Օրերս Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում հրավիրյալների համար փակ դիտում՝ պրեմիերա էր, բեմադրվել է Էրիխ Մարիա Ռեմարկի Երեք ընկեր վեպը։ Այն արդեն թատրոնի խաղացանկում է, կարող եք հետևել ներկայացումների ցանկին ու դիտել։
Ներկայացման ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է։ Գլխավոր դերերում հանդես են գալիս․ Ռոբերտ Լոկամպ – Ներսես Ավետիսյանը, Օտտո Կյոստեր – Վիլեն Սարգսյանը, Գոթֆրիդ Լենց – Լևոն Հախվերդյանը և Պատրիսիա Հուման – Անի Խաչիկյանը։
Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանին հարցրեցինք, թե ինչու Երեք ընկերը, որովհետև հետպատերազմյա երիտասարդության մասին է․ Այո, ես կարծում եմ, որ այսօր պետք է խոսել այն երիտասարդ սերունդի մասին, որն անցել է պատերազմով ու այսօր էլ շատերը գտնվում են այն նույն հոգեվիճակում, ինչպես այս գործի հերոսները, կերպարները։ Պետք է խոսել, հիշեցնել պատերազմների ու դրանց միջակայքում ապրող մարդկանց մասին։ Մենք չենք փորձում տալ որևէ լուծում կամ՝ պատասխան, մենք պարզապես ուզում ենք հուշել, որ այսպիսի իրականություն է, որ եղել է նաև Գերմանիայում։ Եվ իհարկե՝ ասում ենք, որ ընտրություն կա, յուրաքանչյուր ոք ինքն է ընտրում, թե ինչպես վարվել դժբախտությունների ու արհավիրքների իրավիճակում՝ ընտրել երջանիկ լինելը, թե՝ կործանումը։ Հարթ է ընթացել բեմադրման գործընթացը՝ հարցնում եմ, ու սա Ձեր առաջին թատերականն է․ Այնպես, ինչպես յուրաքանչյուր ստեղծագործական աշխատանք։ Ոչ, սա առաջինը չէ, արդեն երրորդը,- մանրամասնեց Հրաչ Քեշիշյանը։
Անանիա Շիրակացի ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը ներկայացումը դիտելով վերհիշել է մանկությունը, երբ առաջին անգամ կարդաց Ռեմարկի համանուն ստեղծագործությունը․ Եվ սպասում էի մի անսովոր կարոտախտի արթնացման, ինչը տեղի ունեցավ այստեղ և հիմա, այս ներկայացմանը, իմ սպասելիքները արդարացվում են։
Հայ Ֆեստ թատերական փառատոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Ղուկասյանին հարցրեցինք ներկայացումից իր տպավորության մասին․ Հրաչյա Քեշիշյանն ինչպես մտածել էր՝ պատմում էր, որ պիտի լինի երաժշտություն, թեթևություն, շատ երիտասարդական, թեև՝ ստեղծագործությունը բավական հին է, սակայն արդիական, այդիսին էլ կա, ամբողջ ընթացքը՝ երկու գործողություն, աննկատ անցավ։ Հետաքրքիր է Դավիթ Մինասյան նկարչական ձևավորողի մտահղացումները, երբ արկղերը դառնում են մեքենայի նստատեղ, սրճարանային աթոռ ու բազկաթոռ, կան սիրո տեսարաններ, կա ամբարձիչ – վերելակի օգտագործումը, երաժշտությունը, պարերը լավն էին ․․․ Ի վերջո, ներկայացումը հետպատերազմյա կյանքով ապրող երիտասարդների մասին է, որ փորձում են խմելով մեղմել ցավը, թեթև ապրել, հետո կորցնել ամեն ինչ ու կյանքեր ․․․ Այս ամենին ապրումակցում է այսօրվա հանդիսատեսը, որ ևս հետպատերազմյա իրականությունում է ․․․ Այնպես որ՝ ինձ շատ է դուր գալիս,- մանրամասնեց Արթուր Ղուկասյանը։
Բաց մի թողեք
Ազնավուրի մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմն այսօրվանից կինոէկրաններին է
Վահան Արծրունի՝ հրաշալի մտավորական, անհատականություն, երաժիշտը․ Տեսանյութ
Երվանդ Քոչարի ստեղծագործություններից երկուսը ցուցադրվել են Փարիզում. Լուսանկար