահերի համար, մեր ապագայի համար, մեր ինքնության համար»։

Փաշինյանը, որ պատերազմի համար մեղավորներ էր հռչակում իրենից բացի բոլորին՝ նախկիններ, ընդդիմություն, ռուսներ, արցախցիներ եւ այլք, այժմ ճիշտ հակառակն է պնդում՝ բացեիբաց խոստովանելով, որ գիտակցված են զոհողության տարել մեր 5 հազար հայորդիներին:

Այդ հայտարարության առթիվ որեւէ ձեւաչափով պարզաբանում չի տրվել՝ մի՞թե իսկապես գիտակցված են մի ողջ սերնդի ոչնչացման տարել եւ հայրենիք հանձնել: Պատերազմում զոհված զինծառայողների ծնողների «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները հաջորդ օրը հանցագործության մասին հաղորդում են ներկայացնել դատախազություն՝ Փաշինյանի հայտարարության հիմքով:

Վե՛րջը բարի լինի…

«Հայացք Երեւանից»