Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերություններում գլխավոր խնդիրը վստահության «կապիտալի» հաստատումն է, իսկ դրա համար պետք է իրար հետ խոսել։ Խոսել՝ չտրվելով պատրանքների և չակնկալելով անհապաղ կամ արագ արդյունքներ, այլ հասկանալով, որ երբ որոշակի ժամանակ անցնի, հնարավոր կլինի պայմանավորվել։
Այս առումով Բաքվում երկխոսությունը, եթե այն իրականում կա, իհարկե, կանխատեսում է Եվրոպայում խաղաղ կարգավորումը, և դա ամենակարեւորն է։ Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի նախկին պաշտոնյաների «գաղտնի բանակցությունների» մասին այս տեսակետը «Նեզավիսիմայա գազետա»-ն է ձևակերպել, ինչից բավական հստակ հասկացվում է, որ նման «քննարկումներ», իրոք, եղել են/ կան, և նախաձեռնությունը ռուսական կողմինն է։
Պաշտոնական Մոսկվան հրապարակային խոսույթում ուկրաինական կարգավորմանը Եվրամիության մասնակցությունը մերժել և շարունակում է մերժել։ Իրականում բոլոր կողմերի, այդ թվում և ԵՄ-ին սուր քննադատող ԱՄՆ նախագահ Թրամփի համար էլ պարզ պիտի լինի, որ առանց Եվրոպայի համաձայնության ռուս-ուկրաինական հակամարտությունը «լուծել» հնարավոր չէ։ Խնդիրը «վստահության չափաբաժինն» է։ Ռուսաստանի նախագահը «ընդունելի» բանակցող է անվանել Գերմանիայի նախկին կանցլեր Շրյոդերին։
Մինչդեռ ամիսներ առաջ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ասել է, որ պատրաստվում է Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալ։ Այն չի կայացել, ուստի պետք է հասկանալ, որ Պուտինը Մակրոնին «չի վստահում»։ Բայց, երևի, հարցը «այլ խորություն ունի», ինչն էլ, ամենայն հավանականությամբ, «գաղտնի բանակցությունների հարթակի» ընտրության պատճառ է դարձել: Ֆրանսիայի հետ Ադրբեջանի հարաբերությունները նույնքան լարված են, որքան՝ ռուս-ֆրանսիականը։
Բաքվում ռուս-գերմանական «գաղտնի բանակցությունների» թեման հրապարակայնացվել է Ալիևի Բեռլին այցի, Գերմանիայի կանցլեր Մերցի հետ մամուլի ասուլիսի ընթացքում։ Բարդ է ասել՝ այդ բացահայտումը ռուս-գերմանական «գաղտնի բանակցություններ պսակազերծելո՞ւ, թե՞ ուկրաինական կարգավորմանը Եվրոպայի ներգրավվածությունը Գերմիանիային վերապահելու փաստի հրապարարակայնացնելու» նպատակով է արվել։
Այստեղ, թերևս, արժե նկատել, որ Ալիևի Բեռլին այցից, Գերմանիայի կանցլերի և Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի անհրաժեշտություն է տեսել։
Ադրբեջանցի վտարանդի մեկնաբան Միրկադիրովը ուշադրություն է հրավիրել Բեռլինում Ալիևի այն հայտարարությանը, ըստ որի «Եվրամիության առաջատար երկիրը Գերմանիան» է։ Ռազմա-քաղաքական, աշխարահատնտեսական, ազդեցության տարածման մրցակցության սկզբունքը ոչ ոք չի բեկանել, և դա լիովին վերագրելի է նաև Ֆրանսիային ու Գերմանիային։
Ուկրաինական կարգավորմանը «հավաքական» Եվրոպան ներկայացնելու «դափնին» ենթադրում է հետխորհրդային տարածքում, բայց առաջին հերթին՝ Հարավային Կովկասում, Եվրամիության ներկայության «պրովայդերություն»։
Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի և Ադրբեջանի համար Հարավային Կովկասի ֆրանսիական «պրոտեկտորատը», մեղմ ասած, «հաճելի չէ», և Մոսկվան ու Բաքուն «նախապատվությունը տալիս» են Գերմանիային։ Դա կարող է պայմանավորված լինել նաև Թուրքիայի շահերով, որ Գերմանիայի հետ կապված է նաև պատմական «հիշողություններով» և այդ երկրում ազդեցիկ թուրքական համայնքի գործոնով։
Վարչապետ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի նախագահը սոցցանցային գրառում է կատարել, որտեղ աջակցություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանությանը։
Եվրամիություն – Հարավային Կովկաս – Կենտրոնական Ասիա տնտեսա-կոմունիկացիոն կապակցվածության նախագծերին Հայաստանի սուբյեկտային-ինքնիշխան ներգրավվածությունը Ադրբեջանը գնահատում է որպես իր «ռազմավարական պարտություն»։ Բաքվում ռուս-գերմանական «գաղտնի բանակցությունները» դա «կանխելու հնարավորությո՞ւն» է։

Բաց մի թողեք
Հունական Patriot մարտկոցը կասեցրել է Սաուդյան Արաբիայի վրա հուսիթների հարձակումները
Ճանաչումից մինչև իրականացում. Եվրոպայի մետաղական միջուկի պաշտպանությունը հաջորդ սերունդների համար
«Լուկոյլ»-ի վաճառքի պատուհանը փակվում է՝ առանց Բալկանների ամենամեծ նավթավերամշակման գործարանի հետ գործարքի