12/03/2025

Որքանով է պաշտոնական Երևանն ի վիճակի արդյունավետ փոխհարաբերություն հաստատել ԱՄՆ նոր վարչակազմի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ պաշտոնապես չեղարկում է ԱՄՆ Միջազգային զարգացման ծրագրերի 83 %-ը: Ըստ նրա՝ 5000-ից ավելի ծրագրերի ահռելի մասը ենթադրել է միլիարդավոր դոլարների հատկացումներ, որոնք չեն բխել ԱՄՆ շահից, իսկ որոշ դեպքերում էլ հակասել են դրան:

Միաժամանակ նա հայտարարել է, որ պետքարտուղարությունը մտադիր է ավելի արդյունավետ կառավարել ուժի մեջ մնացած մոտ 1000 ծրագրերը:

Հիշեցնեմ, որ պաշտոնամուտից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կայացրեց ԱՄՆ ՄԶԳ-ն վերակազմակերպելու, աշխատակազմը կրճատելու, կառույցը պետքարտուղարության ենթակայության ներքո բերելու որոշում:

Պետական ծախսերի արդյունավետության նորաստեղծ գործակալության ղեկավար Իլոն Մասկը դրանից առաջ ազդարարել էր, որ պետք է դադարեցնել արտաքին օժանդակության ծրագրերը: Որքանո՞վ է Հայաստանին առնչվելու ԱՄՆ ՄԶԳ ծախսերի 83 տոկոսի կրճատումը:

Հայաստանը որքանո՞վ է ներկա լինելու այն մոտ 1000 ծրագրերում, որ մտադիր է առավել արդյունավետ կառավարել և իրականացնել պետքարտուղարությունը: ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանում գործել է գրեթե երեք տասնամյակ և այդ ընթացքում, իհարկե, միամտություն կլինի ասել, որ բոլոր ծրագրերն ու հատկացումները ունեցել են հանրօգուտ էական նշանակություն, բայց որ գործակալությունը Հայաստանում իրականացրել է շատ կարևոր ծրագրեր, կասկածից վեր է:

ԱՄՆ ՄԶԳ գործունեության ընթացքում Հայաստանում էական նախաձեռնություններ են եղել տարբեր ոլորտներում, որոնք նպաստել են թե՛ պետական կառավարման համակարգում, թե՛ հասարակական տարբեր ուղղություններում արդիականացաման ընթացքին:

Այդ առումով, անկասկած, Հայաստանի համար շոշափելի կորուստ կլինի գործակալության ծրագրերի դադարեցումը: Միևնույն ժամանակ, այս հարցը պետք է լինի հայ-ամերիկյան դիվանագիտական օրակարգի մաս:

Հայաստանի կառավարությունը պետք է կարողանա աշխատել պետքարտուղարության հետ, ԱՄՆ ՄԶԳ ծրագրային արեալում Հայաստանը պահելու և հանրայնորեն իսկապես կարևոր նշանակության ծրագրերը շարունակելու համար:

Ավելին՝ սա նույնիսկ կարող է լինել ցուցիչ, թե որքանով է պաշտոնական Երևանն ի վիճակի արդյունավետ փոխհարաբերություն հաստատել ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ այդ կերպ նաև ապահովելով նախորդ վարչակազմի վերջին օրերին ստորագրված հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հանձնաժողովների կանոնադրությունից բխող աշխատանքի առարկայական շարունակություն:

Վերջին հաշվով, դրա էֆեկտը պետք է լինի ոչ թե ներքին սպառման համար անհրաժեշտ տեղեկատվա-քարոզչական, այլ աշխատանքային-առարկայական: