15/10/2024

Ռամզան Կադիրովն ընդդեմ Իլհամ Ալիևի

Օրերս Բաքվի լրատվամիջոցները հայտնել են, որ Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է փոխանցվել։

Ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններին անհարիր այս միջադեպի կապակցությամբ որոշ մանրամասնություններ հայտնի են դարձել։

Պարզվում է, որ ադրբեջանական կողմի բողոքի առիթը հանդիսացել է Թափտըղ Ռզաեւի բողոքը։ Նա Ադրբեջանի ԱԳՆ-ին դիմել է և հայտնել, որ մայիսին Գրոզնի արտագնա աշխատանքի մեկնած որդին՝ Նիհադ Ռզաեւը, «հաշվառում չունենալու» պատճառաբանությամբ մեկ ամիս առաջ բերման է ենթարկվել։

Նույն ճակատագրի արժանացած՝ Ադրբեջանի ևս երկու քաղաքացի՝ Վուգար Մահեռամովը և Էլխան Շիրինովը, «հարկադրված պայմանագիր են ստորագրել և ներկայումս գտնվում են Ուկրաինայի հետ պատերազմի գոտում՝ որպես չեչենական «Ախմատ» զորաջոկատի մարտիկներ»։

Ամենայն հավանականությամբ, խնդիրն ավելի բարդ է։ Հակառակ դեպքում արտագնա աշխատանքի մեկնած և Գրոզնիում հավաքագրված Ռզաեւի, Մահեռամովի և Շիրինովի պատճառով Ռուսաստանի դեսպանը չէր հրավիրվի Ադրբեջանի ԱԳՆ, հարցը կկարգավորվեր առանց քաղաքական հնչեղության։

«Թուրան» գործակալությունը հեգնել է, որ Չեչնիայում «Ռուսաստանի օրենքները չեն գործում, ամեն ինչ որոշում է մեկ անձ՝ Ռամզան Կադիրովը, ուստի պետք է ուղղակի դիմել նրան»: Չեչնիայի առաջնորդն առնվազն երկու անգամ Բաքու պաշտոնական այց է կատարել և Իլհամ Ալիևին անվանել «եղբայր»: Այսօր Գրոզնիում Ադրբեջանի քաղաքացիներ են հավաքագրվում, որպեսզի համալրեն «Ախմատ» զորախմբի շարքերը:

Ռամզան Կադիրովն այդպիսով դիմակայությու՞ն է սադրում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, թե փորձում է ստուգել Վլադիմիր Պուտինին Ալիևի հավատարմությու՞նը: Երկու դեպքում էլ ստացվում է բավական բարդ «խաղ»:

Ու, թերևս, պատահական չէ, որ Գրոզնիում Ադրբեջանի քաղաքացիներին հավաքագրելու մասին տեղեկությունը տարածվում է նույն օրը, երբ «Ախմատի» հրամանատար Ապտի Ալուեդինովը հայտարարել է, որ ուկրաինական գերությունից չեն վերադարձվի այն «վախկոտները, ովքեր զենքը վայր են դրել և ձեռքերը վեր պարզած՝ հանձնվել են թշնամուն»: Ալուեդինովն ասել է, որ «իսկական չեչեն տղամարդու համար գերի հանձնվելն ամոթ է»:

Միաժամանակ հայտարարություն է տարածել Ուկրաինայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Օսմանլին և հայտնել, որ ուկրաինական զինված ուժերի շարքերում կռվում է ավելի քան հազար ադրբեջանցի: Նրա խոսքերով՝ «բազմաթիվ ադրբեջանցիներ, այդ թվում նաև Վրաստանի և Ռուսաստանի քաղաքացիներ, անդամագրվել են ուկրաինական կամավորական գումարտակներին»:

Ըստ երևույթին, Կադիրովը փորձել է ներկայացնել, որ ադրբեջանցիներն «Ախմատի» շարքերում կռվում են Ուկրաինայի դեմ, ինչին Բաքվի քարոզչությունը հակադարձել է ՌԴ ԱԳՆ-ին հղած նոտայի և Ուկրաինայի ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հայտարարության հրապարակայնացմամբ:

Բայց Գրոզնի-Բաքու դիմակայությունը կարող է ավելի խորքային պատճառ ունենալ։ Բացառված չէ, որ Կադիրովը չի ընդունում Ռուսաստանի կողմից Ալիևին շնորհված «Կովկասի փոխարքայի կարգավիճակը»: Իսկ դա արդեն լուրջ դիմակայություն կլինի։