Վինսենթ Վան Գոգը ծնվել է 1853 թ. մարտի 30-ին Հոլանդական Գրոտ-Զյունդերտ քաղաքում: Աշխարհում ամենահայտնի, սիրված ու կրկնօրինակված նկարիչներից մեկն է Վան Գոգը:
Հոլանդացի այս պոստիմպրեսիոնիստ նկարիչը ապրել է 37 տարի և միայն կյանքի վերջին 10 տարիներին է զբաղվել նկարչությամբ: Վան Գոգը կյանքի վերջին տարիները մեծ մասամբ անցկացրել է հիվանդանոցում: «Սուր նոպաների արանքում հիվանդը միանգամայն հանգիստ է և մեծ կրքով նկարչությանն է տրվում», – գրել է նրա բժիշկը:
Մանկություն
Վինսենթը Վան Գոգների ընտանիքում 5 երեխաներից ամենամեծն էր: Ամենափոքրը՝ Թեոն, նրա կյանքի ամենակարևոր մարդ էր մինչ մահ: Թեոն օգնում և սատարում էր եղբորն ամեն հարցում: Վինսենթն էլ անմնացորդ սիրով էր սիրում եղբորը և նրան նամակներ գրում ամեն ինչի մասին և ամեն օր: Վան Գոգի՝ եղբորն ուղղված նամակները հետագայում տպագրվել են:
Վինսենթ և Թեո
4 տարի գիշերօթիկ դպրոցում սովորելուց հետո, 15 տարեկան Վան Գոգը ինքնակամ հեռանում է և այլևս չի վերադառնում դպրոց:
Սկիզբը
Վան Գոգները սովորաբար կա՛մ նկարների առևտրով էին զբաղվում, կա՛մ հոգևոր ծառայությամբ: Վինսենթը երկուսն էլ փորձել է: Նախ նա աշխատանքի է անցնում նկարների վաճառքով զբաղվող մի ընկերությունում:
Հաագայում գտնվող նկարների առևտրով զբաղվող ընկերությունը՝ «Գուպիլ և Քո»-ն, գնահատելով Վինսենթի անձնվեր և ազնիվ աշխատանքը, նրան ուղարկում է Լոնդոն՝ նույն ընկերության մեկ այլ գրասենյակ: 1868-70 թթ. Վան Գոգն անցկացնում է Լոնդոնում: Այդ երկու տարիների ընթացքում ապագա նկարիչը հմտանում է նկարների գնահատման, նկարչական տարբեր տեխնիկաների ճանաչման հարցում:
Հիվանդագին մենակությունը
1875 թ. նրա կյանքում կարևոր իրադարձություն է տեղի ունենում: Եղբորն ուղղված նամակում նա գրում է, որ տխրում է մենակ, և որ իր կյանքը «հիվանդագին մենակություն է»: Արվեստաբանները, որոնք զբաղվում են Վան Գոգի կենսագրությամբ, ենթադրում են, որ դա նրա հերթական անպատասխան սիրո հետևանքն էր:
Փարիզ տեղափոխվելն էլ չի օգնում Վինսենթին վերագտնել կենսասիրությունն ու աշխատանքի հանդեպ ունեցած երբեմնի խանդավառությունը: «Գուպիլ և Քո»-ն նրան հեռացնում է աշխատանքից:
Հոգևոր ծառայություն և ինքնաճանաչողության փորձեր
Ինքն իրեն գտնելու ուղիները Վան Գոգին եկեղեցի են տանում: 1877 թ. նա Ամստերդամ է տեղափոխվում և աստվածաբանության ֆակուլտետ ընդունվելուն է պատրաստվում: Սակայն դասերին հաճախելն այնքան էլ նրան դուր չի գալիս և նա որոշում է միսիոներ դառնալ: 1879 թ. նա քարոզչի կոչում է ստանում և սկսում է աշխատել Բելգիայի հարավում:
Քարոզիչ Վինսենթը
Նա աշխատում էր հանքագործների հետ, օգնում էր նրանց, քրիստոնեություն քարոզում, երեխաներին գրել-կարդալ սովորեցնում և Պաղեստինի քարտեզը նկարում. քարոզների ընթացքում պետք էր գալիս: Իսկ ինքն ապրում էր մի խղճուկ տնակում, սնվում էր միայն ցամաք հացով ու ջրով և քնում էր գետնին՝ ինքնատանջանքների մեջ փորձելով ավելի մոտ լինել Աստծուն: Չհանդուրժելով Վան Գոգի ծայրահեղական քարոզներն ու ապրելակերպը՝ նրան ազատում են աշխատանքից:
Այդ ընթացքում նա սկսում է նկարել. նկարում էր հանքագործներին և նրանց կանանց ու երեխաներին:
Նորից դեպրեսիաներ, ինքնաորոնումներ, նորից կիսատ թողած դասընթացներ, այս անգամ նկարչական, նորից տեղափոխություններ, նախ ծնողների մոտ, ապա՝ Հաագա, ապա՝ եղբոր մոտ՝ Փարիզ։ Նորից անպատասխան սերեր և նորից վերադարձ ինքն իրեն՝ նկարչություն:
Սիրելու և կողքին կին ունենալու պահանջից դրդված՝ նա սկսում է ապրել մի հղի մարմնավաճառի հետ: Հարազատները դեմ էին, իսկ Վինսենթը՝ երջանիկ: Սակայն այս երջանկությունը կարճ է տևում, նրանց բաժանվում են, իսկ նկարիչը ձեռք է բերում մի շարք հիվանդություններ:
Այս ամենից հետո Վան Գոգը վերջնականապես որոշում է առանձնանալ մարդկանցից և նվիրվել սիրելի գործին՝ նկարչությանը: Նա տեղափոխվում է հոլանդական մի փոքրիկ գյուղաքաղաք և սկսում անդադար նկարել. պեյզաժներ, դիմանկարներ, որոնք, չնայած ակադեմիական կրթության պակասին, բավական հաջող են ստացվում:
Կարտոֆիլ ուտողները, 1885 թ.
Այս շրջանից մինչ մահ նա անդադար նկարում էր:
Փարիզը և Վան Գոգը
1886 թ. Վան Գոգը Փարիզ է տեղափոխվում, որտեղ մշակութային կյանքն անչափ հարուստ էր և բոլոր արվեստագետներն ու արվեստաստեղծներն այդտեղ էին: Փարիզում էր նաև Թեոն, որը գեղարվեստական պատկերասրահներից մեկի տնօրենն էր: Նա եղբորը ծանոթացնում է ժամանակի լավագույն նկարիչների հետ:
Արվեստում իմպրեսիոնիզմը հեղափոխություն էր, այն նաև հեղափոխեց Վան Գոգի աշխարհընկալումը: Իմպրեսիոնիզմը, պոստիմպրեսիոնիզմը, վերջանականպես ամրագրում են Վինսենթի ոճն ու ձեռագիրը: Բացի նկարչությունից՝ Վինսենթը ցավոք տարվում է նաև աբսենտով և այնքան շատ, որ նկար ունի այդ թեմայով:
Նատյուրմորտ աբսենտով
1886-1888 թթ. Վան Գոգի ստեղծագործական կյանքի ամենաակատիվ և արդյունավետ շրջանն է: Նա շուրջ 230 կտավ է ստեղծում, նոր ձևեր և գույներ, գունային համադրություններ և տեխնիկաներ փնտրում-գտնում:
Սակայն Փարիզում ապրող նկարիչների միջև առկա մրցակցությունը, լարվածությունը, ակտիվ քննադատությունները չափազանց էին իմպուլսիվ և զգացմունքային Վան Գոգի համար: Նրա նյարդային համակարգն անկարող էր այդ ամենը երկար տանելու: Վան Գոգը որոշում է հեռանալ Փարիզից:
Պրովանս. Առլ
1888 թ. Վան Գոգը մեկնում է ֆրանսիական Պրովանս նահանգ՝ Առլ քաղաք: Այստեղի կյանքն անչափ դուր է գալիս նկարչին և նա որոշում է ընդմիշտ այնտեղ ապրել: Թեոն ամեն ամիս 250 ֆրանկ էր ուղարկում եղբորը՝ հյուրանոցի, նկարելու պարագաների ծախսերը հոգալու համար:
Գարնանային գույները, վառ երանգները ուղղակի հիացնում էին Վան Գոգին․ այդ շրջանի նրա նկարներում ավելի գերիշխում էր դեղինը:
Վան Գոգը սիրում էր նկարել բաց երկնքի տակ, հաճախ՝ գիշերը: Հենց այդպես են ստեղծվել նրա հանրահայտ «Աստղազարդ գիշերը Ռոնայում» և «Գիշերային սրճարանը»: «Ես առաջվա պես կարիք ունեմ հավատի. այդ պատճառով էլ դուրս եկա գիշերով տանից և սկսեցի աստղեր նկարել», – գրում է նա եղբորը:
Վան Գոգի կյանքի առլյան շրջանի կարևոր իրադարձություններից է Պոլ Գոգենի այցը: Երկու նկարիչները լավ ընկերներ էին և երկուսն էլ Առլը շատ էին սիրել: Գոգենն էլ այստեղ բազմաթիվ պեյզաժներ է նկարել:
Այս այցը սակայն ավարտվում է վեճով և աշխարհին հայտնի կտրված ականջի պատմությամբ: Վարկածներ կան, որ Գոգենն է կտրել Վան Գոգի ականջը՝ վեճի ժամանակ ինքնապաշտպանվելիս, մի վարկած էլ կա, ըստ որի՝ Վան Գոգն ինքն է կտրել սեփական ականջը՝ կատաղության նոպայի և աբսենտի ազդեցության տակ: Թե ինչ է եղել իրականում, պարզ չէ, սակայն այս միջադեպի արդյունքում Վան Գոգը ստեղծել է մի քանի ինքնանկարներ կտրված ականջով և վիրակապով:
Մահը
1889 թ. Առլի բնակիչները բողոք են ներկայացնում քաղաքապետարան՝ խնդրելով իրենց ազատել այդ «կարմրահեր խենթի» ներկայությունից: Վան Գոգն ինքնակամ որոշում է հոգեբուժարան գնալ:
Հիվանդանոցում նրան թույլ են տալիս նկարել դրսում՝ հսկողության տակ: Հենց այդ շրջանում է ծնվում նրա ամենահայտնի գործերից մեկը՝ Աստղազարդ գիշերը» և մի շարք այլ նկարներ:
Նոճիներով և աստղով ճանապարհը
Նյարդային նոպաները, սակայն, գնալով անտանելի և հաճաադեպ էին դառնում: Դրանցից մեկի ժամանակ նկարիչը կուլ է տալիս ներկերը: Չնայած սուր արտահայտված հոգեկան խնդիրները՝ եղբոր՝ Թեոյի ջանքներով Վինսենթը 1890 թ. Փարիզում մի ցուցադրության է մասնակցում և իր «Առլյան կարմիր խաղողի այգիներ» կտավը վաճառում է բավական բարձր գնով՝ 400 ֆրանկ: Սա Վան Գոգի կենդանության օրոք վաճառված միակ կտավն էր…
Վան Գոգն այս փաստից անչափ ոգևորվում է: Ոգևորվում է նաև Թեոն, նա եղբոր համար նոր ներկեր է գնում, սակայն նոպաների ժամանակ Վան Գոգը դրանցով նկարելու փոխարեն ուտում է… 1890 թ. Թեոն եղբոր համար լավ բժիշկ է գտնում՝ Գաշե անունով:
Բժիշկ Գաշեի դիմանկարը
Սակայն երբ Թեոյի մոտ էլ ֆինանասական և անձնական խնդիրներ են սկսվում և նա չի կարողանում Վինսենթին առաջվա չափ ուշադրություն ու հոգատարություն հատկացնել, նկարիչը կորցնում է վերջին լուսավոր բանը, որ ուներ և վերջնականապես փակվում է իր մեջ: Նա վերադառնում է հոգեբուժարան, ինքնակամ:
Նույն թվականի հուլիսի 27-ին նա դուրս է գալիս նկարելու… Սակայն կրակում է ինքն իր վրա, ինքնուրույն վերադառնում հիվանդանոց, պառկում անկողնուն և սկսում հանգիստ ծխել: Հուլիսի 29-ին նկարիչը մահանում է՝ եղբորը՝ «Թախիծը հարատև է» ասելով:
Մեծ նկարչին հրաժեշտ տալու են գալիս շատերը: Բժիշկ Գաշեն փորձում էր խոսել, սակայն բառերը չէին կապվում, նա լաց էր լինում՝ ողբալով տաղանդի մահը, որն ընդամենը 37 տարեկան էր և դեռ կարող էր երկար ապրել ու նկարել:
Վան Գոգի մահից կես տարի անց մահանում է նաև Թեոն: Նա իրեն չէր կարողանում ներել վերջին շրջանի անտարբերությունը եղբոր հանդեպ: Նա իրեն էր մեղավոր զգում: Վինսենթի մահից հետո նա մորը նամակ է գրում. «Անհնար է իմ ցավը նկարագրել, անհնար է սփոփանք գտնել: Այս ցավը հավերժ ինձ հետ է լինելու և ես երբեք չեմ ազատվելու դրանից քանի ողջ եմ: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ նա խաղաղություն գտավ, որին ձգտում էր միշտ: Կյանքը նրա համար այնքա՜ն ծանր բեռ էր… Ա՜խ, մա՛մ, Նա այնքան իմն էր, իմ սեփական եղբայրը»:
Նյարդային լարվածությանը չդիմանալով՝ Թեոն մահանում է, սրտում տանելով եղբոր հարատև թախիծը: 1914 թ. Թեոյի այրին նրա աճյունը տեղափոխում է և թաղում Վինսենթի կողքին..
Բաց մի թողեք
Ի՞նչ արժեն Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերը. Լուսանկար
Ես ստեղծագործելու էներգիան ստանում եմ իմ հող ու ջրից՝ իմ երկրից. ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը 77 տարեկան է. Լուսանկարներ
Իսկ դուք պատրա՞ստ եք ճամփորդել դեպի հայ մշակույթի, պատմության և պարի աշխարհ. Տեսանյութ