02/09/2026

EU – Armenia

Հայ-ռուսական հարաբերություններին խնամքով վերաբերվելու եթե կարիք կա, ապա ինչու է այսքան վատ

Իհարկե, Հայաստանի իշխանություններն իրավունք չունեին հայ-ռուսական հարաբերությունները դիտել այնպես, ինչպես դիտում են այսօր: Իհարկե, նրանք իրավունք չունեին հայ-եվրոպական հարաբերությունները զարգացնելու փորձերն իրականացնել հայ-ռուսական հարաբերությունների հաշվին:

Սակայն ինչքան որ Հայաստանի իշխանություններն իրավունք չունեին հայ-եվրոպական հարաբերությունները զարգացնելը հայ-ռուսական հարաբերությունների հաշվին անել, այդքան էլ ռուսական կողմն այսօր իրավունք չունի հայ-ռուսական հարաբերությունների կարգավորումը Հայաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելով պատկերացնել:

Ի վերջո, Ռուսաստանում պետք է ընդունեն, որ հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա վիճակի պատճառը ոչ միայն դեպի Եվրոպա գնալու Հայաստանի օրվա իշխանությունների չափազանցված շտապողականությունն է, այլ նաեւ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ստանձնած դաշնակցային պարտականությունների չկատարումը:

Այս տեսակետից, չնայած Ռուսաստանի նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքին, միեւնույն է, մենք չենք հասկանա այն Ռուսաստանին, որը Հայաստանի հանդեպ պատժամիջոցներ ենթադրող իր քաղաքականությունը «մենք թույլ չենք տա, որ Հայաստանն իր Եվրամիություն գնալը Ռուսաստանի հաշվին անի» հիմնավորմամբ է արդարացնում:

Չենք հասկանա, որովհետեւ Հայաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները ոչ թե Եվրամիություն Հայաստանի գնալու ֆինանսավորումը Ռուսաստանի հաշվին չանելուն է վերաբերում, այլ Ռուսաստանի կողմից Հայաստանի Եվրասիական միությունում մնալը չֆինանսավորելուն վերաբերող պատժամիջոցներ են:

Ռուսաստանում պետք է հասկանան, որ իրենց կովկասյան քաղաքականության ձախողված լինել կամ չլինելը ոչ թե Հայաստանի՝ Եվրամիություն գնալն իրենց հաշվին թույլ չտալով է չափվելու, այլ այն պարզ իրողության հետ առերեսվելով, ըստ որի՝ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով իրենք ոչ թե Հայաստանի՝ Եվրամիություն գնալը, այլ նրա Եվրասիական միությունում մնալը չեն ֆինանսավորի:

Իսկ դա արդեն ոչ թե հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պահելուն, այլ Հայաստանին Արեւմուտքի գիրկը նետելուն վերաբերող քաղաքականություն կլինի: