24/04/2025

Եվ ձեզ ասում էին՝ կգա «կադրային սով»

Հայաստանում ժամանակ առ ժամանակ ակտիվանում են խոսակցությունները «կադրային սովի» մասին: Ինչպես են այդ հարցերը լուծվում կամ՝ ինչպես կարող են լուծվել: Այդ առիթով ուզում եմ ուշադրություն դարձնել երկու պատմության վրա՝ մեկը «արտասահմանյան», մեկը՝ «տեղական»:

Ընտրվելուց անմիջապես հետո Դոնալդ Թրամփը ստեղծեց Կառավարության արդյունավետության դեպարտամենտ՝ Department of Government Efficiency: Այդ ստորաբաժանումը, չափազանց լայն լիազորություններ ունենալով, ղեկավարում է այսօրվա դրությամբ աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը:

Վերջինիս գործունեությունն այդ պաշտոնում խիստ քննադատության է ենթարկվում՝ հազարներով մարդկանց ազատում է գործից կամ ուղարկում է հարկադիր արձակուրդի: Բայց Թրամփը եկել է որոշակի ծրագրով եւ իր թիմի միջոցով փորձում է այն իրականացնել:

Լա՞վն է այդ ծրագիրը, ճի՞շտ են դրա իրականացման ձեւերը, որոնք հիմնված են, մասնավորապես, «տեխնոլոգիական լավատեսության» վրա (ահա թե ինչի համար է պետք Մասկը)՝ թող ամերիկացիները դատեն:

Բայց որոշակի տրամաբանություն այդ ամենի մեջ դժվար է չտեսնել: Երբ Հայաստանի կառավարությունը տարին մեկ փոխում է իր ծրագրերն ու թիրախները, երբ վարչապետը 2018-2025 թվականներին հազարումի իրար հակասող բաներ է ասում, դժվար է ակնկալել, որ որեւէ լուրջ մասնագետ համաձայնի նման կառավարության հետ գործ ունենալ:

Երկրորդ պատմությունը ես կարդացի Արա Թադեւոսյանի «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները» շատ հետաքրքիր գրքում: 2016 թվականի սեպտեմբերի 13-ին վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը:

Այդ հանգամանքը շատ ոգեւորել էր Ռուբենին, եւ նա նամակով դիմել էր նորանշանակ վարչապետին: Գրքում (որքան հասկանում եմ՝ առաջին անգամ) հրապարակվում են դրվագներ այդ նամակից: «Մեզ անհրաժեշտ են…», – գրում է հայ գործարարը, եւ հետո թվարկում է մի քանի կետ, որոնցից են՝ «մարդկանց եւ կոմպետենցիաների գնահատման կենտրոնը», ինչպես նաեւ «հոգեւոր վերածննդի ու մշակութային ավանդույթների կենտրոնը»:

Ինչո՞ւ են այս երկուսը «մեկ փաթեթի» մեջ, հասկանալի է՝ «կադրային սովը» չի կարող հագեցվել պատեհապաշտների, մորթապաշտների, ցինիկների միջոցով: Որպես այդ մտքի շարունակություն՝ Վարդանյանն առաջարկում է. «Պետք է ներգրավենք «300 սպարտացի»՝ մարդկանց, որոնք կգան մեզ մոտ աշխատելու՝ թողնելով իրենց հարմարավետ տեղերը աշխարհի տարբեր երկրներում»: Առաջարկները, կարծում եմ, արդիական են մնում:

Բայց դրանք հնարավոր չէ իրականացնել այսօր, երբ պաշտոն ստանալու (պահելու) համար անհրաժեշտ է հնարավորինս թունդ հայհոյել Փաշինյանի ընդդիմախոսներին, «վերեւների» հետ ազգակցական կամ ընկերական կապեր ունենալ: Էլ չեմ ասում, որ 2020 թվականից հետո շատերը չէին էլ ցանկանա ասոցացվել երկիրը կործանողների թիմի հետ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ