15/05/2025

Նոր Պապը Ավգուստինյան է, և ինչը հետաքրքիր է՝ պատկանում է միաբանության «աղքատության ուխտին»

Վատիկանում մեկնարկած կարդինալական կոնաձևը մեկ օր անց՝ երկու անհաջող փորձից հետո, երրորդ փորձից ընտրեց Հռոմի նոր Պապին: Սուրբ Աթոռի 267-րդ գահակալը առաջին անգամ Հյուսիսային Ամերիկայի, իսկ ավելի կոնկրետ՝ ԱՄՆ ներկայացուցիչ է:

Նոր Պապ է ընտրվել կարդինալ Ռոբերտ Պրևոստը, որը մինչ այդ Վատիկանի պապական ադմինիստրացիայում զբաղեցրել է եպիսկոպոսների գորշերով զբաղվող բյուրոյի պրեֆեկտի պաշտոնը:

Նոր Պապը իր համար վերցրել է Լեո 14-րդ անունը: Մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել էր լուսանկար-կոլաժ, որտեղ ինքն էր՝ Հռոմի Պապի հանդերձանքով: Դա, անկասկած, պատահական կոլաժ չէր, այլ մեսիջ պարունակող հանգամանք, ինչին նաև անդրադարձա այդ առիթով: Եվ ահա, այժմ ամեն ինչ շատ ավելի պարզ է:

Կաթոլիկ եկեղեցու և Վատիկանի նոր առաջնորդի հարցը, անշուշտ, լինելու էր նաեւ մեծ քաղաքական պայքարի առարկա, որովհետեւ 1,5 միլիարդ կաթոլիկների հոգևոր առաջնորդը անկասկած՝ չունենալով դիվիզիաներ, այդուհանդերձ ունի ահռելի ազդեցություն ոչ միայն հոգևոր, այլ նաև միջազգային տնտեսա-քաղաքական գործերի իմաստով:

Հետևաբար, այն պայքարը, որ կաթոլիկ աշխարհի այսպես ասած ծանրության կենտրոն եվրաատլանտյան միջավայրում ընթանում էր քաղաքական իմաստով՝ ԱՄՆ-ում իշխանության եկած աջ-պահպանողականության և ուլտրաազատական-ձախ դիրքավորման ու պատկերացումների բևեռների միջև, անշուշտ արտացոլվելու էր Սուրբ Աթոռի գահակալի համար պայքարում: Պետք է ասել թերևս, պայմանական իմաստով, որ Թրամփը հաղթեց այդ ընտրությունը:

Հաղթեց ճակատամարտը միայն, թե՞ սա ավելին էր, քան տարկտիկական հաջողություն, թերևս կերևա ժամանակի ընթացքում: Ինչպես հայտնի է, Ֆրանցիսկոս Պապը պատկանում էր ճիզվիտական միաբանությանը:

Նոր Պապը Ավգուստինյան է, և ինչը հետաքրքիր է՝ պատկանում է այդ միաբանության «աղքատության ուխտին»: Դրա փիլիսոփայությունը ունեցվածքից և սեփականությունից հրաժարվելն է, այսպես ասած՝ ողորմությամբ ապրելը:

Իհարկե, որքանով է նոր Պապը փորձելու Սուրբ Աթոռը բերել իր դավանած փիլիսոփայությանն ու արժեհամակարգին, դեռ պետք է տեսնել, իսկ հնարավոր է, որ շատ պրոցեսներ ծավալվեն հետնաբեմում:

Մի բան կասկածից վեր է, որ, ինչպես շարունակվելու է պայքարը երկու բևեռների միջև եվրաատլանտյան միջավայրում հետայսու, այդպես էլ դրա ազդեցությունը իր վրա զգալու է բնականաբար Վատիկանը: