21/04/2026

EU – Armenia

Երևանում ուղևորը դանակահարել է ավտոբուսի վարորդին. մանրամասներ

Երևանում թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսներից մեկի ուղևորը դանակահարել է վարորդին:

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ոստիկանությունն անմիջապես արձագանքել է ահազանգին, ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ուղևորի և վարորդի միջև վեճ է ծագել վճարման հարցի շուրջ։ Բարեբախտաբար, վարորդի ստացած վնասվածքը ծանր չէ, նա դիմել է բուժօգնության ու արդեն դուրս գրվել:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածների հատկանիշներով:

ՆԳՆ-ից տեղեկացրին, որ ավտոբուսի վարորդին դանակահարած անձը, նախնական տեղեկություններով, եղել է ոչ սթափ վիճակում, նա վեճի է բռնվել վարորդի հետ և իր մոտ եղած դանակով հարված է հասցրել վարորդին։ Այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Մեր հարցմանը՝ դանակահարող ուղևորը փախուստի մե՞ջ է, թե բերման է ենթարկվել, ՆԳՆ-ից ձեռնպահ մնացին պատասխանել, ասելով, որ այս պահին չեն կարող այլ տեղեկություն հայտնել։

Ինչպես MediaHub-ին տեղեկացրին Քննչական կոմիտեի լրատվության բաժնից՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածների հատկանիշներով:

Կարելի է միայն ենթադրել, որ վեճը հավանաբար ավտոբուսի ուղեվարձը վճարելու խնդրի հետ է կապված։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ էր վերջերս անդրադարձել այդ խնդրին, որ ավտոբուսների վարորդներին երբեմն ուղևորները թիրախավորում և անգամ հարձակվում են նրանց վրա, ծեծում են, երբ նրանք պահանջում են վճարել ուղեվարձը, հակառակ դեպքում կամ չեն քշում ավտոբուսը, կամ փորձում են նրանց իջեցնել։

Այդպիսի գործերով արդեն ձերբակալված անձինք կան, և հավանաբար նման դեպքերը չեն դադարելու, քանի դեռ վարորդների վրայից չեն վերացրել նաև հսկիչ լինելու պարտականությունը։