Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի՝ Ֆրանսիա կատարած այցը, ըստ ամենայնի, անցել է հարաբերական փոխհամաձայնությամբ: Այդ եզրակացությունը հնարավոր է անել՝ դատելով Ֆրանսիայի ԱԳ նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությունից:
Դատելով հաղորդագրությունից՝ Ֆրանսիան անհրաժեշտ է համարել նախորդ ամիս Սիրիայի արևելքում տեղի ունեցած վայրագությունների քննությունը:
Միաժամանակ, անդրադառնալով Թուրքիայի ԵՄ անդամության թեմային՝ Ֆրանսիան հիշեցրել է Թուրքիայում ընդդիմության հանդեպ գործողությունները, ձերբակալությունները՝ նշելով, որ Ֆրանսիան հավատարիմ է մնում ժողովրդավարության արժեքներին:
Պետք է եզրակացնել, որ Փարիզում այդ կերպ ֆրանսիական «նրբությամբ» փորձել են հասկացնել Անկարային, որ Եվրամիության անդամակցության հարցում Ֆրանսիայի աջակցությունը շատ հեռու է:
Ֆրանսիայի համար Թուրքիայի անդամակցության հարցում խնդիրը, իհարկե, ժողովրդավարությունը չէ: Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, ըստ էության, նշանակելու է Ֆրանսիայի ազդեցության նվազեցում: Եթե Անկարան, այդուհանդերձ, այսօր է կարողանում որոշակի բաներ թելադրել Եվրոպային, ապա պատկերացնել կարելի է, թե նրա լեզուն, որքան է երկար լինելու, երբ ունենա նաև ԵՄ «անդամատոմսը»:
Անշուշտ, Թուրքիա-ԵՄ հարաբերության մեխանիկան շատ կարևոր է Կովկասի ու, մասնավորապես Հայաստանի համար էլ, սակայն առավել կարևորն ու շոշափելին այն է, թե ինչ տեղ է ունեցել անմիջականորեն Կովկասի, և, մասնավորապես հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարցը ֆրանս-թուրքական ԱԳ նախարարական հանդիպման օրակարգում: Փարիզի տարածած պաշտոնական հաղորդագրությունն այդ առնչությամբ հարաբերական է:
Դրանում նշվում է, որ՝ Կովկասի վերաբերյալ նախարարները շեշտել են, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների նորմալացումը՝ երկու պետությունների տարածքային ամբողջության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքով, պետք է հնարավորություն ընձեռի Հարավային Կովկասին դառնալ խաղաղության, ինտեգրման և գործակցության տարածք:
Մեծ հաշվով, ձևակերպումները բավականին ընդհանրական և ստանդարտ, խոշոր հաշվով դրանք դիվանագիտական ձևի մեջ են, բայց ինչ կա դրա ներքո, սա է հարցը:
Դրա ներքո կա՞ «Միջին միջանցք» ասվածի վերաբերյալ ընդհանուր պատկերացում ու համաձայնություն, թե՞ ոչ: Դիվանագիտական ստանդարտից դուրս որևէ ակնարկի բացակայությունը քողարկում է ինչ-որ համատեղ պլանավորո՞ւմ, թե՞ հակառակը, վկայում է ընդհանուր մոտեցումների բացակայության մասին:
Եթե կա երկրորդը, ապա այդ դեպքում ինչպես է քողարկվելու Ֆրանսիայի հետ Ադրբեջանի կոնֆլիկտը կամ Բաքվի հակաֆրանսիական քաղաքականությունը:
Այդ իմաստով ուշագրավ կլինի հետևել, թե Փարիզում կայացած հանդիպման վերաբերյալ ինչ ռեակցիաներ են լինելու Բաքվի պրոպագանդայի միջոցներով: Օրինակ, Հայաստանի հետ սահմանը ժամանակավորապես՝ ընդամենը տասը օրով Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու համար բացելու հանգամանքը Բաքվում առաջացրել էր պրոպագանդիստական ջղաձգում:
Ֆիդանի Ֆրանսիայի այցի վերաբերյալ առայժմ «լրատվական չեզոքություն» է:
Բաց մի թողեք
Ինչի հետևանք է, որ Հայաստանի համար ավելի է աճում պետական – արտաքին պարտքի բեռը
Ամերիկա-ռուսական գործարքը Կովկասի համար կլինի՞ կայունության ամրագրման իրողություն
Քաղաքացու օրն այլ բան չէ, քան քարոզչական քայլ