Երեկ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացած ՇՀԿ գագաթաժողովից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բաց ձևաչափով առանձին հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը հերթական անգամ անդրադարձավ Հայաստանի՝ ԵԱՏՄ ընտանիքից դեպի Եվրամիություն գնալու ձգտումներին և նորից խոսեց այդ հարցում հնարավորինս արագ կողմնորոշվելու մասին, որպեսզի Ռուսաստանը վերանայի իր քաղաքական-տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ և նաև որոշակիորեն շտկի ԵԱՏՄ կառույցի գործունեությունը՝ արդեն առանց Հայաստանի մասնակցության։
Այդուհանդերձ, ՌԴ առաջնորդը շեշտեց, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակում Հայաստանը մի շարք տնտեսական արտոնություններից է օգտվում, որոնք անհասանելի են այդ կառույցի անդամ չհանդիսացող պետությունների համար։ Վլադիմիր Պուտինը «իմիջիայլոց» հիշեցրեց ռուսական էներգակիրների արտոնյալ գնի մասին, որից օգտվում է Հայաստանը՝ ասելով, որ Հայաստանը ռուսական գազը ձեռք է բերում 165 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի համար, այն դեպքում, երբ Եվրամիության երկրները, որոնց շարքերում է ձգտում հայտնվել Հայաստանը, 800 եվրո են ստիպված վճարել ռուսական 1000 խորանարդ մետր գազի համար։ ՌԴ նախագահը արտոնությունների շարքում թվարկեց նաև ռուսական շուկան, ռուսական ներդրումները Հայաստանում։
«Մեզ հետ աշխատելով և այդ արտոնություններից օգտվելով՝ այդ երկիրը ձգտում է նման կառույցից հեռանալ։ Ուրեմն թող ազնվորեն ասեն, թե ինչ են իրենք ուզում, որոնք են նրանց նպատակները»,- այսպիսի հարցադրմամբ Վլադիմիր Պուտինն անուղղակիորեն դիմեց ՀՀ իշխանություններին՝ տարակուսելով, թե ինչպե՞ս և հանուն ինչի՞ կարելի է հրաժարվել այդպիսի հնարավորություններից։
Ամեն դեպքում նախագահը նշեց, որ հայկական կողմի հետ պայմանավորվել են հանգիստ ռեժիմով երկխոսել այս թեմայի շուրջ։ Նրա տեղեկացմամբ՝ Փաշինյանն առաջարկել է մանրամասնորեն վերլուծել երկու պետությունների համատեղ աշխատանքները ԵԱՏՄ կառույցում՝ բոլոր ուղղություններով, և Պուտինը ՀՀ վարչապետին հրավիրել է Մոսկվա, որպեսզի հանգիստ, առանց շտապելու հայկական ու ռուսական կողմի կառավարության մասնագետները նստեն մեկ սեղանի շուրջ և յուրաքանչյուր կետով վերլուծություն անեն։
Օրինակ՝ Հարավկովկասյան երկաթուղու հետագա գործունեությունը քննարկեն, ուսումնասիրեն, թե որքանով է հնարավոր Հայաստանի երկաթուղիներում նոր ներդրումներ անել։ «Բնական է, եթե զարգացում լինի այդ ոլորտում, ապա նաև ներդրումները կհոսեն, զարգացում չի լինի, ներդրումներն էլ անհնարին կլինեն։ Ռազմական գործողությունների դադարեցումից հետո գուցե հիմա ամեն ինչ այլ ընթացք ստանա։ Կբացվեն Թուրքիայի հետ և այլ ուղղություններով սահմանները, և բեռնափոխադրումների ծավալները կաճեն։ Այդ դեպքում այդ ներդրումներն ով ասես կարող է անել, նաև Ռուսաստանը»,- հայտնեց Պուտինը՝ այդպիսով հասկացնելով, որ Ռուսաստանը պատրաստակամ է շարունակել հայկական երկաթուղիների հետագա շահագործումը՝ ի հեճուկս այդ ընկերությունը Հայաստանից հեռացնելու արևմտյան հրահանգների։
Ի դեպ, կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը թեև նորից ու նորից պնդեց, որ ռուսական ընկերությունը պետք է հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը կամ հանձնի երրորդ երկրի, կամ հրաժարվի դրա շահագործումից, բայց դրանից հետո Հանրայինի եթերում հարցազրույցին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ օրեր առաջ քննարկումներ են եղել Հարավկովկասյան երկաթուղու ընկերության ղեկավարության հետ, և իրենք հայկական երկաթուղին ընդլայնելու և մինչև սահմաններ հասցնելու համար ներդրումներ կատարելու պատրաստակամություն են հայտնել։ Նման հակասական հայտարարությունները թյուրըմբռնում են առաջացնում հայաստանյան իշխանությունների մտադրությունների նկատմամբ՝ ի վերջո ո՞րն է նրանց հստակ դիրքորոշումը, որի համաձայն էլ գործնական քայլեր կարվեն։
Ինչո՞ւ չեն կարողանում այդ հարցում հստակություն մտցնել։ Գուցե պատճառն իրոք այն է, որ Ռուսաստանի և նրա ղեկավարությամբ գործող ԵԱՏՄ կառույցի անդամ լինելով՝ Հայաստանը մի շարք արտոնություններ է ստանում, որպիսիք մեզ չեն առաջարկում Եվրամիությունից։ Համենայն դեպս, այնտեղից առայժմ ավելի շատ պոպուլիստական հայտարարություններ և չիրականացված խոստումներ են հնչում՝ չհաշված Հայաստանի ուղղությամբ նետած մի քանի միլիոն եվրո աջակցությունը, որը համեմատելի չէ ԵԱՏՄ-ից Հայաստանի ստացած նյութական օգուտների հետ։ Արդյո՞ք մեր իշխանությունների մոտ կա այն գիտակցումը, որ ԵԱՏՄ-ից հեռանալով՝ իրոք երկիրը զգալիորեն տուժելու է և անգամ այդ վնասի չնչին մասը չի կարողանալու ստանալ Եվրամիությանն անդամակցելու համար տևական ու գուցեև անիմաստ հերթի մեջ սպասելիս։
Հենց դրա համար էլ Փաշինյանը այդքան ամուր բռնել է ԵԱՏՄ-ի պոչից և չի ուզում բաց թողնել՝ մինչև համոզված չլինի, որ ԵՄ-ից իր օգուտներն ավելին են լինելու։ Իսկ այդ առումով դեռևս հուսադրող որևէ բան չկա, ինչի մասին երեկ Փաշինյանն ասաց Պուտինի հետ հանդիպմանը, որ ԵԱՏՄ-ին Հայաստանը դեռևս հստակ ու իրատեսական այլընտրանք չունի, հետևաբար չի ուզում հրաժարվել Եվրասիական տնտեսական միության կազմում մնալուց, անգամ Պուտինին հիմքեր բերեց, թե ինչու ԵԱՏՄ անդամ երկրները չեն կարող ինքնակամ Հայաստանին հեռացնել այնտեղից։ Եվ իրոք, միայն էներգակիրների գների վերանայումը Հայաստանի համար, եթե այն այլևս ԵԱՏՄ անդամ չլինի, ինչի մասին թերևս երեկ ակնարկեց ՌԴ նախագահը, Հայաստանում սոցիալ-տնտեսական մեծ լարվածություն կստեղծի, ինչը հնարավոր չի լինի մեղմել որպես աջակցություն Հայաստանին տրված եվրոներով։ Անգամ ադրբեջանական էլեկտրաէներգիան այդպիսի հնարավորություն չունի գազին փոխարինելու, քանի որ այդ դեպքում Հայաստանը ստիպված կլինի հսկայական ներդրումներ անել երկրի ենթակառուցվածքները էլեկտրաէներգիայով սնուցմանը հարմարեցնելու համար։

Բաց մի թողեք
ԵՄ-ն հավանություն է տվել հայկական արտահանման 80%–ը մաքսատուրքերից ազատելու նախաձեռնությանը
Շտապ զորակոչ է հայտարարել․ ինչ է կատարվում
Լուլու՝ Լուսինե Բադալյանին դուր է եկել Գագիկ Խաչատրյանը․ Լուսանկար