24/04/2025

Ռուսաստանը կհամաձայնի՞, որ «օսմանյան զորքը մտնի Նովոռուսիա»

Առանց Թուրքիայի հնարավոր չէ եվրոպական մայրցամաքի անվտանգություն ապահովել: Այդ մասին կառավարության հերթական նիստից հետո հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս անգամ նա ընտրել է հեռուստաուղերձի տարբերակը:

Ըստ երևույթին՝ այդպես է թելադրում ոչ միայն ներքին իրավիճակը, այլև վերջին օրերի բուռն իրադարձություններով պայմանավորված՝ եվրոպական երկրների արձագանքը:

Մարտի 18-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ժնևում մասնակցել է Կիպրոսի կարգավորման հարցով ոչ պաշտոնական քննարկումների, որոնց մասնակցել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը:

Նոր իրավիճակում, երբ Եվրամիությունն իրոք ունի Թուրքիայի ռազմաարդյունաբերական համալիրի կարիքը, Անկարան, երևում է, փորձել է Կիպրոսի հյուսիս- թուրքական «հանրապետության» հարցում զիջումներ կորզել, բայց դարձյալ ապարդյուն: Առավելագույնը, որ Կիպրոսի հարցում Եվրամիությունը պատրաստ է զիջել, կղզու խաղաղ միավորումն է՝ համադաշնային պետություն հռչակելու միջոցով:

Թուրքիան առայժմ դիմադրում է և պնդում, որ Կիպրոսի հյուսիսային հատվածի բնակչությունը նույնպես անկախ պետության իրավունք ունի: Այդ հարցում, երևում է, Թուրքիան բախվում է ոչ միայն Եվրամիության անդամ երկրների, այլև Մեծ Բրիտանիայի դիմադրությանը:

Միաժամանակ, սակայն, Կիպրոսի դե ֆակտո իրավիճակի փոփոխության ուղղությամբ որևէ քայլ չի արվում: Եվրամիությունն ակնհայտորեն զգուշանում է Թուրքիայի ռազմական «արկածախնդրությունից», որ կարող է տարածվել նաև Բալկաններում:

Եվրոպայի հետ ազդեցիկ դերակատարի դիրքերից խոսելու հնարավորություն Թուրքիան ունի. Միացյալ Նահանգները որդեգրել է քաղաքական ուղեգիծ, որ եվրոպացիներին ստիպում է վերանայել անվտանգության հետ կապված հարցերը: Թուրքիան իրոք կարող է այդ «նոր ճարտարապետության» մաս կազմել, բայց նույն տեսաուղերձում Էրդողանը խոսել է Միացյալ Նահանգների հետ տարեկան ապրանքաշրջանառությունը 100 միլիարդ դոլարի հասցնելու նպատակի մասին:

Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնում է Վաշինգտոն: Ընդ որում՝ օրակարգում նաև Թրամփ-Էրդողան գագաթաժողով կազմակերպելու հարցն է:

Կառավարության նիստից հետո Ուկրաինայի խնդրով Էրդողանի հայտարարությունը խիստ չափավոր է: Նա Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սատարելու մասին ոչ մի ձևակերպում չի օգտագործել: Էրդողանն ընդգծել է, որ պատերազմի սկզբից ի վեր Թուրքիան «շատ ճիշտ դիրքորոշում է ընդունել» և շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի չորրորդ տարին շարունակվող պատերազմը դադարի, հետագա արյունահեղությունը և ավերածությունները կանխվեն, իսկ համաձայնությունը խաղաղություն ապահովի երկու կողմերի համար:

Հասկանալի է, որ Թուրքիայի նախագահի խոսույթի փոփոխությունը պայմանավորված է Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան բանակցություններով: Ապագա կարգավորման այսպես կոչված «տարածքային բաղադրիչի» մասին Վաշինգտոնից հնչող տեսակետը չափազանց անորոշ է, բայց հստակ է, որ Միացյալ Նահանգները ոչ մի քայլ չի ձեռնարկելու Ուկրաինայի նույնիսկ 2022 թվականի փետրվարի 24-ի դրությամբ սահմաններն ապահովելու համար:

Նման իրավիճակում, ինչ խոսք, Թուրքիայի նախագահը թույլ չի տա խոսել անգամ Ղրիմի մասին, թեև ավելի վաղ Էրդողանը բազմիցս հանդես է եկել թերակղզու արմատական բնակչության՝ թաթարների, իրավունքների վերականգնման և պահպանման վճռականության մասին բազմաթիվ հայտարարություններով:

Ներկա պահին որքանով կարելի է հասկանալ, Թուրքիան փորձում է տեղ գտնել հետկոնֆլիկտային Ուկրաինայում՝ առաջարկելով «խաղաղապահ առաքելությանն» իր մասնակցությունը:

Հարցն այն է, թե Ուկրաինայում թուրքական ռազմական ներկայությունը որքանո՞վ կարող է նպաստել Եվրապայի անվտանգությանը: Աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսի է, որ Եվրոպան գրեթե ոչնչով չի կարող օգնել Թուրքիային: Բայց ուկրաինական կարգավորմանը Թուրքիայի ռազմական մասնակցությունն ի՞նչ է տալիս կամ կտա Եվրոպային: Մանավանդ որ Ուկրաինայում «խաղաղապահ առաքելությունը» պետք է լիովին համաձայնեցվի Ռուսաստանի հետ:

Դիտորդներն արձանագրում են, որ Ուկրաինայում «խաղաղապահ ուժեր» տեղաբաշխելու հարցում Վաշինգտոնը ճնշում է գործադեր Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նկատմամբ, և նրանք արդեն խոսում են միայն հետախուզական տեղեկություններ տրամադրելու և օդը փակելու կարողություններից Ռուսաստանը կհամաձայնի՞, որ «օսմանյան զորքը մտնի Նովոռուսիա», այն տարածքներ, որ 18-րդ դարում մի քանի արյունահեղ պատերազմով գրավվել են Թուրքիայից: