Հանրությունը բուռն քննարկում է նախօրեին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցածը, երբ վարչապետ Փաշինյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերից, հունից դուրս եկավ ու աչքի ընկավ բավականին նյարդային պահվածքով, ինչը վերածվեց նրա և ընդդիմադիր պատգամավորների միջև լեզվակռվի, որը անգամ կարող էր հասնել ֆիզիկական «շփումների»:
Պատկերի վերաբերյալ մեկնաբանությունների գերակշռող մասը պայմանավորված է հանրության այս կամ այն խմբի՝ Փաշինյանի հանդեպ վերաբերմունքով, կամ խորհրդարանական ընդդիմության հանդեպ վերաբերմունքով:
Գործնականում, խորհրդարանում թերևս արտահայտվեց առաջիկա խորհրդարանական ընտրության «մինի-մոդելը», այն տրամաբանության համատեքստում, որ կարտացոլվի ընտրական պրոցեսում:
2021 թվականի «պողպատե մանդատի» կամ «մուրճի» նոր եթերաշրջանը կլինի խորհրդարանի նոր ընտրությունը, գուցե փոքր-ինչ այլ «դիալոգներով», բայց թերևս նույն հերոսներով և սյուժետային նույն գծով:
Այդ գոտին հարմարավետ է գործնականում բոլոր հիմնական խաղացողների համար և թերևս կասկած չկա, որ խաղն ընթանում է լռելյայն փոխհամաձայնությամբ, երբ մասնակիցներին միավորում է մեկ ընդհանուր շահ՝ թույլ չտալ խաղի տրամաբանության, սյուժետային գծի փոփոխություն:
Դա կարող է առաջացնել անկանխատեսելիություն, իսկ անկանխատեսելիությունը ցանկալի չէ, որովհետև կառաջացնի դիսկոմֆորտ, կքանդի հարմարավետության այն գոտին, որում 2021 թվականից ի վեր տեղավորվել է Հայաստանի հիմնական քաղաքական դաշտը:
Եվ դարձյալ, Հայաստանի համար գլխավոր հարցն այլ տեղ է՝ կլինի՞ այնպիսի քաղաքական պրոցես, որի դերակատարները կարող են հանրությանը մատուցել բովանդակային առումով այլ մակարդակի սյուժետային գիծ, հետևաբար պատկերային առումով այլ տրամաբանության եւ որակի խաղ:
Տարածված մտայնություն կա, որ հանրությունը պահանջում է հենց այն, ինչ առաջարկում են: Իրականում, սակայն, այո՛, հանրության մի ստվար մաս սպառում է հենց այն, ինչը նրան մատուցվեց նախօրեին խորհրդարանում:
Բայց, նաև հրապարակվող ամենատարբեր սոցհարցումները վկայում են մի բան, որ հանրության մեծամասնությունը դուրս է այդ ամենից, չի վստահում այդ ամենին, անտարբեր է քաղաքականության նկատմամբ:
Հետևաբար, սա նոր որակի պոտենցիալ պահանջարկ է, որը բավարարողն է պետք, բայց գործնականում բավարարողը, այսինքն` իրական և համոզիչ առաջարկ ներկայացնողն է պետք, որպեսզի փոխվի հայաստանյան ներքաղաքականության «դժգույն» պատկերը:
Բաց մի թողեք
Մերձավոր Արևելքում անվտանգության ճարտարապետության փոփոխությունն ու Հայաստանը
Ի՞նչ նպատակ է հետապնդում «կարող էինք ավելի լավ պայմաններով զինադադար ունենալ, բայց Փաշինյանը մերժեց» քարոզչությունը
Երևանում տոնում ենք Եվրոպայի օրը․ Հայաստանը Եվրոպա է և ․․․ վերջ