Արմավիրի Լենուղի գյուղում ՔՊ-ի քարոզարշավին դերասան Ռաֆայել Երանոսյանի մասնակցությունը հանրային քննարկման ու տարակարծությունների առիթ դարձավ։
Ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներն ու օգտատերերը վրդովված էին Երանոսյանի մասնակցությունից, քանի որ չէին սպասում, որ նա կարող է Արցախը հոժարակամորեն թշնամուն հանձնած, Հայաստանի ինքնիշխան տարածքները թշնամու տրամադրության տակ դրած, հազարավոր տղաների մահվան պատճառ դարձած, Ցեղասպանության եղելությունը կասկածի տակ դրած և պահանջատիրությունից հրաժարվող, Թուրքիայի ու Ադրբեջանի բարեկամ կուսակցության քարոզչությունն անել և ընդհանրապես թույլ տալ, որ իրեն ներկայացնեն՝ իբրև այդ կուսակցության աջակցի։
Մի՞թե Ռաֆայելն այդքան միամիտ է, որ չի հասկանում՝ ՔՊ-ն լայնորեն օգտվեց իր հանրահայտ լինելու ռեսուրսից, երկրպագուների սիրուց ու վստահությունից ու վերջին հաշվով «փչացրեց» նրան ճիշտ այնպես, ինչպես ժամանակին «փչացրեց», կամա թե ակամա, ՔՊ-ի մոլի երկրպագուների, պաշտպանների ու խոսնակների շարքում հավաքագրված դերասաններ Հովհաննես Ազոյանին, Հայկ Մարությանին, արդեն լուսահոգի Նիկոլայ Ծատուրյանին, ինչու ոչ՝ նաև ՔՊ-ի համերգներին մասնակցող երգիչ-երգչուհիներին, մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին և այլոց։ Հասկանալի է, որ այդ գործընթացն առանց արտիստների կամքի և ցանկության չի կատարվում։
Նրանք ինքնակամ են ներգրավվում Փաշինյանի թիմի ծրագրերում ու նախաձեռնություններում, ինքնակամ են խոնարհվում նրանց առաջ ու նրանց հակահայկական նախաձեռնությունները գովաբանում հարցազրույցներով, գրառումներով ու լուռ խոնարհումով։
Միանշանակ է՝ եթե այդ մարդիկ չցանկանային դառնալ իշխող կուսակցության բարձրախոսը, ապա դժվար թե նրանց կարողանային օգտագործել, հանրության աչքին դարձնել անսկզբունքային, անհայրենիք ու անազգ մեկը։ Բայց կա մի համախտանիշ, որը գործել է բոլոր ղեկավարների ժամանակ և որով տառապում են շոու-բիզնեսի և արվեստի ոլորտի շատ ներկայացուցիչներ։ Այդ համախտանիշը կոչվում է խոնարհում օրվա իշխանությունների առաջ, երկչոտություն, եթե կուզեք՝ վախ, կախվածության զգացում օրվա իշխանություններից։
Նրանք վախենում են անգամ մտածել, որ կարող են մի օր դեմ դուրս գալ այդ իշխանություններին, քննադատել նրանց, պախարակել, քանի որ վախենում են իրենց ոտքերի տակից հողը փախչի՝ կորցնեն հանրային սերը, համբավը, աշխատանքը, ի վերջո ազատությունը, քանի որ չգիտեն՝ իրենց դեմ գուցեև համարձակություն ցուցաբերելու համար գործեր հարուցվեն։ Իհարկե, որոշ դեպքերում հանրային այդ դեմքերը գուցեև շահի ակնկալիքով են պաշտպանում իշխանություններին, ինչպես, օրինակ, ժամանակին Հայկ Մարությանը, որը կարճ ժամանակով ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը, իսկ հիմա մոլի ու անողոք ընդդիմություն է դարձել ՔՊ-ին։
Ինչ վերաբերում է Ռաֆայել Երանոսյանին, նա ևս փորձեց մաքուր դուրս գալ ՔՊ-ի ծուղակից՝ հայտարարելով, թե այդ օրն իր վաղեմի ընկերներին է միացել՝ մարզպետին, ՏԿԵ նախարարին, ում 15 տարուց ավելի է՝ ճանաչում է։ Դերասանը հավաստիացրել է, թե իրեն ոչ ոք չի ստիպել մասնակցել քարոզարշավին, իր կամքով է գնացել համագյուղացիների հետ՝ լսելու, թե ինչ խնդիրներ կան, դրանց մասին նաև բարձրաձայնելու, որոնք ընթացքում, իր կարծիքով, պետք է լուծում ստանան։ Դերասանի կարծիքով դրա մեջ որևէ վատ բան չկա և եթե ընդդիմադիրներն էլ այցելեն իրենց գյուղ, նրանց քարոզարշավին էլ կմասնակցի, կգնա, կլսի։ Գնա՞ց արդյոք Ռաֆայել Երանոսյանը ընդդիմության քարոզարշավին, թե ոչ, չգիտենք, ամեն դեպքում ՔՊ-ի դեմքերի կողքին նրա ներկայությունն արդեն իսկ բիծ թողեց դերասանի կենսագրության մեջ՝ համենայն դեպս հայ ժողովրդի այն հատվածի համար, որը ՔՊ-ի ներկայությունը Հայաստանում կործանարար է համարում՝ համոզված լինելով, որ մեզանում այսօր ոչ թե քաղաքական գործընթացներ են, այլ թշնամու ներխուժման հետևանքով ազատագրական պայքար է։
Երեկ էլ ՔՊ-ի ծուղակում հայտնվեց հայտնի և շատերի կողմից սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը, որի անունն արդեն մի առիթով շահարկվել էր ՔՊ-ի կողմից, երբ բացօթյա ներկայացման ժամանակ Փաշինյանին չհակադարձելու հանգամանքը ՔՊ-ականները դրոշ էին դարձրել ու դերասանին օգտագործել իրենց թուրքամետ գաղափարների հաստատման համար։
Երևանում քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ իրականացվող քարոզարշավի ժամանակ նրանց խումբը պատահաբար հանդիպում է Մկոյին, ինչպես որ սիրում են նրան երկրպագուներն անվանել, և առիթը բաց չեն թողնում դերասանի հետ լուսանկարվելու ու այդ նկարները ողջ սոցիալական ցանցերով տարածելու ու այդ կերպ դերասանին որպես իրենց համախոհ ներկայացնելու համար։ Ակնհայտ է, որ քաղաքական ուժի ներկայացուցիչների խելքը այդքան էլ չի գնում Մկոյի համար, պարզապես նրանք պահը որսացին արտիստին հերթական անգամ «փչացնելու» միջոցով նաև նրա երկրպագուների աջակցությունը շահել։
Մկրտիչ Արզումանյանն՝ ի տարբերություն Ռաֆայել Երանոսյանի, պատահաբար էր հայտնվել ընտրարշավի մասնակիցների շրջապատում, նրա համար սկզբունքային ընտրություն չէր և ամենայն հավանականությամբ դերասանը ոչ էլ աջակցում է Փաշինյանին ու նրա թիմին, այլապես նրանց հետ կքայլեր, իր էջում կկիսվեր նրանց գաղափարներով, կգովերգեր նրանց ծրագրերն ու քայլերը։ Բայց այդ առումով դերասանը գոնե լուռ է՝ ոչ գովերգում է, ոչ քննադատում է։ Հավանաբար նա ևս մեր նշած համախտանիշով է տառապում, որ ՔՊ անդամներին տեսելով, խոնարհումով ու հեզությամբ ընդունեց նրանց նախընտրական բուկլետն ու չարաբաստիկ կրծքանշանը։
Մյուս կողմից էլ մենք չգիտենք, թե ինչպե՞ս կպահեր իրեն դերասանը, եթե հանդիպեր ընդդիմադիր ուժերին քարոզարշավի ժամանակ։ Գուցե նույն խոնարհումով ու սիրով ընդուներ նաև նրանց բարեողջույնները։ Այնպես որ առանձնապես պետք չէ ոգևորվել Մկրտիչ Արզումանյանի լավ ընդունելությամբ ու հայտարարել, թե հայկական շոու-բիզնեսի ոլորտում ՔՊ-ի ծրագրերն անվերապահորեն ընդունվում են։

Բաց մի թողեք
Բաքվի հիստերիան․ պատճառը` Ռուբեն Վարդանյանին մրցանակի առաջադրելն է
2026 թ. հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿ
Արդյոք կարգավորումը ի սկզբանե ենթադրել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է