13/05/2025

Դարձյալ Մինսկի խմբի լուծարման մասին

Հայաստանի վարչապետն իր վերջին ելույթներից մեկում հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշումը Ադրբեջանի հետ համաձայնեցված խաղաղության եւ միջպետական հարաբերությունների կարգավորման նախագծի ստորագրման հետ միաժամանակ։

Սակայն դրա համար անհրաժեշտ է վստահ լինել, որ Մինսկի խմբի լուծարումը չի նշանակում Ադրբեջանի տարածքում հակամարտության ավարտ, բայց դրա տեղափոխում Հայաստանի տարածք։

Այս հայտարարությունը վկայում է առ այն, որ Հայաստանի իշխանությունները սկսում են հասկանալ, որ Ադրբեջանի հետ (ինչպեսեւ՝ Թուրքիայի) խաղաղ հարաբերությունների հեռանկարը չի առնչվում Լեռնային Ղարաբաղին (ժամանակավորապես հանգիստ թողնենք Արցախ եզրույթը՝ շարադրանքը պարզեցնելու համար)։

Բայց ԵԱՀԿ(Խ) Մինսկի խումբը Ադրբեջանի հետ գործարքի շրջանակում լուծարելու պատրաստակամությունը, կարծես թե, հապճեպ քայլ է, քանի որ նման քայլը նշանակում է Ադրբեջանին թողնել ԼՂ հակամարտության շրջանի իրավական փաստարկների ողջ զինանոցը: Չէ՞ որ Ադրբեջանի առանցքային հանցագործությունների միակ վկան միջազգային այս կառույցն է:

Այնպիսի իրավիճակում, երբ միջազգային հարաբերություններում հաստատվում են ուժի գերակայությունն ու աշխարհի արմատական վերաբաժանումը, հանցագործությունների այդ ապացույցների զինանոցի զիջումը ուղիղ ճանապարհ է հարթում հակամարտությունը Հայաստանի տարածք տեղափոխելու առջեւ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն արդարացնում է իր ողջ ծավալապաշտական քաղաքականությունը միայն մեկ կեղծ փաստարկով: Այն է՝ «Հայաստանի կողմից երեսուն տարի Ադրբեջանի տարածքի 20%-ի օկուպացիան»։

Իսկ թե ինչի արդյունք էր նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքի մի մասի կորուստը, վկայում են ԼՂ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ու դրա հետեւանքով նրա կրած պարտության մասին փաստերը։

Մերկապարանոց չլինելու համար պետք է հակիրճ մեջբերել Լեռնային Ղարաբաղի շուրջ առճակատման պատմության կարեւորագույն պահերը, որոնք պարզ ցույց կտան, թե ով է միջազգային իրավունքի խախտողն ու ագրեսորը։ 1992թ. հունվարի 30-ին ԽՍՀՄ-ի փլուզմամբ՝ անկախություն ձեռք բերած Հայաստանն ու Ադրբեջանը (դեռեւս ճանաչված մի քանի երկրի կողմից), միացան Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության խորհրդակցության (ԵԱՀԽ) աշխատանքներին, ինչը նշանավորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկիզբն այս միջազգային կազմակերպության շրջանակներում։

Դրանից մեկ օր անց՝ 1992-ի հունվարի 31-ին, ԵԱՀԽ ԱԳ նախարարների խորհուրդը Փարիզում կայացած նիստում որոշեց իր զեկուցողներին ուղարկել ղարաբաղյան հակամարտության գոտի։ Այս առաքելությունից հետո փետրվարի 28-ին ԵԱՀԽ բարձրաստիճան պաշտոնյաների կոմիտեն (CSSO) փորձեց հասնել Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակման եւ հրադադարի:

Նրա դիմումները ոչ մի ազդեցություն չունեցան։ Այնուհետեւ մարտի 13-ին կայացած նիստից հետո ՔՀԿ-ն դիմեց ԵԱՀԽ խորհրդին՝ առաջարկելով գործող նախագահին, որքան հնարավոր է շուտ, ԵԱՀԽ-ի հովանու ներքո հրավիրել համաժողով Ղարաբաղի վերաբերյալ:

Ամենակարեւոր հանգամանքն այն է, որ 1992թ. հունվարի 30-ին Ադրբեջանը եւ Հայաստանը ԵԱՀԽ-ում ընդունվեցին նույն օրը։ Միաժամանակ այս պետությունների ինքնիշխանությունը ճանաչվեց ԵԱՀԽ-ի կողմից՝ պայմանով, որ նրանք ընդունեն Լեռնային Ղարաբաղի սեփականության վերաբերյալ տարաձայնությունների առկայության փաստը եւ համաձայնություն, որ ԼՂ-ի ապագա կարգավիճակը կորոշվի ԵԱՀԽ-ի հովանու ներքո կայանալիք խաղաղ համաժողովում։

Բավական է կարդալ ԵԱՀԽ 1992թ. մարտի 24-ի ԵԱՀԽ խորհրդի Հելսինկիի լրացուցիչ նիստի եզրակացությունների ամփոփագրի մի քանի դրույթներ՝ համոզվելու մեր ներկայացրած փաստարկների վավերականության մեջ։

Այսպիսով՝ ա/ «Նախարարները համակարծիք են եղել, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջը պահանջում է ԵԱՀԽ-ի հետագա գործողությունները». բ/ «Նախարարներն իրենց հաստատուն համոզմունքն են հայտնել, որ ԵԱՀԽ-ի հովանու ներքո անցկացվող Լեռնային Ղարաբաղի խորհրդաժողովը մշտական ֆորում կապահովի ճգնաժամի խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԽ սկզբունքների, պարտավորությունների եւ դրույթների հիման վրա բանակցությունների համար». գ/ «Նախարարներն ի գիտություն են ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնառությունը՝ լիակատար աջակցություն ցուցաբերելու ԵԱՀԽ Խորհրդի առաքելությանը տարածաշրջանում, ինչպես նաեւ ԵԱՀԽ-ի խորհրդի կողմից համաձայնեցված այլ գործողություններին եւ կոչ են արել երկու երկրներին ակտիվորեն իրականացնել այդ հանձնառությունը՝ տեւական խաղաղ կարգավորման հասնելու նպատակով»։

Ինչպես տեսնում ենք, հակամարտության բնութագրումը ոչ մի կերպ չի կապում ԼՂ-ի պատկանելությունը Ադրբեջանին. որոշման բոլոր կետերը պարունակում են «Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ» արտահայտությունը։ Ըստ այդմ, 1992թ.-ին՝ ընդունելով Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման խնդրի գոյությունը, Ադրբեջանը միջազգային հանրության առջեւ ճանաչեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության իրավասության բացակայության փաստը։

Առավելագույն իրավունքը, որ Ադրբեջանը ստացել է միջազգային հանրությունից իր ինքնիշխանության ճանաչման ժամանակ, դա ԼՂ կարգավիճակի որոշման բանակցություններին ԵԱՀԽ-ի հովանու ներքո անցկացվող միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցելու իրավունքն էր։ Նույն իրավունքը ճանաչվեց նաեւ Հայաստանի համար։

Այդ իրավունքը ստանալու համար Ադրբեջանը միջազգային պարտավորություն է ստանձնել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Այստեղ տեղին է նշել մի կարեւոր քաղաքական հանգամանք. շահագրգիռ երկրները՝ Ռուսաստանը եւ Թուրքիան, նույնպես ճանաչեցին ԵԱՀԽ Մինսկի խմբի պայմանները։

Այսինքն՝ Ադրբեջանի հետ միասին Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման հրամայականը ճանաչվել է նաեւ այն երկրների կողմից, որոնք ամենամեծ ազդեցությունն ունեն հակամարտության իրավիճակի վրա։ Սակայն ԵԱՀԽ-ին անդամակցած Ադրբեջանը անմիջապես խախտեց միջազգային իր պարտավորությունները։

ԼՂՀ-ի ադրբեջանական բնակավայրերը վերածելով ռազմական հենակետերի, Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ստեփանակերտը եւ Լեռնային Ղարաբաղի մյուս բնակավայրերը սկսեցին հրետակոծվել խոշոր տրամաչափի հրետանուց: Ամբողջական տրանսպորտային շրջափակման մեջ գտնվող ԼՂ ժողովուրդն իրացրեց ինքնապաշտպանության իր իրավունքը։

Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան հանգեցրեց նրան պարտության։ Արցախի Հանրապետությունը (ԼՂՀ) դե ֆակտո առաջացել է 1992-94 թվականների Ղարաբաղյան առաջին պատերազմում տարած հաղթանակի արդյունքում։

Նախկին Ադրբեջանական ԽՍՀ բնակչության տարանջատում տեղի ունեցավ էթնիկ սկզբունքով: ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի շփման գիծը միջազգայնորեն ճանաչվեց. փաստորեն նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում երկու անկախ սուբյեկտ էր ձեւավորվել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը։ 1994թ. մայիսի 12-ի զինադադարը Ադրբեջանի Հանրապետության եւ ԼՂՀ-ի միջեւ կնքվել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ։

Կարեւոր է նշել, որ միջազգային ոչ մի փաստաթղթում չկա հայտարարություն, որ պատերազմի ընթացքում կորցրած տարածքներն օկուպացված են ՀՀ-ի կողմից։ Չկան նաեւ պնդումներ, որ ԼՂ ինքնապաշտպանական ուժերը կազմավորվել են Հայաստանի կողմից։ Այս փաստը հեշտությամբ բացատրվում է նրանով, որ մինչեւ 1992թ. մայիսին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման ճեղքումը, ԼՂՀ-ն խստորեն մեկուսացված էր Հայաստանից։

Ստեփանակերտի օդանավակայանում կար միայն սահմանափակ օդային հաղորդակցություն, որն ամբողջությամբ խորհրդային եւ ադրբեջանական ներքին զորքերի վերահսկողության տակ էր։

Լեռնային Ղարաբաղն իր ինքնապաշտպանական ուժերի համար զենք է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը՝ իր տարածքում տեղակայված խորհրդային զորամասերից։ Իսկ ծանր տեխնիկայի մեծ մասը ինքնապաշտպանական ուժերը գրավել են ադրբեջանական զինուժից՝ մարտական գործողությունների ժամանակ։

Այդ հանգամանքն արտացոլվել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերում, որտեղ Հայաստանի դերը հակամարտությունում գնահատվել է որպես ԼՂ-ի վրա ազդեցություն ունեցող կողմ։ Այս նույն բանաձեւերով ճանաչվում էին ԼՂ ինքնապաշտպանական ուժերը եւ նախկին ԼՂԻՄ տարածքում վերահսկողություն սահմանելու նրանց իրավունքը։ ԼՂ-ի ապագա կարգավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը ԵԱՀԿ(Խ)-ի դիրքորոշումից տարբերվող ոչինչ չեն նշում։

ԵԱՀԿ Մինսկի խումբը քառորդ դար երբեք չի դատապարտել Ադրբեջանի կոպիտ խախտումները. նաեւ չդատապարտեց 2020-ի նոր ագրեսիան: Այնուամենայնիվ՝ ընդունելով նոր իրողությունները, ԵԱՀԿ(Խ) Մինսկի խումբը մնում է որպես Ադրբեջանի շատ հանցագործությունների փաստերի լուռ պահապան:

Ընդ որում մնում է՝ խախտելով հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու՝ 1992թ.-ի պարտավորությունն ու դրանով իսկ ստեղծելով հումանիտար աղետ տարածաշրջանում, խաթարելով միջազգային կոնֆերանսը, կատարելով վեճի առարկայի անեքսիա՝ ԼՂ-ում ուժային գործողությունների եւ էթնիկ զտումների միջոցով:

Մանվել Սարգսյան