05/10/2024

Որ բուհերը կփակվեն, Ֆրանսիականն արդեն տեղավորվում է Թատերականում

Արդեն շրջանառվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ըստ այդ նախագծի լիցենզիայով սահմանվում է բուհում ուսանողների սահմանային քանակը, որը չի կարող պակաս լինել 4000-ից: Այս օրենքի ընդունման պարագայում այլևս չեն գործի այն բուհերը, որոնք ունեն 4000-ից պակաս ուսանողներ:

Դրանք են Ագրարային, Մանկավարժական, Բրյուսովի անվան համալսարանները, Ֆիզիկական կուլտուրայի, Թատրոնի և կինոյի ինստիտուտները, Կոնսերվատորիան, Գեղարվեստի և պետական կառավարման ակադեմիան, ինչպես նաև մարզային բուհերը:

Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծերի փաթեթով ընդունեց «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից գույք հետ վերցնելու և Ֆրանսիական դեսպանատանը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին որոշումը։

Տարածքը հատկացվելու է Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտին։

«Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի ուսանողների թիվն արագորեն աճում է, և ներկայիս շենքային պայմանները թույլ չեն տալիս բավարար պայմաններում ընդունել վերջիններիս։ Դրա համար պետք է նոր, առավել ընդարձակ և լավագույնս հարմարեցված տարածք։ Ուստի ԿԳՄՍՆ-ն առաջարկում  է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին  ամրացված Երևան քաղաքի Ամիրյան 26 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի 1-ին հարկից 546.8քառ․մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել  և տասը տարի ժամկետով, անհատույց  օգտագործման իրավունքով տրամադրել  Ֆրանսիական ինստիտուտին»,- ասվում է հիմնավորման մեջ։