Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող Ն․ Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բետոնե պանելը ընկել է աշխատակիցների վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված դպրոցից իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննիսյանի գլխավորությամբ, պարզել են, որ ժամը 16։30-ի սահմաններում նշված դպրոցի նկուղում էլեկտրական մոլոտոկով բետոնե պատը քանդելու ժամանակ պատը փլուզվել է Արագածոտնի մարզի բնակիչ 40-ամյա Մկրտիչ Ղ․-ի և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Մահմադ Հ․-ի (ում տարիքը ճշտվում է) վրա։
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Մկրտիչ Ղ․-ն ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Գ․ Շամշյանը հայտնում է, որ նշված դպրոցի կապիտալ վերակառուցման աշխատանքների պատվիրատուն ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ն է։

Բաց մի թողեք
Ողբերգական դեպք՝ Տավուշում, հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս ծննդաբերությունը սկսել է, երեխան ողջ չի մնացել
Տիկին նախարար, փաստերը համառ բան են. Լուսանկար
Շտապօգնության կեղծ կանչեր, կեղծ պատմագրեր․ Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է