Հայաստանի ԱԳՆ-ն նոր հաղորդագրությամբ հայտնել է, որ Վաշինգտոնում կստորագրվի Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր: Դա տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 22։00-ին: Հայ-ամերիկյան հարաբերությունը նոր մակարդակի բարձրացնող այդ փաստաթղթի վերաբերյալ հիմնական հարցադրումները, անշուշտ, հնչել են:
Փաստաթղթի առավել մանրամասն գնահատականի համար, անշուշտ, կարևոր է դրա բովանդակային մանրամասների հանրայնացումը: Սակայն անկասկած է, որ ինքնին ստորագրման փաստը ոչ միայն նշանակում է հայ-ամերիկյան հարաբերության այսպես ասած իրավապայմանագրային բազայի ընդլայնում և աստիճանի բարձրացում, այլ նաև որոշակիորեն նոր իրավիճակ Կովկասում:
Վերջին հաշվով, անկախ, թե գործնական կիրառության առումով ինչպիսին կլինի նոր վարչակազմի վերաբերմունքը, ինքնին հայ-ամերիկյան փաստաթղթի առկայությունն արդեն իսկ արձանագրված իրողություն է, որը առնվազն տալիս է Հայաստանի համար աշխատանքային նոր հնարավորություններ:
Իհարկե, կարևոր է, թե Հայաստանն ինչպես է օգտագործելու այդ հնարավորությունները, կա՞ դրան ունակ մասնագիտական կոմպետենտությունն ու մտածողությունը, քաղաքական միտքը: Սա Հայաստանի համար ոչ միայն առարկայական, այլ նույնիսկ էքզիստենցիալ հարց է:
Ռեգիոնալ առումով, հայ-ամերիկյան հարաբերության աստիճանի բարձրացումը և դրա ազդեցությունը, ըստ էության, կախված է լինելու այդ աշխատանքի տրամաբանությունից և արդյունավետությունից: Այլ կերպ ասած, փաստաթուղթն ինքնին՝ ոչինչ է, եթե չկա դրա սպասարկման բավարար գործընթաց:
Եվ դա վերաբերում է ոչ միայն հայ-ամերիկյան ռազմավարական գործակցության փաստաթղթին, այլ ըստ էության միջպետական ցանկացած փաստաթղթի: Ինքնին փաստաթղթերը ոչինչ են դառնում, եթե դրանք ստորագրողները երկու կողմն էլ, կամ թեկուզ ստորագրող որևէ մեկ կողմ, պարզապես «հանգստանում» են դրանց վրա:
Միջպետական փաստաթղթերը կարևոր և նշանակալից է դարձնում այն աշխատանքի որակն ու արդյունքը, որը կատարվում է այդ փաստաթղթերի հիման վրա:
Բաց մի թողեք
Հայաստանն ահռելի տնային աշխատանք ունի կատարելու
Պուտին – Թրամփ բանակցություններն՝ ընդդեմ Հայաստանի
Կառավարությունը պարզապես բարձրացնում է ՓՄՁ հարկը, իսկ բացատրություններն ընդամենը փոքրերի համար են