«Սա նոր գորճելաոճ չէ: Թե՛ անցած տարի, թե՛ նախանցած տարի բազմաթիվ էին նման հայտարարությունները, թե Հայաստանը խախտում է զինադադարը, ինչ-որ գործողություններ է կատարում»:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից սադրանքներին և երկրի ՊՆ-ի կողմից պարբերաբար արվող կեղծ հայտարարություններին. «Հիմա, իհարկե, շատ կարևոր գործիք ունենք, դիտորդներն են, որոնք արձագանքեցին թե՛ այս դեպքում, թե՛ նախկինում: Միջազգային հանրությունը գիտակցում է, որ կեղծ հայտարարությունները չեն նպաստում որևէ դրական գործընթացի: ԵՄ հետ Գործընկերության նոր օրակարգում առաջին անգամ անդրադարձ է եղել անվտանգային ոլորտին՝ որպես առանձին ուղղություն, և այս համատեքստում ԵՄ-ի հետ մեր գործընկերության անվտանգային բաղադրիչը հաջողությամբ զարգանում է»:
ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը մասնավորեց․ «Նաև քննարկում ենք նոր պաշտպանական և անվտանգային հարցերով խորհրդակցությունների մեխանիզմի մեկնարկը, որը մեր քաղաքական և անվտանգային երկխոսության մաս կկազմի։ Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության մանդատի երկարաձգումը գալիք երկու տարիների ընթացքում շարունակելու է զսպող գործոն հանդիսանալ՝ նպաստելով սահմանային շրջաններում կայունության միջավայրի ամրապնդմանը և էսկալացիայի հնարավոր ռիսկերի կանխարգելմանը»։
ԱԳ փոխնախարարի խոսքով՝ մարտի 16-ից Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի սկսել բարձրորակ ջրային կուլտուրաների, թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքի խավիար և ձկնկիթ արտահանումը ԵՄ երկրներ․ «ԵՄ խորհրդի որոշմամբ՝ նոր հայտ ենք ներկայացրել մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ. երկխոսությունը, բանակցությունները շարունակվում են: Կարծում եմ, որ գործընթացը կունենա արդյունավետ ընթացք հնարավորինս արագ, որպեսզի առանց վիզայի ռեժիմի համակարգը գործի Հայաստանի քաղաքացիների համար։ Մենք բարձր ենք գնահատում Եվրամիության և անդամ երկրների ամբողջ վճռականությունը Հայաստանին աջակցելու հարցում»:

Բաց մի թողեք
Ընտրական գործընթացում կան տեխնիկական խնդիրներ, մենք բոլոր ահազանգերով զբաղվում ենք. ԿԸՀ նախագահ
Բոլոր ընտրական տեղամասերը բացված են. ՀՀ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել