21/05/2025

Ո՞ր «խոհանոցում է եփվում արյունալի ճաշը, արդեն պատկան մարմինների խնդիրն է

Մայիսի 21-ին սպառվում են Արցախի նախագահի և Ազգային ժողովի լիազորությունները: 2017 թվականի սահմանադրական փոփոխություններով նախագահի և խորհրդարանական վերջին ընտրություններն անցկացվել են նույն օրը:

Մոտ երկու շաբաթ առաջ մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ սահմանադրական փոփոխություններ է ընդունել: Ըստ նույն աղբյուրի՝ այդ օրինագիծը Գերագույն դատարանի կողմից ճանաչվել է սահմանադրությանը չհակասող:

Մոտեցումն այն էր, որ օրինագիծը պետք է անցնի երկրորդ և վերջնական ընթերցում, նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից ստորագրվի և մտնի ուժի մեջ: Որքանով հասկացվում էր, խոսքը նախագահի և Ազգային ժողովի լիազորությունների երկարաձգման մասին էր, իսկ հիմնավորումն այն էր, որ բռնատեղահանությունից հետո նոր ընտրությունների անցկացումը հնարավոր չէ: Ի՞նչ փուլում է իրավական այս խնդրահարույց գործընթացը, հայտնի չէ:

Դատելով հաջորդած տեղեկատվությունից՝ Ստեփանակերտի վերնախավն այդ տարբերակը «դրել է գզրոցում»: Այս ենթադրությունն ամրապնդվում է նրանով, որ անցյալ շաբաթ Սամվել Շահրամանյանը լրագրողներին ասել է, որ նախագահի թեկնածու առաջադրվելու հարցում վերջնական որոշում չունի, քաղաքական ուժերի և հանրային շրջանակների հետ քննարկումներ է ունենում: Այլ աղբյուրներ ասում են, որ Շահրամանյանը կառաջադրվի մի դեպքում, եթե ԱԺ բոլոր խմբակցություններն իրեն ընդունեն որպես միասնական թեկնածու:

Վերջին օրերին սոցիալական մեդիայում վարկած է շրջանառվել, որ Արցախի նախագահի թեկնածու կառաջադրվի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, իսկ նրա մրցակից կլինի տարածքային կառավարման նախկին նախարար Հայկ Խանումյանը: Խանումյանն այդ տեղեկությունը հերքել է և ասել, որ պետական պաշտոնի կձգտի «միայն Արցախ վերադառնալուց հետո»:

Որ Արցախի սահմանադրության փոփոխությունների, նախագահի ընտրության, թեկնածուների մասին տեղեկատվական հոսքերն իրականության հետ հեռավոր աղերս ունեն, դիտողունակ մարդու համար պարզ է:

Որ նախաձեռնությունները ոչ միայն փաստացի իրավիճակի տրամաբանությանն են հակասում, այլև Արցախի սահմանադրության, նույնպես ակնհայտ է: Ստացվում է «մեծ աղմուկ՝ ոչնչից», որ, սակայն, ամենևին էլ «ոչնչի» մասին չէ:

Արցախի նախագահի ընտրության անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ եթե Բաքվում ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան» կառույց, ապա Երևանում էլ պետք է պահպանվեն Արցախի պետական ինստիտուտները:

Քաղաքական այս խոսույթի նպատակը հասկանալի է. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում կա մի կառավարություն, ուստի բռնատեղահանված հարյուր քսան հազար մարդուն պետք է ներշնչել, որ Հայաստանը ոչնչացնում է Արցախի պետական կառույցները, պետք է պայքարել, որ դա տեղի չունենա:

Արցախի պետական ինստիտուտները լուծարված են Սամվել Շահրամանյանի 2023 թվականի սեպտեմբերի 28-ի հրամանագրով, որը նա վերահաստատել է արդեն գտնվելով Երևանում, երբ նոր հրամանագիր է ստորագրել, որ նրանց լիազորությունները 2024 -ի հունվարի 1-ից դադարում են:

«Արդարություն» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ պետք է պահպանվի Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մանդատը, որ միջազգայնորեն ճանաչված է: Սա ռացիոնալ մոտեցում է, որ զարգացնելու կարիք ունի:

Բայց կա՞ այդ խնդրի ակտուալացման քաղաքական շահառու: Ըստ երևույթին՝ ոչ: Սոցիալական մեդիայում Pap tagavor օգտատերը մի «վերլուծություն» է հրապարակել, ըստ որի՝ Արցախի նախագահի «չարատավորված թեկնածու» Վիտալի Բալասանյանի դեմ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը «խարդավանքներ է հյուսում»:

Օգտատիրոջ «վստահելի աղբյուրների» փոխանցմամբ՝ Բալասանյանի մրցակից կլինի «իջևանցի Հայկ Խանումյանը, որ Նիկոլ Փաշինյանի բարեկամն է, արցախցիները կբաժանվեն երկու ճամբարի, Երևանում անկարգություններ կսկսվեն, և Ալիևն առիթը կօգտագործի ու պատերազմ սկսի»:

Սա արդեն, երևի, «մեծ աղմուկ՝ ոչնչից»-ը ներքաղաքական խնդիրների լուծման գործիք դարձնելու անոնս է: Ո՞ր «խոհանոցում է եփվում արյունալի ճաշը, արդեն պատկան մարմինների խնդիրն է: