12/10/2024

Փաշինյանը դեպի Մոսկվա հերթական շրջադրաձն է կատարում։ Ստիպել են ու պետք է ենթարկվի․ Հարությունյան

Իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոնի» հիմնադիր ղեկավար Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Փաշինյանը գրել է․ «Աշխարհի եւ միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային», ապա Խրիմյան Հայրիկին է հիշել, իբր նա մեզ աշխարհի մասին ինչ որ պատկերացումներ է ավանդել, հետո տեղեկացնում է, որ «աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր եւ նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր», ապա ավետում է՝ «Կառավարության կողմից իրականացվող բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը ոչ միայն աշխարհի մասին մեր պատկերացումները, այլեւ մեր մասին աշխարհի պատկերացումները էապես լավարկելու ենթատեքստ ունեն»։

Ի՞նչ է սա նշանակում․

որ Փաշինյանը դեպի Մոսկվա հերթական շրջադրաձն է կատարում։ Ստիպել են ու պետք է ենթարկվի։ Գնալու է գլխահակ ու խոնարհ։ Շրադարձն արդարացնելու համար այն Խրիմյան Հայրիկով է փաթեթավորում, որն իրականում աշխարհի մասին մեզ ոչինչ էլ չի ավանդել, ընդամենը պատմել է միջազգային հարթակում իր անհաջողության մասին։
որ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի ու Վարդան Օսկանյանի բառապաշարն է կապկում։ Նրանք իրենց անկարողությունը կոմպլիմենտարիզմ էին անվանում։ Փաշիյնանն այն թարգմանել, դարձրել է բալլանսավորում ու փորձում է որպես նորույթ մատուցել։

որ Փաշինյանը չի լսել կամ էլ՝ լսել է, բայց չի կարդացել, կամ էլ կարդացել է, բայց չի հասկացել 1998-ի հունվարի 8-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում, որը հենց աշխարհի, աշխարհաճանաչողության ու աշխարհում սեփական տեղի գիտակցման մասին էր։ Էլ չեմ խոսում դեռեւս 1989-ին հրապարակված «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվածի մասին, որի հեղինակը Ռաֆայել Իշխանյանն էր։

որ Փաշինյանը չգիտի՝ այն, ինչ մասին գրել է՝ հայտնագործություն չէ, այդ մասին երկար խոսվել ու շատ գրվել է։ Ինքը պետք է կարող լիներ ու անցյալը մերժելու փոխարեն սերտեր անցյալի դասերը։ Այդ դեպքում կհաջողեր ե՛ւ ինքը, ե՛ւ մենք ու այս վիճակում չէինք լինի։

Սա նաեւ նշանակում է, որ աշխարհի եւ միջազգային հարաբերությունների մասին իր սեփական մակերեսային պատկերացումներն, իր չիմացությունը, իր անտեղյակությունը փորձում է բոլորին վերագրելով արդարացնել իր տապալումները, իր ճակատագրական սխալները, իր վայրիվերումներն, մեկ դեպի Արեւմուտք, մեկ դեպի Ռուսաստան իր շրջադարձներն, իր պարտությունները, որ, ցավոք, վերջին հաշվով, բոլորիս պարտություններ են դառնում։

No photo description available.