Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը:
Քննական առաջին օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական կենտրոնում հայոց լեզու և գրականություն առարկայից միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 4359 դիմորդ. Երևանի 9 քննական կենտրոնում՝ 1164-ը, մարզերի 27 կենտրոնում՝ 3195-ը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է քննությունների ընթացքին և հաջողություն է մաղթել դիմորդներին:
Մինչ քննության մեկնարկը նախարարի տեղակալը ԳԹԿ տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, հետաքրքրվել՝ ինչ մասնագիտություն են ընտրելու: Թիվ 20 դպրոցում ընդունելության քննության համար հայտագրված 120 դիմորդից երկուսը չեն ներկայացել:
Մինչ քննասենյակ մտնելը դիմորդները համապատասխան սարքի՝ մետաղորսիչների միջոցով ստուգվել են՝ բացառելու կապի միջոցների առկայությունը քննության ընթացքում և ապահովելու բոլորի համար հավասար և անաչառ պայմաններ:
Քննության գնահատականները հայտնի դառնան 5-րդ օրը, իսկ մինչ այդ քննական օրվա երկրորդ կեսին Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրապարակի թեստերն ու ճիշտ պատասխանները:
Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու:
Հատկանշական է՝ բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար Գնահատման և թեստավորման կենտրոնը ստացել է 11 606 հայտ, ինչը 2000-ով ավելի է նախորդ տարվա համեմատ:
Հիշեցնենք, որ 2022 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ԳԹԿ-ն ընդունելության քննությունները կազմակերպում է երկու փուլով:
Առաջին փուլը հունվար-փետրվար ամիսներին անցկացված միասնական քննություններն են, երբ դիմորդը հանձնում է միայն միասնական քննություններ իր նախընտրած առարկաներից՝ առանց բուհ և մասնագիտություն նշելու:
Երկրորդ փուլում բոլոր դիմորդները, անկախ առաջին փուլի արդյունքներից, անպայման հայտագրվում են ԳԹԿ-ի dimord.am կայքում՝ ընտրելով բուհը և մասնագիտությունը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Բաց մի թողեք
Երկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելու
Ինչ են գնելու 148,5 միլիոն դրամով
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը. Լուսանկար