Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը, անդրադառնալով մայիսի 8-11-ը՝ Հաղթանակի 80-ամյակի առիթով եռօրյա հրադադար հայտարարելու ՌԴ նախագահ Պուտինի որոշմանը, ասել է, որ Վաշինգտոնն անհրաժեշտ է համարում մշտական հրադադարը, այլ ոչ թե ժամանակավորը: Նա նաև նշել է, որ մեծանում է Թրամփի հիասթափությունը թե՛ Ռուսաստանից, թե՛ Ուկրաինայից:
Օրերս էլ Թրամփը հայտարարել էր, թե Ռուսաստանը որևէ պատճառ չուներ անցնող օրերին հրթիռակոծել Ուկրաինայի քաղաքները, քաղաքացիական օբյեկտները՝ կասկած հայտնելով, թե գուցե Պուտինին պետք չէ պատերազմի կանգնեցում: Չնայած այդ հայտարարությանը, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթկոֆը շարունակում է կայուն պարբերականությամբ այցելել Մոսկվա և հանդիպել ՌԴ նախագահի հետ: Թրամփի պաշտոնամուտից ի վեր չորորդ այցը տեղի ունեցավ ապրիլի 25-ին:
Իրավիճակի ինդիկատորը, թերևս, այդ այցերն են, քան հայտարարությունները: Քանի դեռ այդ այցերը շարունակվում են որոշակի կանոնավորությամբ, իսկ զուգահեռ էլ օրինակ տեղի է ունենում Ռուբիո-Լավրով հեռախոսազրույց, ապա հայտարարությունները հիասթափության մասին, ըստ ամենայնի, ավելի շուտ ներամերիկյան սպառման համար են, լսարանի համար:
Գուցե նաև նախապատրաստելու համար ԱՄՆ այն հնարավոր որոշումը, որի մասին օրերս ակնարկել են թե՛ Ռուբիոն, թե՛ Թրամփը ինքը, որ եթե չլինի մոտալուտ համաձայնություն հրադադարի շուրջ, ապա ԱՄՆ դուրս կգա բանակցությունից, քանի որ ունի նաև այլ առաջնահերթություններ:
Չի բացառվում, որ Թրամփը նպատակահարմար չգտնելով ասել, թե հիասթափված է միայն Զելենսկուց, նաև «հավասարապես» մատնանշում է Պուտինին, սակայն քաղաքական հետնաբեմից քաջատեղյակները, թերևս, լավ են հասկանում, թե ինչպիսին է բուն վիճակը:
Իհարկե, հնարավոր է ամեն ինչ, քանի որ այդ հետնաբեմից մեր անտեղյակությունը թույլ չի տա ստույգ պնդել, թե ինչի մասին է տողատակը: Բայց այդ իսկ պատճառով առավել ճշգրիտ կամ խոսուն ցուցիչ են ռուս-ամերիկյան գործնական շփումները:
Իսկ դրանք շարունակվում են կայուն պարբերականությամբ, հետևաբար առնվազն Մոսկվայի հետ շփումների առումով գործնական պատկերը, կարծես թե, այդքան էլ Թրամփի հիասթափության մասին չէ:
Փոխարենը, Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ օրինակ Դոնալդ Թրամփը ապրիլի 25-ին Վատիկանում շփվեց ընդամենը մի քանի րոպե՝ դեմ դիմաց՝ չցանկանալով անգամ, որ դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Եթե ԱՄՆ կայացնի բանակցության սեղանը լքելու որոշում, ապա այդ պարագայում առանցքային ինտրիգը կմնա այն, թե արդյո՞ք ԱՄՆ կլքի նաև մարտադաշտը:
Որովհետև, եթե դա տեղի չունենա, ապա կստացվի, որ Ռուսաստանի հետ երկխոսության փոխարեն Թրամփը մտնում է Ռուսաստանի հետ պատերազմի ակտիվ փուլ: Մյուս կողմից, սակայն, հնարավոր է, որ ֆորմալ շարունակելով մնալ Ուկրաինայի աջակից, ԱՄՆ այդուհանդերձ ավելի շուտ կաջակցի Ռուսաստանին՝ ստեղծելով հարվածներն առավել ուժգնացնելու «լեգիտիմ» առիթ և ակնկալելով այդ կերպ կոտրել Զելենսկու, իսկ հնարավոր է՝ նրա չհանձնվել հորդորող Եվրոպայի դիմադրությունը:
Բաց մի թողեք
Ինքնին քաղաքական ակցիա է, հետևաբար քաղաքական ռիսկ
ԱՄՆ-ը կմիանա՞ Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցներին
Պուտինը փորձում է խաղալ․ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար չի ուրվագծվում