Ինձ համար տարօրինակ է Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը և Նիկոլ Փաշինյանի վարքագիծը, չեմ կարողանում հասկանալ, թե նա ինչի համար էր գնացել Բիշքեկ՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին։
MediaHub-ի հետ զրույցում իր տեսակետը հայտնել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։ Նրա դիտարկմամբ՝ այդ կազմակերպությանը եվրոպական ոչ մի երկիր չի անդամակցում և հնարավոր էլ չէ միաժամանակ անդամակցել և՛ ԵՄ-ին, և՛ ՇՀԿ-ին։
«Փաշինյանի իշխանությունը նախորդ տարի օրենք է ընդունել և նա էլ ամեն տեղ հայտարարում է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին։ Եթե նրանք այդպիսի նպատակ են դրել, ինչպե՞ս են գնում համագործակցելու ՇՀԿ-ին։ Անցած տարի ևս այդ կառույցին անդամակցելու պաշտոնական հայտ էր ներկայացրել ՀՀ իշխանությունը, Պակիստանը Հայաստանի դեմ վետո կիրառեց և դա թույլ չտվեց։ Բայց իշխանությունները, ինչպես տեսնում ենք, շարունակում են համառել։ Եվ սա ընկալելի չէ՝ երկու, միմյանց հակասող կառույցներին միաժամանակ համագործակցելու հայտ ներկայացնել։ ԵԱՏՄ բոլոր երկրները, բացի Հայաստանից, ՇՀԿ անդամ են, և դա հասկանալի է, քանի որ նրանք ԵՄ ձգտումներ չունեն։ Մյուս կողմից էլ՝ հնարավոր է լինել և՛ ԵԱՏՄ, և՛ ՇՀԿ անդամ, որովհետև այդ երկու կառույցները սկզբունքային տարբերություններ չունեն և դրանց գործունեությունը, չափորոշիչները, նպատակները չեն հակասում մեկը մյուսին»,- այսպիսի կարծիք հայտնեց պատգամավորը։
Թեև Նիկոլ Փաշինյանը նման հարցերում չի կարողանում հստակ կողմնորոշվել, ինչպես որ ԵԱՏՄ և ԵՄ կառույցներին անդամակցելու հարցերում՝ փորձելով միաժամանակ օգտվել ԵԱՏՄ հնարավորություններից, արտոնություններից և սպասել նաև եվրոպական բարիքներին։ Բայց եթե այս դեպքում նա գոնե հստակեցնում է, որ մեկին լիարժեք անդամակցելուց հետո նոր միայն կդադարեցնի մյուսի անդամ լինելը, ապա «ՇՀԿ թե՞ ԵՄ» ընտրության հարց նա իր առջև չի դրել։ Ի դեպ, ՇՀԿ անդամակցությունն ընդգրկված է կառավարության 2026-2031 թվականների ծրագրում և այդ ծրագրի ռազմավարական կետերից մեկն է։ Չի բացառվում սակայն, որ ԵԱՏՄ կառույցից դուրս գալը նաև ՇՀԿ անդամակցության համար վճռորոշ նշանակություն ունենա և Փաշինյանին հերթական անգամ չընդունեն այդ կառույցում։
Խոսելով ԵԱՏՄ-ԵՄ դիլեմայի մասին՝ Էդգար Ղազարյանը Փաշինյանի վերաբերմունքը անլուրջ է համարում՝ ասելով, որ որևէ երկրի ղեկավար, ով լուրջ քաղաքական կողմնորոշում ունի և ընդհանրապես աշխարհաքաղաքական իրավիճակներում կարողանում է սթափ գնահատականներով առաջնորդվել, չէր հայտնվի այնպիսի իրավիճակում, որում այսօր Փաշինյանն է հայտնվել՝ Հայաստանի Հանրապետությունը տանելով դեպի ճգնաժամ։
«Ռուսաստանը, որը ԵԱՏՄ-ում առանցքային պետություն է, 2022 թվականի փետրվարից փաստացի պատերազմում է Եվրամիության անդամ երկրների և ԵՄ-ի հետ։ ԵՄ-ն և նրա անդամ պետությունները Ռուսաստանի դեմ կիրառում են պատմության մեջ աննախադեպ ծավալի պատժամիջոցներ։ Ռուսաստանն էլ գնահատում է իրավիճակը՝ ասում է՝ եթե դու իմ գործընկերն ես, մենք նույն միության մեջ ենք, ուրեմն պետք է ինձ հետ համագործակցես՝ ինչպես որ կանոնադրությունն ու ստանձնած պարտավորություններն են նախատեսում։ Ինչպե՞ս է հնարավոր մի կառույցի հետ համագործակցությունից օգուտներ ստանալ, բայց այդ կառույցից ստացած հաջողությունները օգտագործել հենց այդ կառույցի առանցքային պետության դեմ՝ ի շահ այն երկրների և կազմակերպությունների, որոնք թշնամաբար են տրամադրված Ռուսաստանի հանդեպ։ Իսկ ԵԱՏՄ-ից ստացած մեծածավալ օգուտները մաթեմատիկական հաշվարկներով արձանագրված են, թե որքան եկամուտ է ստացել Հայաստանը ռուսական շուկա արտահանումներից, որքան տնտեսական աճ է ունեցել, ՀՆԱ-ի ինչ ծավալ է ապահովել, ինչ արտոնություններից է օգտվել, էներգետիկ ռեսուրսների ինչ գներից է օգտվել։ Եթե դու միանում ես Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված պետություններին, դա քո ինքնիշխան իրավունքն է, բայց այդ դեպքում չես կարող այևս այդ օգուտներն ակնկալել։ Սա շատ տրամաբանական է։ Այնինչ Փաշինյանը փորձում է այդ տրամաբանությանը հակառակ գործել»,- ասում է Էդգար Ղազարյանը։
Նա համոզված է, որ և Պուտինը, և Փաշինյանը, և ԵՄ անդամ բոլոր երկրները գիտեն՝ Հայաստանն ԵՄ անդամ չի դառնալու։ Այսօր դատելով Հայաստանի ներքաղաքական վիճակից՝ կարելի է հետևություն անել, որ Փաշինյանն ինքն էլ առանձնապես շահագրգռված չէ այդ հեռանկարով: Այլապես ինչպե՞ս բացատրել մեր երկրում բռնապետական բարքերի հաստատումը: Մեր զրուցակիցը հարցադրում է անում՝ կա՞ եվրոպական որևէ երկիր, որտեղ ընտրությանը մասնակցած, ամենաշատ վստահության ձայն հավաքած ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները միաժամանակ լինեն անազատության մեջ։ Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառվել, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը բանտում են։ Նրա գնահատմամբ՝ այդպես է Բելառուսում։ Բելառուսի նախագահական ընտրություններից հետո Լուկաշենկոյի բոլոր մրցակից ընդդիմադիրները բանտարկվեցին։ Ստացվում է, որ Փաշինյանը Հայաստանը քաղաքական համակարգով սարքել է Բելառուս, Ադրբեջան՝ դիկտատուրայի ռեժիմով, բայց ուզում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ։
Եթե անգամ այդպիսի հնարավորություն լիներ, Էդգար Ղազարյանը համոզված չէ, որ դա հարկավոր է Հայաստանին։ «Մեզանում այնպիսի քարոզչական ընկալում կա, որ Եվրամիությունը միմիայն լավ բան է։ ԵՄ-ն պետությունների ինքնիշխանությունն առավելագույնս սահմանափակող կազմակերպություններից մեկն է։ Վերջին տասնամյակում ԵՄ առանցքային երկրներից մեկը՝ Միացյալ Թագավորությունը, դուրս է եկել այդ կառույցից։ Եվրոպայի կենտրոնում կան եվրոպական երկրներ՝ Շվեյցարիա, Նորվեգիա, որոնք Եվրոպական միության անդամ դառնալու որևէ մտադրություն չունեն։ Այսինքն՝ կարելի է եվրոպական արժեհամակարգով, ինստիտուտներով երկիր լինել, բայց չդառնալ այդ կազմակերպության անդամ։ Կազմակերպության անդամ կարելի է լինել այն դեպքում, եթե դա շահեկան է տվյալ պետության համար։ Կան դեպքեր, որ պետության անդամակցությունը ԵՄ-ին նպաստել է այդ երկրի տնտեսական, քաղաքական զարգացմանը։ Օրինակ՝ Լեհաստանը։ Բայց Լեհաստանի աշխարհագրությունը, կարգավիճակը ԵՄ համար այլ նշանակություն ունի։ Ինչը չի կարելի ասել Հայաստանի մասին։ Փաշինյանը գնում է արկածախնդրության։ Ընտրում է մի կազմակերպություն, որին անդամակցելու հիմնավորումները մեզ չի ներկայացրել։ Եվ այդպես անորոշ ապագայի համար Փաշինյանը հիմա վտանգում է մեզ համար ռազմավարական կարևորություն ունեցող կառույցի ու դրա առանցքային երկրի հետ հարաբերությունները»,- ասում է պատգամավորը՝ հիշեցնելով, որ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Հայաստանն արդեն ԵՄ-ի հետ խորը և ընդլայնված հարաբերություններ ձևավորելու քայլեր է նախաձեռնել և ստորագրել է ՍԵՊԱ-ի համաձայնագիրը:
Նրա դիտարկմամբ՝ ԵՄ-ի հետ Հայաստանը գործընկերային հարաբերություններ սկսել է ձևավորել մինչև Նիկոլ Փաշինյանը։ Արևելյան գործընկերության ծրագիրը եղել է մինչև Փաշինյանը, ինչը նրա օրոք տապալվել է։ ՍԵՊԱ-ի համաձայնագիրը ստորագրվել է մինչև Փաշինյանը, նրա օրոք այն չեն կարողացել իրագործել։ ԵՄ-ի հետ տարբեր ոլորտներում բարեփոխման բազմաթիվ ծրագրեր իրականացվել են մինչև Փաշինյանը, իսկ նրա օրոք ԵՄ-ն Հայաստանին անգամ 12 մլն եվրոյանոց վրան չի կարողացել տալ՝ դաշտային հոսպիտալի համար, քանի որ Հունգարիան վետո էր դրել։
Մյուս կողմից էլ պատգամավորը չի հասկանում Հայաստանի շտապողականությունը դեպի Եվրամիություն, երբ անգամ ՍԵՊԱ-ի 900 էջանոց պարտավորությունները չի կատարել: Եվրամիության հետ այդ ձևաչափով համագործակցությունը համենայնդեպս չէր վտանգի ԵԱՏՄ-ում Հայաստանի համար շահեկան ներկայությունը:
Ամփոփելով խոսքը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը արձանագրում է, որ հայ-ռուսական հարաբերությունները մտել են ռեգրեսիվ փուլ՝ հետընթաց են ապրում։ Առաջիկայում ականատես կլինենք այդ հարաբերությունների աստիճանական խզմանը։ «Հայաստանը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, թշնամաբար է տրամադրված հենց Ռուսաստանի դեմ։ Սա ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի դեմ չէ։ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հիմնադիր անդամ պետություն է նաև Ղազախստանը։ Մինչև հիմա Փաշինյանից դժգոհություն լսե՞լ եք Ղազախստանի հասցեին։ Այնինչ ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից բողոքելուց նա միայն Ռուսաստանին է թիրախավորում, նշանակում է, որ նրա խնդիրը հենց Ռուսաստանի հետ է, նա թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի դեմ, ինչը չի կարող հետևանքներ չունենալ»։

Բաց մի թողեք
Շտապ զորակոչ է հայտարարել․ ինչ է կատարվում
Լուլու՝ Լուսինե Բադալյանին դուր է եկել Գագիկ Խաչատրյանը․ Լուսանկար
Փաշինյանին թվում է, թե ինքը կարող է ծաղրել Չինաստանին, Ռուսաստանին, Հնդկաստանին, Իրանին ․․․