Ներդրվում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ․ նպաստները կնշանակվեն, կհաշվարկվեն և կվճարվեն Միասնական սոցիալական ծառայության կողմից։
Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ սեպտեմբեր ամսից նպաստ ստանալու համար շահառուն այլևս որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի ունենա:
«Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը։
Մինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստի նշանակման, հաշվարկման և վճարման համար վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնում էր գործատուին, որի հիման վրա վերջինս հաշվարկում, նշանակում և իր միջոցների հաշվին վճարում էր նպաստը։ Ընդ որում, պետական բյուջեից գործատուի ծախսը փոխհատուցվում էր՝ մայրության նպաստի ամբողջ գումարի չափով, իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ 6-րդ օրվանից հետո ընկած ժամանակահատվածի համար վճարված գումարի չափով:
Այսպիսով, պետական նպաստը նշանակվում և վճարվում էր գործատուի կատարած հաշվարկներով, որը բավականին ռիսկային էր։ Բացի դրանից, գործում էր առանձին ընթացակարգ՝ գործատուի ծախսերը փոխհատուցելու համար:
Անհատ ձեռնարկատերը նպաստ նշանակելու, հաշվարկելու և վճարելու համար Միասնական սոցիալական ծառայություն էր ներկայացնում թե՛ ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, թե՛ իր եկամուտների մասին տեղեկատվություն: Այսինքն, մինչ այս եղած համակարգը հիմնված է փաստաթղթաշրջանառության վրա, այն դեպքում, որ այդ փաստաթղթերով տրամադրվող տվյալներն առկա են պետական մարմինների կողմից վարվող տեղեկատվական բազաներում:
Նոր համակարգով սեպտեմբեր ամսից Միասնական սոցիալական ծառայությունը նպաստները կնշանակի, կհաշվարկի անաշխատունակության վերաբերյալ էլեկտրոնային առողջապահական համակարգից և եկամուտների վերաբերյալ հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգից ինքնաշխատ եղանակով ստացված տվյալների հիման վրա:
Սեպտեմբեր ամսից անաշխատունակության թերթիկներն այլևս չեն կիրառվի, դրանք քաղաքացիներին կտրվեն միայն բացառիկ դեպքերում (օրինակ` օտարերկրյա պետության լիազոր մարմնին ներկայացնելու համար)։

Բաց մի թողեք
Նուբարաշենի աղբավայրի տնօրենն ու աշխատակիցը տեղափովել են հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Իսպանիայի ներգաղթային պաշտոնյաները չեղարկել են գործադուլը ․․․
Իսպանիան ավարտում է մինչև 500,000 ներգաղթյալների օրինական կարգավիճակ տրամադրելու համաներման միջոցառումները