18/07/2024

Ադրբեջանն իր վարքագծով ցույց է տալիս, որ իր խաղը խաղաղության մասին չէ

Խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները համաձայնեցված են, կարեւոր է պարզապես դրանք «վերարտադրել» պայմանագրի տեքստում, Երեւանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողների հետ ճեպազրույցում նա արձագանքել է հարցին, թե Երեւանն ինչպես է վերաբերում նոյեմբերին Բաքվում կայանալիք Կլիմայի համաշշխարհային վեհաժողովի շրջանակում պայմանագիր ստորագրելու մասին հնարավորության մասին Բաքվից հնչած հայտարարությանը: Իսկ այդ հայտարարությունն արել էր Ադրբեջանի նախագահի օգնական Էլչին Ամիրբեկովը:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր կարծիքով համաձայնեցված սկզբունքները պայմանագրում «վերարտադրելու» աշխատանքը հնարավոր է անել արագ: Սակայն հիշում ենք, թե պաշտոնական Երեւանը քանի անգամ է հայտարարել մինչեւ տարեվերջ պայմանագիր կնքելու հնարավորության եւ պատրաստակամության մասին: Պայմանագիրը սակայն չի կնքվում, որովհետեւ դրա ցանկությունը չունի Բաքուն՝ նվազագույնը:

Այսօր էլ, ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը ռեպորտաժներ է պատրաստում Տավուշի սահմանից, այսպես ասած «վերադարձրած գյուղերից», որոնցում բաց տեքստով խոսում են Հայաստանի զինուժի հանդեպ գերակա բարձրունքների տիրանալու եւ Հայաստանի խոցելիության հարցում նոր հնարավորություններ ձեռք բերելու մասին:

Ասել, թե սա Բաքվի ներքին սպառման համար է, կնշանակի զբաղվել ինքնախաբեությամբ, որովհետեւ Ալիեւն ընդամենը երեք ամիս առաջ է «շռնդալից վերընտրվել», եւ թերեւս այսօր կարիք չունի ներքին սպառման համար այդպիսի «շռնդալից ռազմական հաջողություն» ներկայացնել Տավուշի սահմանագոտում տեղի ունեցածը:

Հետեւաբար հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Բաքուն անում այդպես: Չէ՞ որ դրանով նա ըստ էության նաեւ բավականին բարդացնում է Հայաստանի վարչապետի վիճակը, որը Հայաստանի հանրությանը փորձում է հավաստիացնել, որ Տավուշի պայմանավորվածությունը եւ դրա ներքո եղած սկզբունքները Հայաստանի անվտանգության, խաղաղության մասին են: Ադրբեջանն իր վարքագծով ցույց է տալիս, որ դա խաղաղության մասին չէ, որ ինքը ոչ թե խաղաղության քայլ է արել, այլ ձեռք է գցել ռազմավարական դիրք՝ ապագա պատերազմի համար:

Բաքուն իհարկե այդպես գուցե փորձում է իր «յուղը» լցնել Հայաստանի ներքաղաքական «կրակին»: Բայց դա եւս վկայում է, որ խաղաղությունը չի մտնում Ադրբեջանի նպատակների մեջ, իսկ Կլիմայի վեհաժողովի շրջանակում փաստաթուղթ ստորագրելու «միտքը» Ադրբեջանը հղացել է դրա արտաքին աջակցություն ստանալու համար: Առավել եւս, որ այդօրինակ միտք առաջին անգամ հնչել էր ամիսներ առաջ՝ Կլիմայի նոյեմբերյան վեհաժողովի թեմայով միջազգային հավաքին Բրիտանիայի վարչապետ Սունակի հղած ուղերձում, որտեղ նա նշում էր, թե լավ կլինի, որ պայմանագիրը ստորագրվի մինչեւ համաժողով:

Բաքուն ըստ ամենայնի մտադիր է այդ «խաղաղասիրական» «գաղափարը» զարգացնել եւ Cop29-ի համատեքստում միջազգային ճնշման միջավայր ստեղծել Հայաստանի շուրջ, ճնշող մթնոլորտ, թեկուզ պարզապես ակնկալիքներ ձեւավորելու տեսքով: Երեւանի համար բարդ է հակադրվելը, որովհետեւ այդ դեպքում կա «ապակառուցողականության» տպավորության ռիսկ:

Մինչդեռ, Երեւանը փորձում է իր կարողությունների չափով դիմադրել հենց կառուցողականությամբ: Միջազգային դերակատարները չպետք է տրվեն ակնկալիքների ձեւավորման միջոցով Երեւանի հանդեպ ճնշման մթնոլորտ ստեղծելու Բաքվի հնարքին: Ավելին, Կլիմայի վեհաժողովը Բաքվի համար պետք է լինի ոչ թե հնարք բանեցնելու միջոց, այլ պատասխանատվություն սահմանող հանգամանք: Հակառակը կնշանակի ոչ թե խաղաղության, այլ պատերազմի խրախուսում: