«Սրբազան պայքար»-ի կազմկոմիտեին պետք է մեծագույն շնորհակալություն հայտնել՝ վերջապես անկեղծանալու, «բաց խաղաքարտերով» խաղալու համար։ Այսինքն՝ ցույց տալու այն շահառուների շրջանակը, որոնք կանգնած են այս շարժման կողքին կամ թիկունքում և սպասարկում են դրա «հաղթանակը»։
Այդ «հաղթանակի» մեկնարկը, ինչպես օրերս (հերթական անգամ) խոստացել է Վազգեն Գալստանյանը, տրվելու է Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում սեպտեմբերի 22-ին տեղի ունենալիք հանդիպումով։ Շարժման պաշտոնական կայքն, ահա, այդ «հանգրվանային» իրադարձությունից օրեր առաջ իրազեկել է, որ շարժման առաջնորդը հանդիպել է «հայաստանյան և արցախյան քաղաքական դաշտի ուժերի, կուսակցությունների, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ վերջինիս գրասենյակի կողմից ներկայացված հարգելի պատճառներով, հանդիպում դեռևս չի եղել»:
Նախ մի ճշգրտում՝ հայաստանյան և արցախյան քաղաքական դաշտը գլոբալ հասկացություն է, այն ընդգրկում է տարբեր ուժեր, խմբեր ու գործիչներ։ Հետևապես շարժման քարոզչական շտաբը հասարակությանը թյուրիմացության մեջ չգցելու համար հարկավ պետք է հստակեցներ՝ քաղաքական դաշտի հատկապես ո՞ր ուժերի մասին է խոսքը, թե՞ խոսքը միայն քոչարյանասերժական քաղաքական գծի մեջ գտնվող հայտնի ուժերի և մարդ-կուսակցությունների մասին է։ Ենթադրում ենք՝ երկրորդ տարբերակի մասին է խոսքը։
Վկայաբերված հայտարարության ամենահետաքրքիր, բայց ոչ սենսացիոն հիշատակումը (քանի որ նախքան այս էլ՝ դեռ շարժման առաջին օրերից ենթադրելի էր), նկատենք, Գալստանյանի՝ երկրորդ և երրորդ նախագահների հետ հանդիպումն է։ Հետաքրքիր է, թե ինչու է որոշվել բացահայտել հանդիպման փաստը, հաշվի առնելով այն տխուր ավարտը՝ ֆիասկոն, որն արձանագրել են նախքան այս տեղի ունեցած իշխանափոխության օրակարգով շարժումները, և որոնց անմիջականորեն կամ միջնորդավորված մասնակցել են նախկին նախագահները։ Այն պրիմիտիվ հավաստիացումները, թե սա մաքուր, ինքնաբուխ, որևէ ուժի, առավել ևս՝ նախկինների կողմից չթելադրվող, չուղղորդվող շարժում է, փաստորեն, այս հանդիպման փաստի մասին պաշտոնապես հայտարարելով հօդս են ցնդում։ Սա ոչ այլ ինչ է, քան ուղիղ խոստովանություն՝ «սրբազան շարժում»=«Դիմադրության շարժում»+«Հայրենիքի փրկության շարժում»։
Ի՞նչ հաշվարկի հիման վրա է հայտարարվել Գալստանյանի և նախկին նախագահների հանդիպման մասին՝ որ նախկին նախագահների հետ հանդիպելու փաստը խթա՞ն դառնա սեպտեմբերի 22-ի հավաքի համար (այսպես կարող էր լինել, եթե Քոչարյանն ու Սարգսյանը միասին վերցրած գոնե 10 տոկոս հանրային աջակցություն ունենային), թե՞ հակառակ էֆեկտն ապահովելու համար՝ վանել հանրությանը, հիասթափեցնել ու այսպիսով կրճատել գալիք միջոցառման մասնակիցների թիվն ու ազդարարել շարժման պաշտոնական և վերջնական «փակման» մասին։
Հ.Գ. Փաստորեն, Բագրատ Գալստանյանը երբ Տավուշից սկսած քայլերթի առաջին օրերին կշտամբում էր իր ղեկավարած շարժման հետևում «նախկինների» ականջները տեսնողներին, հիմքեր ու պատճառներ ուներ։
Շարժմանը միացած ընդդիմադիր գործիչ-լրագրողներից մեկի դիտարկմանը՝ «ասում են, թե նախկիններին եք բերում», Բագրատ Գալստանյանը նստած տեղում անհանգիստ շարժումներ անելով արձագանքել էր. «Ի՜յ… տո նախկինները ձեզնից քանի՞ գլուխ բարձր են։ Դեմոնիզացրել եք (հրեշացնել)՝ նախկին, նախկին… Ով ինչ ասում ա, բռնում սրա-նրա հետ ասոցացնում եք։ Էդքան վախեցա՞ծ եք նախկիններից։ Իրե՞նց ինչ գործ՝ ով կգա»։
Ի դեպ, մեր գործը չէ, բայց, այնուամենայնիվ, ռիսկի դիմենք ու հարցնենք՝ նախկին նախագահները՝ Քոչարյանն ու Սարգսյանը, կգա՞ն «կուլտուրնի-ակուրատնի» միջոցառմանը՝ Համալիրի հավաքին։ Այն, ինչպես հայտարարվել է, տեղի է ունենալու մեծ դահլիճում, որը ընդլայնվելով կարող է ունենալ 8 հազար 800 նստատեղ։ Երկու նստատեղ առաջին շարքում հաստատ «բրոնյա» արված կլինի։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
Համակենտրոնացման ճամբար Կուրսկո՞ւմ․ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, բայց փաստեր չի ներկայացնում
«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործերից հրաժարվելու հարց ՀՀ օրակարգում առկա չէ․ Նաիրա Զոհրաբյանը սխալ տեղեկություն է տարածել
Ադրբեջանը թեպետ մեղադրում է Հայաստանին զինվելու համար, բայց գերակա է համարում իր երկրի ռազմական ծախսերի աճը