Տարին մեկ անգամ ամբողջ հայությունը միաբանվում է։ Ջահերով երթ, ապա Ծիծեռնակաբերդ… Ապրիլի 24-ի հիշողությունը, այդ օրվա պահանջատիրության ահազանգը, ուրացության մերժումը դղրդացնում են երկիրը, ապա՝ մարում։
Եթե տարվա մյուս օրերում չմարեր Հայոց ցեղասպանության հիշողությունը, ապա անուշադրության չէին մատնվի Ցեղասպանության նյութերի ոչնչացումը, դրա մասին գրական ստեղծագործությունների հեռացումը դասագրքերից, չէր հանդուրժվի ուրացումը ցեղասպանության, չէր անտեսվի պետական մակարդակով հայտարարությունը, որ ցեղասպանությունը երկրի առաջնահերթություններից չէ, չէին հանդուրժի պատմության խեղաթյուրումը՝ անգամ Արեւմտյան Հայաստանը դարձնելով Արեւմտյան Անատոլիա։
Հայության ո՞ր հատվածն ըմբոստացավ, երբ պետության «ճակատից» վերցրին Արարատը, որ Հայոց ցեղասպանության դարավոր վկան էր։
Արցախ հանձնեցին՝ 120 հազար մարդու կանգնեցնելով մի նոր ցեղասպանության սպառնալիքի տակ, այս օրերին էլ վերեւներից ուղղորդվող արցախատյացության «հովանու տակ ենք»։
Ե՞րբ ենք համախմբվելու այսպես՝ Ապրիլի 24-ի նման, որ թույլ չտանք հայրենիքի կորուստ, որ այլեւս չտեսնենք թշնամու պահանջների կատարման ստրկական հնազանդություն, որ այսուհետ չառերեսվենք մուրացվող խաղաղության, որ այլեւս չհանդուրժենք 110 տարվա Հայոց ցեղասպանության ուրացում, որ…
Տարվա մեջ մեկ օր պահանջատեր ենք, համախմբված, միասնական՝ 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակի խնկարկումով, երբ ամեն օր ենք կորցնում՝ մաս-մաս, հատիկ-հատիկ ու անվերադարձ։ Տարվա բոլոր օրերին մենք չտեսնելու ենք տալիս բոլոր կորուստները, վախենում անգամ «Արցախ» անվան գործածությունից, նրա սրբացված դրոշից։
Ապրիլի 24-ին, միայն այդ օրը մենք ուժ ենք ստանում, այնքան շատ, որ աշխարհին ի տես` թշնամի երկրների դրոշներն ենք վառում։
Ինչո՞ւ է հետո մարում մեր ոգին, մեր արդար պայքարը, գուցե այստե՞ղ է մեր տկարությունը, մեր վաղվա հավատի կորուստը:
Ե՞րբ ենք թափ տալու մեզ, միաբան դառնալու, երկիրը դղրդացնելու մեր անկոտրում հաստատակամությամբ, սահմանների անձեռնմխելիությամբ զգոնության կոչ հնչեցնելու դարավոր հայ ազգի հավերժության մասին:
Բաց մի թողեք
Ադրբեջանը կարող է, թե՝ արդեն հրահրում է պատերազմ Հնդկաստանի ու Պակիստանի միջև
Որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում․ Արմեն Գրիգորյան
Գործող իշխանությունը «մեզնից խլել է տոները»՝ մայիսյան եռատոնի կորստի մասին և ոչ միայն