ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ամփոփել է 2024 թվականի գործունեությունն ու խոսել տարվա ընթացքում իրականացված աշխատանքներից:
Անդրադառնալով մանկապարտեզների և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող կառույցներում սննդի գնումների խնդիրներին, ՄՊՀ նախագահն ասել է, որ ուսումնասիրության հիմնական առարկաներն են եղել կաթնամթերքը, կարագն ու պանիրը։
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձնաժողովին է ներկայացրել հարցը՝ խնդրահարույց գնումների վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով։ Հանձնաժողովը դիտարկել է բոլոր համայնքները և արձանագրել է մի շարք խախտումներ։
«Հաճախ մանկապարտեզներում մատակարարվում են կարագ և պանիր, որոնք գնային սեգմենտով շատ էժան են: Արդյունքում մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ այդ ապրանքները ֆորմալ առումով համապատասխանում են տեխկանոնակարգերի պահանջներին, բայց իրականում չեն համապատասխանում որակի չափանիշներին»,- նշել է Գևորգյանը։
Նա ասել է, որ հանձնաժողովը նախատեսում է ոչ միայն վարչական պատասխանատվության ենթարկել խախտում կատարող տնտեսվարողներին, այլև ձեռնարկել համակարգային փոփոխություններ։
«Մենք ցանկանում ենք, որ գնումների գործընթացում կարգավորումներ իրականացվեն, որոնք կբացառեն որակապես ոչ համապատասխան ապրանքների մատակարարումը մանկապարտեզներին և այլ սոցիալական կառույցներին»,- ասել է նա։
Գևորգյանը մատնանշել է, որ կաթնամթերքի որոշ տեսակներ՝ կարագը և պանիրը, վաճառվում են շուկայականից զգալիորեն ցածր գներով, ինչը ենթադրում է հնարավոր խախտումներ։
«Հանձնաժողովի ուսումնասիրությունը դեռ շարունակվում է, և վերջնական արդյունքները կներկայացվեն առաջիկա ամիսների ընթացքում»,- ասել է ՄՊՀ նախագահը:

Բաց մի թողեք
«Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է»․ Կոռնիձորի վարչական ղեկավար
Գերմանիայի արևելքում ընտրատեղամասերի բացման հետ մեկտեղ ծայրահեղ աջակողմյան AfD-ն առաջատար դիրք է գրավում
Ալեն Սիմոնյանն ու Անելիա Գուբրյանը պսակադրող քահանան ևս միացել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու արշավին