30/04/2025

Մենք չենք ստեղծվել երջանկության համար, երջանկությունից ավելի կարևոր բաներ կան ․․․ Անդրեյ Տարկովսկի

Այսօր համաշխարհային մեծության կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու ծննդյան օրն է։

Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտում ուսանելիս իր դիպլոմային աշխատանքի` «Գլդոնը և ջութակը» կարճամետրաժ ֆիլմի մի քանի դրվագներ 1960-ին նկարահանել է Երևանում: Միաժամանակ տեղեկություններ կան այն մասին, որ Տարկովսկին Հայաստան է այցելել նաև 1965-ին:

1972-ի մարտին Տարկովսկին գրել է. «Եկավ Բագրատ Հովհաննիսյանը: Խնդրում է ինձ դառնալ իր ֆիլմի գեղարվեստական ղեկավարը, որը նկարահանվելու է Հ. Մաթևոսյանի սցենարի հիման վրա: Բոլորովին ցանկություն չկա»: Նկատենք սակայն, որ իրականում Տարկովսկին մինչ այդ լուրջ մասնակցություն էր ունեցել Հովհաննիսյանի համար դեբյուտային ֆիլմ նկարելու թույլտվություն ձեռք բերելու գործում և նույնիսկ նամակ էր գրել «Հայկինո»-ին: Այնպես որ, մերժումն ի սկզբանե բացառվում էր:

Անդրեյ Տարկովսկի

Հրանտ Մաթևոսյանի հիշողություններն այդ օրերից. «Երևանում ցուցադրելու կապակցությամբ իրեն հրավիրել էին, ու ինքը հետը բերել էր «Սոլյարիսը»: Հրավիրեց իր նոր ֆիլմը դիտելու, բայց ես հենց նախորդ օրն էի նայել «Անդրեյ Ռուբլյովը» ու իրեն ասեցի , որ գիտակցաբար չեմ գա քո նոր ֆիլմը նայելու, որովհետև վախենում եմ «Ռուբլյովից» ստացած տպավորությունը մի քիչ աղարտվի, իմ մեջ ստեղծված քո կերպարը մի քիչ աղարտվի… Երևանում իր գտնված ժամանակները մենք, կարելի է ասել, մի քիչ ընկերացանք: Մի հանդիպում էլ մեր տանը եղավ: Երկար զրուցեցինք ու չնայած ես ինձ ոչ առանց հավակնությունների գրող էի համարում, այդուհանդերձ, էստեղ ես իր սովորական հանդիսատեսն էի ու երկրպագուն: Էդպես ես միշտ խոշոր տաղանդների առաջ դառնում եմ սովորական հանդիսական ու ընթերցող, խոր ակնածանքով եմ վերաբերվում: Մեր տան հանդիպումը իմ մեջ տպավորվել է որպես փոխըմբռնման ու փոխադարձ սիրո ցույց»:

Ահա և նրա մտքերից․

Եթե իմաստ փնտրեք, ապա բաց կթողնեք այն ամենն, ինչ կատարվում է ձեր շուրջը …

Մարդն արարված է որպես հակասական հատկությունների ամբողջություն: Պատմությունն ապացուցողաբար ցուցանում է, որ իրոք այն զարգանում է ամենաժխտական ուղով, այսինքն՝ կամ մարդն ի վիճակի չէ այն ղեկավարելու, կամ, այն ղեկավարելով, ունակ է միայն այն նետելու ամենասարսափելի ու անցանկալի ուղու վրա: Մարդիկ ունակ չեն մարդկանց կառավարելու: Նրանք ունակ են սոսկ կործանելու: Եվ նյութապաշտությունը` ապերասան ու լկտի, բերում է այդ կործանմանը:

Անդրեյ Տարկովսկի | Գեղեցիկը ճշմարտության խորհրդանիշն է | Գրանիշ

Մարդկությունը չափազանց շատ է տառապել, և տառապանքի զգացումը նրա ներսում հետզհետե հյուծանքի է ենթարկվել: Դա վտանգավոր է, քանզի այժմ անհնար է տառապանքով և արյամբ փրկել մարդկությանը: Աստված իմ, այս ինչ ժամանակներ են, որում ապրում ենք մենք:

Մեր բարդ կյանքը` յուրաքանչյուրիս համար նախապատրաստելով միանգամայն որոշակի դեր, մեզ դնում է մի իրավիճակի մեջ, որի շնորհիվ մշակվում են մեր հոգու միայն այն գծերը, որոնք օգնում են մեզ զարգանալ այդ դերի համար: Հոգու մյուս մասերը կսպանվեն: Այստեղից էլ` ներամփոփությունը: Այստեղ է, որ հոգեբանությունը` սոցիոլոգիայի հետ ամբողջություն կազմած, հարուցում է վախ, անվստահություն, ստորություն և հույսերի վախճան:

Ճշմարիտ սցենարը կարող է ստեղծվել միայն ռեժիսորի կողմից, կամ էլ կարող է ի հայտ գալ ռեժիսորի և գրողի իդեալական ընկերակցության արդյունքում։ Այդուհանդերձ, գրողը չի կարող վերածվել սցենարիստի։ Նա կարող է ընդլայնել իր մասնագիտական գործունեության դաշտը, թեպետ սցենարիստի կարգավիճակում երկար մնալը գրողի համար, ինձ թվում է, կլինի անպտուղ։ Կարճ ասած՝ ես համարում եմ, որ ռեժիսորի համար լավ սցենարիստ կարող է լինել միայն լավ գրողը։ Որովհետև սցենարիստի առաջ դրված են խնդիրներ, որոնք պահանջում են իսկական գրական ձիրք։

Անցած գիշեր երազ եմ տեսել՝ ասես մահացել եմ, բայց տեսնում եմ, ավելի ճիշտ՝ զգում եմ, թե ինչ է կատարվում շուրջս։ Ես զգում եմ, որ Լարան մոտ է (Լարա Կիզիլովա՝ Տարկովսկու 2-րդ կինը): Զգում եմ, որ անզոր եմ և միայն կարող եմ լինել իմ մահվան՝ իմ դիակի վկան։ Եվ ամենակարևորը, որ ես այս երազում զգում եմ վաղուց մոռացված, վաղուց չծագած մի զգացում, որ սա երազ չէ, այլ՝ իրականություն։

Ես հայրիկիս վաղուց չէի տեսել։ Որքան երկար չեմ տեսնում նրան, այնքան ավելի տխուր ու սարսափելի է դառնում նրա մոտ գնալը: Ծնողներիս հետ կապված ակնհայտ բարդույթներ ունեմ. նրանց կողքին ես ինձ չափահաս չեմ զգում։ Իսկ նրանք, իմ կարծիքով, ինձ չափահաս չեն համարում։ Ցավոտ, բարդ, չասված-չխոսացված հարաբերություններ: Ամեն բան այդքան էլ հեշտ չէ: Ես նրանց շատ եմ սիրում, բայց երբեք իրենց հետ հանգիստ չեմ զգացել ինձ: Իմ կարծիքով՝ նրանք էլ են ինձնից ամաչում, չնայած սիրում են ինձ։

Andrey Tarkovski'nin Hayatı ve Eserleri - Ekşi Şeyler