«Զովք»-ում հաճախորդը կարծես ֆուտբոլի գնդակ լինի…
«Զովք» սուպերմարկետների ցանցում կամ պարզապես աշխատել չգիտեն, կամ էլ՝ հաճախորդին հարգել չեն ցանկանում։ Արդեն որերորդ անգամ եմ բախվում կատարյալ անտարբերության, անփույթ վերաբերմունքի ու տարրական սպասարկման մշակույթի բացակայության։ Եվ ամենացավալին այն է, որ այդ վերաբերմունքին արժանանալու համար, կարծես, ոչինչ էլ չեմ արել։
Մի անգամ Կոմիտասի 56 հասցեում գործող «Զովք»-ի մասնաճյուղերից մեկում դրամարկղի մոտ հերթի մեջ էի կանգնած, իմ ձեռքին ընդամենը երկու ապրանք էր։ Հանկարծ աշխատակիցներից մեկը իր ծանոթին հրավիրեց առաջ և արտահերթ սպասարկեց։ Թվում է՝ մանրուք է։ Բայց հենց այդ «մանրուքներից» էլ սկսվում է մարդու նկատմամբ վերաբերմունքը։
Հետո նույն խանութում խոզի թևի մսի զեղչի օր էր։ Ընկերս ասաց՝ գնա, լավ առաջարկ է։ Թեև ես արդեն երդվել էի ինձ, որ այլևս այդ խանութ չեմ մտնելու, այս անգամ համաձայնեցի։
Մսի բաժնում երկու ամբողջական թև էին դրել ու նայում էին երեսիս՝ կարծես սպասելով, թե երբ պիտի ասեմ՝ «կտրեք, տվեք»։ Իսկ մսավաճառների մասին, գիտեք, հայկական ժողովրդական «առաջին համաձայնը» կարծես այսպիսին է՝ կողքի շունը կարող է կծել չսովորել, բայց մսավաճառը մսի մեջ հաստատ խաբել կսովորի։
Մի բան կկտրեն, կտան ու հետո կասեն՝ «Ձեր պատվերով ենք կտրել»։ Եվ արդեն ստիպված ես լինում վերցնել այն, ինչ կտրել են։ Չէ՞ որ շատ ավելի նորմալ տարբերակ կա՝ միսը կտրտել, շարել և հաճախորդին հնարավորություն տալ ընտրելու իրեն դուր եկած կտորը։ Չգնեցի։
Փոխարենը տեսա թափանցիկ տարայով կաթնաշոռ։ Սխալվեցի՝ գնեցի։ Բերեցի տուն, բացեցի, և պարզվեց՝ յուղաներկի հոտ է գալիս։ Թափեցի։ Թվում էր՝ արդեն դաս պիտի քաղած լինեի։
Բայց չէ։ Այսօր տեսա ծիածանափայլ Չերքեզի ձորի իշխանի գովազդ։ Այս անգամ հասցեն Մամիկոնյանց 40-ն էր։ Պարզվեց՝ իմ լավաշի փռի հարևանությամբ է, բայց առաջին անգամ էի նկատում, որ այդտեղ «Զովք» սուպերմարկետ կա։
Մտա՝ ձուկը գտնելու համար։ Այստեղ էլ նպարեղենի բաժնի աշխատակցուհին բարձրաձայն կանչում է գործընկերոջը՝ «Հարա՜յ, հա՜…»։ Հետո ինձ ուղղորդում են ինչ-որ սառնարանների մոտ։ Երկար փնտրում եմ՝ չկա։
Հետո մոտենում է մի երիտասարդ և մեծ վստահությամբ ցույց տալիս արտասահմանյան արտադրության սառեցված ու թանկարժեք ձկնեղեն։ Ասում եմ՝ «Տղա՛ ջան, ես ինչ եմ հարցնում, դու ինչ ես ցույց տալիս։ Սրան էլ պիտի բացատրե՞մ, թե ինչ է Չերքեզի ձորը»։
Այստեղ արդեն նյարդերս չդիմացան։ Զայրացած դուրս եկա։ Բայց պատմությունը դեռ չէր ավարտվել։
Պահատուփում թողած պայուսակս պետք է վերցնեի։ Արկղը չէր բացվում։ Մի աղջիկ մոտեցավ, թվեր հավաքեց, բացեց։ Հետո մեկ այլ մենեջեր մոտեցավ՝ «Արի, ձուկը ցույց տամ»։ Իսկ մի երրորդ տղամարդ, առանց ներկայանալու, նույն աղջիկ մենեջերին հարցնում է. – Ի՞նչ է ուզում հաճախորդը։
Պատասխանն էլ ավելի «հոյակապ» էր. – Պրծել է … Հապա, եթե «պրծել էր», ինձ ինչո՞ւ էին սկզբից ուղղորդում, ինչո՞ւ էին տարբեր սառնարանների մոտ ուղարկում, ինչո՞ւ էին հերթով աշխատակիցներ մոտենում՝ առանց հասկանալու, թե ընդհանրապես ինչ է ուզում հաճախորդը։
Մի խոսքով՝ կատարյալ անտերություն։
Այստեղ աշխատակիցները կարծես չգիտեն՝ ով ինչի համար է պատասխանատու, ինչ ապրանք են վաճառում, որտեղ է այն գտնվում և, ամենակարևորը, ինչպես պետք է խոսել հաճախորդի հետ։
Իսկ հաճախորդը «Զովք»-ում, իմ տպավորությամբ, ֆուտբոլի գնդակի կարգավիճակ ունի. մեկը փոխանցում է մյուսին, մյուսը՝ երրորդին, մինչև վերջապես գնդակը դուրս է թռչում խաղադաշտից։
Ես անձամբ այլևս չեմ ցանկանում իմ ժամանակը, գումարն ու նյարդերը ծախսել մի համակարգում, որտեղ հաճախորդի նկատմամբ հարգանքը, կարծես, ընդհանրապես բացակայում է։
Կարող էի խորհուրդ տալ հեռու մնալ այս ցանցից մինչև այն փակվի կամ գոնե սովորի, թե ինչ է սպասարկման մշակույթը։ Բայց, հարգելի ընթերցող, ընտրությունն ու որոշումը, իհարկե, ձերն է։
Ես պարզապես պատմեցի իմ տխուր փորձերի մասին։ Դուք էլ կիսվեք ձերով։ Գուցե միասին կարողանանք ինչ-որ մեկին հիշեցնել, որ հաճախորդը պարզապես դրամարկղի մոտ թողած գումար չէ, այլ մարդ է՝ արժանապատվությամբ, ժամանակով ու իրավունքներով։
Գուցե օգնենք մի փոքր ավելի մարդկային լինել։ Ո՞վ գիտե՝ միթե հնարավոր է։ Կամ գուցե ավելի ճիշտ հարցն այն է՝ հնարավո՞ր է արդյոք…
Իսկ մեր երկրում հաճախորդի շահերը պաշտպանող կառույցներ, իհարկե, կան։ Գուցե նրանք էլ երբեմն կարդան նման պատմություններ, արձագանքեն, հետաքրքրվեն։ Գուցե պատասխանատու պետական մարմիններն էլ վերահսկեն, թե ինչ ապրանք է վաճառվում, ինչ որակի է այն և, վերջապես, ինչպես են վերաբերվում մարդկանց, որոնց շնորհիվ այդ խանութներն ընդհանրապես գոյություն ունեն։
Որովհետև վերահսկողությունը միայն տուգանք նշանակելը չէ։ Վերահսկողությունը նաև հիշեցնելն է, որ առևտուրը սկսվում է ոչ թե դրամարկղից, այլ մարդուն հարգելուց։
Իսկ մինչ այդ՝ ես պարզապես պատմեցի իմ փորձը։ Դուք էլ պատմեք ձերը։ Գուցե մի օր լսող գտնվի։

Բաց մի թողեք
Շտապ զորակոչ է հայտարարել․ ինչ է կատարվում
Լուլու՝ Լուսինե Բադալյանին դուր է եկել Գագիկ Խաչատրյանը․ Լուսանկար
Մոսկվան վերջնագիր է ներկայացրել Փաշինյանին․ դաժան որոշում է